«Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ մասնակցել է «Ընդհանուր արժեքներից դեպի ընդհանուր շահ. տնտեսական ֆրանկոֆոնիայի մարտահրավերներն ու ընձեռած հնարավորությունները» խորագրով միջազգային գիտաժողովին, որը կազմակերպել էր Հայաստանում ֆրանսիական համալսարանը:
Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանն ասել է. «Հայաստանում Ֆրանկոֆոնիայի զարգացման խնդիրները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, եւ այսօր գործնական համագործակցություն է հաստատվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ: Կարծում եմ` հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների միջեւ Ֆրանկոֆոնիայի հրաշալի ավանդույթները, Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը, որը հայ-ֆրանսիական համագործակցության փայլուն օրինակ է, կրթական, գիտական, մշակութային արդյունավետ երկխոսությունը լավ հնարավորություններ են տալիս համագործակցությունը տեղափոխել դեպի տնտեսական դաշտ»:
Արթուր Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տնտեսական խնդիրների` ինչպես օրինակ փոքր եւ միջին ձեռներեցներին հուզող խնդիրների, արտահանման հարցերի եւ տնտեսության տարբեր ճյուղերին վերաբերող հարցերի համատեղ քննարկումների միջոցով հնարավոր է աշխուժացնել կապերը եւ խթանել համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների միջեւ եւ ընդհանուր արժեքներից անցնել տնտեսական շահերի:
Գիտաժողովը կազմակերպվել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի բարձր հովանու ներքո եւ նպատակ ուներ համալսարանական, գործարար շրջանակներին իրազեկել տնտեսական ֆրանկոֆոնիայի գաղափարի եւ դրա բազմաթիվ` նորարարական, մարդկային ու սոցիալական դրսեւորումների մասին, ինչպես նաեւ բացահայտել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների միջեւ ներդրումներն ու փոխանակումները դյուրացնող միջոցները: Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, պետական այրեր, ինչպես նաեւ դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ: