Հայ առաքելական եկեղեցին այս տարի Ծաղկազարդը կնշի ապրիլի 1-ին: Այս մասին տեղեկացանք Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից: Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո մատուցվում է պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ձիթենու կամ ուռենու ոստերն ու բաժանվում ժողովրդին:
Ծաղկազարդի օրը Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկները բացականչում էինՙ «Օրհնություն Դավթի որդուն»: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:
Ի. Պ.