Քանի որ 2005-ին մշակված եւ գործող ներքաղաքային կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղային ցանցը ոչ միայն ներկայիս պայմաններին չէր բավարարում, այլեւ մայրաքաղաքում տրանսպորտով երթեւեկելը ուղիղ վտանգ էր առողջությանը, կյանքին եւ նյարդերին, քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը 2013-2015 թթ. համար նոր երթուղային ցանց է մշակել, որը նախատեսում է կրճատել միկրոավտոբուսների երթուղիներն ու միկրոավտոբուսների քանակը` ավելացնելով մեծ եւ միջին տեղատարությամբ ավտոբուսներով: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը շեշտում է, որ նոր երթուղային ցանցը մշակելիս հաշվի են առել ոչ միայն հասարակական կազմակերպությունների, այլեւ բնակչության դժգոհությունները: Օրակարգային հարցը միկրոավտոբուսների կրճատումն է: Առաջիկա 3 տարվա ընթացքում նախատեսվում է 109 միկրոավտոբուսային երթուղիների թիվը նվազեցնել` հասցնելով 76-ի: Եթե ներկայիս երթուղային ցանցով մայրաքաղաքն օրական սպասարկում է 2600 միկորավտոբուս, ապա նոր հայեցակարգով միկրոավտոբուսների թիվը կկրճատվի` հասնելով 1284-ի: Ավտոբուսային երթուղիների թիվն էլ 48-ից կդառնա 68, ավտոբուսների թիվը կհասցվի 939-ի: Ներկա դրությամբ Երեւանում կա 612 ավտոբուս: Նավասարդյանը համոզված է, որ ժամանակի ընթացքում 326 ավտոբուսների բացն էլ կլրացվի: Թեպետ գծատերերից հնչել են բազմաթիվ դժգոհություններ, սակայն քաղաքապետարանից հստակեցրել են. մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ են ավտոբուսներ: Երթուղային նոր ցանցով մայրաքաղաքի փոքր կենտրոնը վերջնականապես կազատվի միկրոավտոբուսներից: Աբովյան, Ամիրյան, Հանրապետության հրապարակ, Թումանյան, Սայաթ-Նովա, Նալբանդյան, Տերյան փողոցները կսպասարկեն միայն ավտոբուսները: Նոր երթուղային ցանցը նախատեսում է նաեւ մայրաքաղաքի տարբեր թաղամասերը միմյանց կապող երթուղիների ստեղծում: «Իհարկե, այդ խնդիրն ամբողջությամբ լուծելն անհնար է, սակայն կարողացել ենք հասցնել նվազագույնի», ասում է Նավասարդյանը:
Եթե այսօր միկրոավտոբուսներից օգտվում է երեւանցիների 75 տոկոսը, իսկ ավտոբուսներից` 15 տոկոսը, ապա նոր ցանցի գործադրմամբ միկրոավտոբուսներից կօգտվի միայն 41 տոկոսը, ավտոբուսներին նախապատվություն կտա 48 տոկոսը: Նոր երթուղային ցանցով կբեռնաթափվեն նաեւ մայրաքաղաքի գերծանրաբեռնված փողոցները: Եթե այսօր մեկ ժամում Աբովյան փողոցով անցնում է 500 միավոր հասարակական տրանսպորտ, նոր հայեցակարգով թիվը կհասնի 287-ի: Հասարակական տրանսպորտում ուղեվարձի փոփոխություն առաջիկայում նախատեսված չէ: Սահմանվել է նաեւ հասարակական տրանսպորտի չվացուցակը` միկրոավտոբուսային երթուղիներում ինտերվալը կլինի 5-7 րոպե, ավտոբուսային երթուղիներում` 8-10:
Ծրագիրը երեկ հաստատել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շուտով կսկսվի մրցույթների հայտարարման եւ կազմակերպման փուլը: Առաջին մրցույթը նախատեսված է անցկացնել մայիսին, վերջինը` նոյեմբերին:
Հ. Հ.