«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2012-03-29 | #57, 2012-03-30 | #58, 2012-03-31


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԽՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ

Ծխելուց առաջացած հիվանդություններից Հայաստանում տարեկան 3-4 հազար մարդ է մահանում:

Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Արտեմ Բազարչյանի խոսքով` ծխելուց առաջացած հիվանդություններն ի հայտ են գալիս ծխելուց 10-15 տարի անց: Դրանցից տարածված են հատկապես թոքի քաղցկեղն ու սրտանոթային հիվանդությունները:

Հայաստանում ծխում է տղամարդկանց 52-55 տոկոսը, անուամենայնիվ, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտեմ Բազարչյանը հուսադրեց, որ ծխող տղամարդկանց թիվը վերջին 10 տարիներին նվազել է` 10 տարի առաջ 60 տոկոս էր:

Ըստ նրա` ծխող կանանց թիվն ավելի քիչ է, սակայն կանանց շրջանում ավելի շատ ծխում են երեւանաբնակները, քան մարզերում ապրողները: Երեւանում 35-55 տարեկան կանանց մեջ 6-7 տոկոսը կազմում են ծխողները:

Ինչ վերաբերում է ծխելու դեմ պայքարի օրենսդրական մեխանիզմներին, ապա հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես ունի հակածխախոտային օրենք, սակայն օրենքը խախտողների հանդեպ պատժիչ միջոցներն արդյունավետ չեն, պայքարն էլ, ինչպես տեսնում ենք, ոչ հետեւողական: Անհրաժեշտ է հետեւել, որ հասարակական վայրերում ծխելու արգելքը պահպանվի` հաշվի առնելով, որ ծխողների կողքին պարբերաբար գտնվող չծխողները, եւս ռիսկային խմբում են, հատկապես երեխաները:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4