ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի ատենապետ Հակոբ Տեր-Խաչատուրյանի նախագահությամբ երեկ սկսվեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի եռօրյա խորհրդաժողովը, որին աշխարհի 30 հանձնախմբերից մասնակցում էին 25 հանձնախմբի 60 ներկայացուցիչներ: Այս խորհրդաժողովը Երեւանում գումարվող չորրորդն է, որի հրամայականն, ըստ ՀՅԴ Հայ դատ հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի, Արցախի խնդրով եւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցով մի նոր հանգրվանի խնդիրների վերհանումն է նոր քայլերի ձեռնարկման գիտակցմամբ. Արցախի անկախության ճանաչումը տարբեր միջոցներով նախ, ապա եւ` հատուցման հարցի հետ կապված` հատուցման փաթեթի ձեւավորումն է, որը տարբեր շրջանակներում արդեն սկսել են քննարկել: ՀՅԴ-ն ձեւավորել է մասնագետների խումբ, որ 2007 թվականի դեկտեմբերից այդ ուղղությամբ աշխատում է, որովհետեւ կարծես հասել է պահը ու պետք է հասկանալ, որ Հայոց ցեղասպանություն ասածը պատմական փաստի ճանաչումը չէ միայն: Պետք է պատասխանատվության ճանաչում լինի նաեւ Թուրքիայի կողմից եւ հատուցում: Մի խոսքով` այս խորհրդաժողովը կքննարկի Հայ դատի այս նոր խնդիրները, ինչպես նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերները, ներառյալ Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ մոտեցումները:
Խորհրդաժողովի բաց մասում երկու ելույթի քաղումներից գուցե ընթերցողը պատկերացում կազմի հետագա քննարկումների ուղղվածության մասին: ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր խոսքը հասցրեց նրան, որ նույնիսկ այժմ Հայաստանում եղած խորթ երեւույթների բացասական ֆոնը ցեղասպանության ածանցյալ, շարունակական հետեւանք է, հետեւաբար համակարգով է պետք այժմ աշխատել, դրսի ու ներսի խնդիրների համալիրը նկատի ունենալով. «Համարել, որ Ցեղասպանության ճանաչման համար պայքարը, Արցախի ճանաչման համար պայքարն այնքան էլ ակտուալ չեն եւ պետք է կենտրոնանալ միայն լոկալ, գավառական մակարդակի իջեցված տեղական խնդիրների վրա, արդյունք չի բերի»,- նշեց Վահան Հովհաննիսյանը` միաժամանակ նշելով երկրի ներսում խնդիրների համար պայքարելու անհրաժեշտությունը: Նա հատկապես ընդգծեց խորհրդարանական դիվանագիտության դերը, որպես օրինակ բերվեց Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ մանդատով փոխելու բանաձեւի առկայությունը, որի դեմ աշխատելու մեծ ասպարեզ կա, սակայն մեր խորհրդարանի կազմը այսօր պատրաստ չէ դիվանագիտական աշխատանքի: Մինչդեռ այսօր մեր դիվանագիտությունը, որ բախվում է մի շարք առաջնահերթ խնդիրների, նախ պետք է փաթեթով, հայեցակարգով ճշգրտի անելիքները. այնտեղ, որտեղ չի կարող պաշտոնական դիվանագիտությունը արդյունք տալ, այնտեղ խորհրդարանական դիվանագիտությանը պետք է դիմել, իսկ վերջինիս արդյունք չտալու դեպքում` ժողովրդական դիվանագիտությանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչ Արմեն Ռուստամյանը եւս նշեց, որ մարտահրավերների առումով պետք է համախմբել ուժերը, քանի որ միշտ պետք է պատրաստ լինել, որ աշխարհաքաղաքական զանազան զարգացումներով կարող են հայերիս զանազան երազներն իրականություն դառնալ: Իսկ մարտահրավերների դեմն առնելու համար համակարգում է պետք, ինչն արդյունավետ իրականացվում է Հայ դատի գրասենյակների խողովակով` ապահովելով նախաձեռնողականություն եւ անխոցելիություն: Նա նշեց, թե արտաքին քաղաքականության բաղադրիչ պետք է լինի ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլեւ հատուցման խնդիրը: Իսկ Հայ դատի բարձրացրած եւ հետապնդած խնդիրները տեղավորվում են միջազգային չափորոշիչներում` մենք չենք պահանջում ավելին, քան դրա իրավունքն ունենք:
Մ. Խ.