Ազգային ժողովում Հայաստանի նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը մոտեցող խորհրդարանական ընտրությունները բոլոր նախորդներից ավելի է կարեւորում, քանի որ Հայաստանի վրա այժմ միջազգային ուշադրությունը մեծ է, ու այնպիսի ընտրություններ պետք է անցկացվեն, որոնք բոլոր մյուս նախորդների դեպքում փաստորեն չեն ապահովվել` նախորդ ընտրություններում հնարավոր չեղավ խուսափել մարտի 1-ի անցանկալի երեւույթներից: Իսկ այս ընտրությունների ազատ-թափանցիկը պետք է, քանի որ նաեւ կարեւոր է, թե հետընտրական ինչ իրավիճակով ենք գնալու նախագահական ընտրությունների: Դրա համար ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը պետք է անեն ամեն ինչ` ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Առաջ մենքՙ լրագրողներս էինք նման բաներ գրում թերթերում, հիմա Գ. Իսագուլյանն ասաց` կա երեք Հայաստան. առաջինն իշխանական դաշտի ներկայացրածն է, երկրորդը` ընդդիմադիր դաշտինը, բայց իրականը երրորդ Հայաստանն է, որտեղ ապրում ենք մենք բոլորս: Այն ուժը, որի ծրագրերում կերեւա այդ երրորդ Հայաստանը, եւ նրա խնդիրների լուծումները կառաջարկվեն, այդ ուժն է հաղթելու խորհրդարանական ընտրություններում:
Գ. Իսագուլյանը երեկ «Հայացք» ակումբում էր լրագրողներին հանդիպել: «Ազգի» հարցին, թե ո՞ր ուժն այդպիսի հնարավորություն ունի, Իսագուլյանը ասաց` բոլորս, հետո հավելեց, որ նախ ՀՀԿ-ն է տիրապետում իշխանական, ֆինանսական եւ այլ լծակների, եւ նրա դիրքը նախընտրելի է: ԲՀԿ-ն էլ ոչ միայն ֆինանսական, այլեւ այլ լծակների նույնպես տիրապետում է, մի խոսքովՙ հիմնական ֆավորիտն այս երկուսն են իշխանական ուժերից: ՀՅԴ-ն էլ, ըստ նրա, երկար տարիների փորձով խորհրդարան մտնելու հնարավորություն ունի: «Բա ՕԵԿ-ը», հարցրին: «Իշխանական լծակ ունեցողները մեծ հնարավորություն ունեն», ՕԵԿ-ի վրա էլ հնարավորությունների վերմակը քաշեց Իսագուլյանը:
ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների մասին խոսակցություններին Գ. Իսագուլյանը հակադրեց այն միտքը, թե կոալիցիան տարբեր ուժերից է կազմվել, ու նրանց մեջ մրցակցություն, իսկապես, կարող է լինել, բայց տարաձայնությունների մասին իրեն ոչինչ հայտնի չէ: Իսկ ընտրությունների ընթացքում այս երկու ուժերի հարաբերությունները կսրվե՞ն. «Պայքարը, որքանով ներկայացվում է պայքար, իրականության մեջ որպես այդպիսին գոյություն չունի», ասաց նա` նշելով, թե դա ավելի շատ մամուլի մակարդակով է, ինչպես, ի դեպ, եւ համամասանական ցուցակների վերաբերյալ դժգոհությունը. էմոցիոնալ մակարդակում ոմանք ինչ-որ լուրերի են պատասխանում ԶԼՄ-ների ճնշմամբ, դրան հետեւում են այլ պատասխաններ, եւ այդպես շարունակ:
Հետաքրքրական է, որ Գ. Իսագուլյանն իր խոսքը չսրեց ՀԱԿ-ի հետ կապված հարցերին պատասխանելիս եւ անգամ ասաց, որ առանց բանակցությունների սեղանի շուրջը նստելու էլ կարելի է ՀԱԿ-ի հետ ինչ-ինչ հարցերում համագործակցություն: Նա օրինակ բերեց այն, որ ԲՀԿ-ն անպատասխան թողեց ՀԱԿ-ի համագործակցության առաջարկը, հարցը բաց մնաց. սա էլ Իսագուլյանը նորմալ համարեց` ո՞վ գիտե, թե դեռ էլ ինչեր կլինեն, հնարավոր էՙ երկու ուժերն էլ խորհրադարան անցնելուց հետո որպես խորհրդարանական ուժ համագործակցեն: «ՀՀԿ-ի դե՞մ», հետաքրքրվեցին. «Ինչո՞ւ «դեմ», կարծում եք ՀԱԿ-ն ու Հանրապետականը երբեք չե՞ն համագործակցել, եղել են քաղաքական խնդիրներ, երբ ՀԱԿ-ն աջակցություն է արտահայտել», ասաց:
Միաժամանակ նա ենթադրեց, որ ընդդիմությունն արդեն սցենար ունի հետընտրական վիճակը սրելու եւ ավելի հեղափոխական դարձնելու` աշխատելով պահել այն մինչեւ նախագահական ընտրություններ:
Մ. Խ.