Իրաքի մայրաքաղաքում երեկ ավարտվել է Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովը, որի գլխավոր թեման Սիրիայի իրադրությունն էր: Լիգայի երկրների ղեկավարները իրենց հանդիպման վերջում ընդունել են համատեղ հայտարարություն, որն արդեն հայտնի է «Բաղդադյան հռչակագիր» անունով:
Կազմակերպության նախորդ հայտարարությունների համեմատությամբ այս փաստաթուղթն աչքի է ընկնում ավելի զուսպ ոճով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ «հռչակագրի» հիմքում Սիրիայի գծով ՄԱԿ-ի եւ լիգայի հատուկ դեսպանորդ Կոֆի Անանի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագիրն է: Արաբական լիգան Դամասկոսից պահանջում է «լուրջ երկխոսություն» սկսել ընդդիմության հետ: «Հռչակագիրը» չի պահանջում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը եւ շեշտում է երկրի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիությունը:
Գագաթաժողովի անցկացման ժամանակ Բաղդադի փողոցներում հերթապահություն էին անում ուժային կառույցների մոտ 100 հազար աշխատակիցներ: Եվ այդուհանդերձ միջադեպեր արձանագրվեցին: Այսպես, երեկ Բաղդադի վարչական թաղամասի մոտակայքում որոտացել է երկու պայթյուն: Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: