«Ադրբեջանի` Հայաստանի հանդեպ բոլոր պահանջները հենվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի չորս բանաձեւերի վրա»,- սա քաղաքագետ եւ Միլլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհդարանական կապերի հանձնաժողովի անդամ Ռասիմ Մուսաբեկովի արձագանքն է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի դիտարկմանը, թե «Բաքուն եւ Անկարան փորձում են միակողմանի զիջումներ պարտադրել»:
Պարզվում է` բանակցություններում Ադրբեջանը հանդես է գալիս որպես «պահանջատե՞ր»: Համենայն դեպս, կարծում ենք, որ Մուսաբեկովի խոսքում «պահանջներ» ձեւակերպումը պատահական չէ: Մանավանդ որ նա նաեւ ասում է, որ Ադրբեջանը «Մինսկի խմբից չի հրաժարվում, բայց պահանջելու իրավունք ունի»: Ստացվում է, որ Մինսկի խումբն Ադրբեջանում ընկալվում է որպես «պատժիչ մահակ», որը «պետք է հայկական կողմերին պարտադրի, որպեսզի ընդունեն Բաքվի պահանջները եւ կատարեն»:
Մենք արդեն առիթ ունեցել ենք մեկնաբանելու, որ ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերից եւ ոչ մեկը Հայաստանին որեւէ պահանջ չի ներկայացնում: Մինսկի խումբը ձեւավորվել է ՄԱԿ-ի հովանավորությամբ: Ուստի ինքն էլ իրավասու չէ պահանջ ներկայացնելու, քանի որ նրա մանդատը միայն միջնորդական է:
Զարմանալի է, որ լինելով նույն Մինսկի խմբի անդամ, Ադրբեջանն անցած 20 տարիներին այդպես էլ չի հասկացել, որ միջազգային, միջպետական, նաեւ` Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերություններում «պահանջներ» ասվածը տեղի ունենալ չի կարող: Դիվանագիտությունը եւ «պահանջատիրությունը» պարզապես անհամատեղելի են:
Մուսաբեկովը, մինչդեռ, շարունակում է Մինսկի խմբից «պահանջել, որ միջնորդական ջանքերը բերեին ինչ-որ արդյունքների»: Ասվածը կարելի է հասկանալ այն իմաստով նաեւ, թե Ադրբեջանն ակնկալում է, որ Մինսկի խումբը պարտադրեր, որպեսզի Իլհամ Ալիեւը Կազանի հանդիպմանն անսպասելիորեն «շուրջ մեկ տասնյակ նոր առաջարկություններ չաներ»: Այդ դեպքում, թերեւս, Ռուսաստանի նախագահի միջնորդությունը «կբերեր ինչ-որ արդյունքների», եւ բանակցային գործընթացը տեղապտույտի չէր մատնվի: Չէ՞ որ հատկապես նրա մասին են միջնորդներն ասել, որ «Կազանում հետընթաց է տվել»:
Գուցե Մուսաբեկովը դժգո՞հ է Իլհամ Ալիեւից: Բայց ինչո՞ւ է դա փորձում քողարկել Մինսկի խմբի հասցեին անհիմն կշտամբանքով: Իրականում Ադրբեջանը սպասում է ինչ-որ հրաշքի, երբ միջազգային միջնորդները Լեռնային Ղարաբաղում «կստեղծեն Պոլյանիչկոյի կազմկոմիտեն եւ զենքի ուժով կվերահաստատեն սահմանադրական կարգը»:
Ցավալի է, որ այդպես է: Մյուս կողմից էլ, սակայն, Բաքվում ինչքան շատախոսում, այնքան բացահայտվում են որպես ոչ ադեկվատ իշխանություն: Պետք է հուսալ, որ Մինսկի խումբն ու հատկապես համանախագահ երկրներն Ադրբեջանի այդ կեցվածքը կգնահատեն ըստ արժանվույն: