Ընկերությունը տուգանվեց անբարեխիղճ մրցակցության համար
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ տեղի ունեցած նիստի ժամանակ «ՄԳԱ Վոթըր» («Մաքուր ջուր» ապրանքանիշ) ընկերության վարքագիծը շուկայում որակեց որպես անբարեխիղճ մրցակցություն` կիրառելով օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաչափ` տուգանք տարեկան հասույթի 1 տոկոսի չափով, եւ հանձնարարեց 5-օրյա ժամկետում վերացնել խախտումը:
Խմելու ջրի արտադրությամբ զբաղվող «Էվրի Դեյ» («Բյուրեղ» ապրանքանիշ) ընկերությունը հանձնաժողովին բողոք է ներկայացրել, տեղեկացնելով, որ մրցակից «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը սպառողին առաջարկում է խմելու մաքուր ջուր, սակայն ջրի հումքային ծագման մասին տալիս է ոչ ճիշտ եւ սպառողին թյուրիմացության մեջ գցող տեղեկություններ: Մասնավորապես, որ «Մաքուր ջրի» շշալցման ժամանակ օգտագործվում է ոչ թե լեռնային աղբյուրի, այլ քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուր:
Այդ բողոքի հիման վրա հանձնաժողովն ուսումնասիրել է «ՄԳԱ Վոթըրի» գործունեությունը եւ բացահայտել, որ թեեւ ընկերությունը իր արտադրատեսակի վրա եւ գովազդներում նշում է, որ օգտագործում է բացառապես Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրից հոսող ջուրը, սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Իրականում «Մաքուր ջուրը» շշալցվում է Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակներից: Հանձնաժողովի դիտարկմամբ, «ՄԳԱ Վոթըր» ընկերությունը անբարեխիղճ մրցակցության միջոցով մրցակցային լուրջ առավելություններ է ստացել: Մասնավորապես իր կողմից թողարկվող արտադրանքի վրա կատարելով ավելի քիչ ծախսերՙ հնարավորություն է ունեցել ընդլայնվելու շուկայում եւ շահեկան բիզնես ծավալելու: Ավելին, էժան ինքնարժեքի շնորհիվ շատ դեպքերում շահել է պետական գնումների մրցույթներում` առաջարկելով անհամեմատ ցածր գին: Միաժամանակ, ընկերությունն ակնհայտորեն ոտնահարել է սպառողների շահերը` նրանց գցելով շփոթության եւ թյուրիմացության մեջ:
«ՄԳԱ Վոթըրը» այս շուկայում գործող ամենախոշոր ընկերությունն է եւ 2011թ.-ին հանձնաժողովի կողմից ճանաչվել է գերիշխող դիրք ունեցող` ավելի քան 35 տոկոս մասնաբաժնով: Սակայն ներկա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկերության կշիռը շուկայում շատ ավելի մեծ է, եւ թողարկվող արտադրանքի ծավալները զգալիորեն քիչ են ներկայացվել: Մասնավորապես, «Երեւան ջրից» ստացված ջրի ծավալները համադրելով ընկերության կողմից թողարկված արտադրանքի ծավալների հետ պարզվել է, որ ընկերությունը ցույց է տալիս 55-60 տոկոսի չափով ջրի կորուստ, որն, ըստ հանձնաժողովի մասնագետների, անհնար է: Համադրվել են նաեւ ընկերության թողարկած արտադրանքի համապատասխան ծավալները այլ ընկերությունից ձեռք բերված շշերի խցանների քանակի հետ, եւ պարզվել է, որ ընկերությունը իրականում ավելի շատ արտադրանք է թողարկում, քան ցույց է տալիս:
Մնում է միայն ավելացնել, որ նման լկտիությունը, ցավոք, եզակի դեպք չէ հայկական բիզնես իրականությունում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ