Հայ ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում ունեցել է անհատներ, որոնց գործունեությունն ուղղված է եղել ազգին անմնացորդ ծառայելու վեհ նպատակին: Այդ անհատների համաստեղությունում ուրույն տեղ ունի Հայոց Հայրիկը` Մկրտիչ Խրիմյանը:
Հայրիկը ծնվել է Վանի շրջանի Առճակ գյուղում 1820 թվականի ապրիլի 4-ին: Սկզբնական կրթությունը ստացել է իր հորեղբոր` Խաչատուրի մոտ, այնուհետեւ ուսանել է Վասպուրականի Լիմ եւ Կտուց անապատների վանքերին կից դպրոցներում: Որոշ ժամանակ անց Հայրիկը թողնում է ուսումը, անցնում Վան եւ շուրջ հինգ ամիս շրջում Վասպուրականի բոլոր գավառները, ծանոթանալով հայրենի երկրի բնությանը, ժողովրդի կյանքին, նրա պատմաճարտարապետական հուշարձաններին: Նա ականատես եղավ հայերի նկատմամբ թուրք իշխանավորների եւ նրանց կողմից խրախուսվող քրդական ցեղերի կատարած բարբարոսություններին, մզկիթների վերածված կամ ավերակ դարձրած եկեղեցիներին: Հայ ժողովրդի մեջ սկսել էր աստիճանաբար հասունանալ զենքի միջոցով ազատություն ձեռք բերելու գաղափարը, որին նպաստում էին նաեւ Օսմանյան Թուրքիայի դեմ բալկանյան մի շարք երկրներում սկսված բուրժուա-ժողովրդավարական հեղափոխությունները: Անհրաժեշտություն էին դարձել ժողովրդին լուսավորելը եւ նրա մեջ ազգային ինքնագիտակցությունն արթնացնելը: Եվ այդ նպատակների իրագործմանն էլ նվիրաբերեց իր կյանքը մեծ հայրենասերը:
1847 թ. նա ուղեւորվում է Արեւելյան Հայաստան, լինում Էջմիածնում, Անիում, Գյումրիում, ապա անցնում է Թիֆլիս, Բաթում, գալիս Կ. Պոլիս, որտեղ մնում է մինչեւ 1850 թ.: Այստեղից Մ. Խրիմյանը ուղեւորվում է Երուսաղեմ, ապա` Կիլիկիա եւ որպես ուսուցիչ մեկ տարի աշխատում Սիսի դպրոցում:
1852 թ. Մ. Խրիմյանը վերադառնում է Վան եւ երկու տարի անց, իր ժողովրդին եւ ազգին ավելի օգտակար լինելու նպատակով, 1854 թ. փետրվարի 14-ին, Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում ձեռնադրվում է վարդապետ` կարդալով իր առաջին քարոզը եւ խոստանալով ազնվորեն ծառայել ժողովրդին: Նրա առաջին գործը եղավ Վանում դպրոց բացելու թույլտվություն ստանալը, որը, սակայն, մերժվեց Աղթամարի միաբանության կողմից: 1855 թ. նա դարձյալ Կ. Պոլսում էր եւ այստեղ հիմնադրում է «Արծվի Վասպուրական» հանդեսը: Սակայն նրա փայփայած նպատակը Աղթամար կղզում կրթօջախ եւ տպարան հիմնելն էր եւ այնտեղ հայ երեխաներ ուսուցանելը, ինչը հարկադրում է նրան վերադառնալ Վան` իր հետ տանելով տպագրական երկու մեքենա, թուղթ եւ տպագրություն կազմակերպելու այլ պարագաներ: Եվ ահա 1857 թ., վանքի ողջ միաբանության հետ, Մ. Խրիմյանը երեք ամսում կառուցում է տպարան եւ դպրոցի շենք` բոլոր հարմարություններով: Դպրոցի տեսուչը ինքը` Խրիմյանն էր: Այս դպրոցում ուսանելու էին գալիս հայ երիտասարդներ Կ. Պոլսից, Պարսկաստանից, Կովկասից: Այստեղ կարճ ժամանակով դասավանդում է նաեւ Րաֆֆին, որը նաեւ թղթակցում էր «Արծվի Վասպուրականին»:
Իր սկսած գործը ավելի լայն թափով առաջ տանելու համար 1860 թ. հունվարին Մ. Խրիմյանը Վանի հոգեւոր առաջնորդ Իգնատիոս Թոքմաջյանի, Գարեգին Սրվանձտյանցի եւ այլոց հետ ուղեւորվում է Արեւելյան Հայաստան եւ Անդրկովկասի հայաբնակ վայրերը: Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Մաթեւոս Չուխաջյանը նրան արտոնում է ազգօգուտ հանգանակություններ կատարել: Հայտնվելով Թիֆլիսում, որտեղ լավ ընդունելության է արժանանում թիֆլիսահայերի եւ Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Հասան Ջալալյանի կողմից, վարդապետը հանդիպումներ է ունենում տեղի հայ մեծահարուստների հետ, քարոզներ կարդում հայկական եկեղեցիներում: Նրա հայրենասիրական խոսքը մեծ ոգեւորություն է առաջացնում հայկական շրջաններում, նրան լսում էին հափշտակված: Ցավոք, Մ. Խրիմյանի հայրենաշունչ, համարձակ ելույթները առաջ են բերում ցարական իշխանավորների եւ որոշ հոգեւորականների դժգոհությունը: Նրանք սկսում են չարամիտ զրպարտանքներ տարածել նրա մասին եւ հասնում այն բանին, որ կաթողիկոս Մ. Չուխաջյանը պահանջում է նրա շտապ վերադարձը Էջմիածին...
1862 թ. Մ. Խրիմյանը դարձավ Տարոնի հոգեւոր առաջնորդը եւ Սբ Կարապետ վանքի վանահայրը: Նա մոտ վեց տարի վարեց այդ պաշտոնը, շրջեց Տարոնի գյուղերը, ծանոթացավ ժողովրդի վիճակին եւ այդ մասին մի քանի տեղեկագիր ուղարկեց պատրիարքարան եւ Ազգային ժողով: Տարոնում նա նույնպես հիմնեց տպարան եւ հրատարակեց «Արծվիկ Տարոնո» թերթը, որի խմբագիրը Գ. Սրվանձտյանցն էր: Ինչպես Վասպուրականում, այնպես էլ Տարոնում Մ. Խրիմյանի եւ Գ. Սրվանձտյանցի հայրենանվեր գործունեությունը ոմանք սվիններով ընդունեցին, նա նույնիսկ մեղադրվեց հակապետական գործունեության մեջ, ինչը դրդեց թուրք պաշտոնյաներին երկուսին էլ վտարել Տարոնից: 1868 թ. Խրիմյանը դարձյալ Կ. Պոլսում էր, ուր եւ հոկտեմբերին ձեռնադրվում է եպիսկոպոս: Մեկ տարի անց Ազգային ժողովը նրան ընտրեց պատրիարք: Որպես պատրիարք նրա առաջին գործերից մեկն այն եղավ, որ բոլոր ենթակա թեմերին շրջաբերականներ ուղարկեց` պահանջելով կրթել, դաստիարակել ժողովրդին եւ վերջ տալ երկպառակությանը: Դրանից հետո Արեւմտահայաստանի հայաշատ գավառներից դեպի պատրիարքարան սկսեց հոսել նամակների ու զեկուցագրերի իսկական մի հեղեղ, որտեղ ներկայացվում էր ժողովրդի անտանելի ծանր վիճակը, խնդրելով Հայրիկի օգնությունը: Այդ բոլոր նամակները նա կարդում էր, քննում բոլոր նյութերը եւ արդյունքները ներկայացնում Բարձր դուռ:
Սակայն դրանից արեւմտահայության տնտեսական կյանքում ոչինչ չփոխվեց: Մ. Խրիմյանը գիտակցում էր, որ իր ժողովրդի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի վարած քաղաքականության պայմաններում չեն կարող լուծվել շատ հարցեր, եւ որ ինքն անզոր է մեղմելու իր մարդկանց ցավը: Այդ պատճառով 1873 թ. նա հրաժարվեց պատրիարքական աթոռից, սակայն մնաց Կ. Պոլսում:
1877-78 թթ. բալկանյան պատերազմից հետո Կ. Պոլսի հայ ղեկավար շրջանները Բեռլինի կոնգրես ուղարկեցին ազգային պատվիրակություն` Մ. Խրիմյանի ղեկավարությամբ: Կոնգրեսի օրակարգում էր նաեւ Հայկական հարցը:
Սակայն պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել կոնգրեսի աշխատանքներին: Ավելին, պատերազմից հետո արեւմտահայությունը ապրեց ավելի ծանր օրեր: 1879 թ. երաշտին հաջորդած սովը ընդգրկեց Վասպուրականի ողջ ազգաբնակչությանը, եւ երբ Խրիմյանը նույն թվականի վերջերին դարձավ Վանի հոգեւոր առաջնորդը, անմիջապես լծվեց ժողովրդին սովից փրկելու գործին, կազմակերպեց պայքար հիվանդությունների դեմ: Այդ նպատակով նա Վան հրավիրեց բժիշկներ Հովսեփ Շիշմանյանին (Ծերենց) եւ Միհրան Վարդանյանին: Հոգեւոր առաջնորդի հայրենասիրական գործունեությամբ ոգեւորված` Վանի հայ երիտասարդությունը 1880 թ. վերջերին հանդես էր գալիս կառավարության դեմ զինված ապստամբության բացահայտ կոչերով: Այդ նպատակով Վանում ստեղծվեց «Սեւ խաչ» գաղտնի կազմակերպությունը: Լուրեր տարածվեցին, թե այս կազմակերպության ստեղծման նախաձեռնողներից մեկն էլ Մ. Խրիմյանն է: Այս լուրերը շուտով հասնում են թուրքական կառավարությանը, որի հրամանով նա հեռացվում է իր ծննդավայրից, ապա աքսորվում Երուսաղեմ:
1890 թ. ապրիլին հայությունը նշում էր Մ. Խրիմյանի ծննդյան 70-ամյակը: Նրա ժողովրդականությունը գնալով աճում էր, եւ 1892 թ. մայիսին նա ընտրվում է Ամենայն հայոց կաթողիկոս:
Կովկասում բնակվող հայերը, չնայած ցարական Ռուսաստանի խտրական քաղաքականությանը, համեմատաբար ապահով էին: Խրիմյան Հայրիկի ջանքերի շնորհիվ ավելացել էր հայ եկեղեցիներին կից ծխական դպրոցների քանակը, կազմակերպվել էին մի շարք բարեգործական եւ մշակութային ընկերություններ: Սրանք իրենց գործունեությունը տարածում էին` օգտվելով հայկական եկեղեցիներին ընձեռված հնարավորություններից, որոնց օրինականությունը ճանաչել էր ցարական կառավարությունը դեռեւս 1836 թ.: Խրիմյան Հայրիկի լայնածավալ ազգապահպան գործունեությունն աննկատ չմնաց ցարական իշխանավորների տեսադաշտից, որոնք այստեղ վտանգ էին տեսնում վարչակարգի նկատմամբ: Եվ ահա Կովկասի փոխարքա Գոլիցինը գաղտնի զեկույց է ուղարկում ցարին, թե հակառուսական շարժումները Կովկասում հովանավորում է հայոց եկեղեցին: Այդ գաղտնի զեկուցագրի պատասխանը իրեն երկար սպասել չտվեց:
1903 թ. հունիսի 12-ին ցարը ստորագրում է մի հրամանագիր, որով նախատեսվում է բռնագրավել հայ ազգային եկեղեցական գույքն ու կալվածքները: Հարվածը ամենից առաջ ուղղված էր հայկական դպրոցների դեմ, որոնց մեծ մասը գոյատեւում էր եկեղեցու նպաստներով եւ կալվածքներից ստացված եկամուտներով: Սա հայ ժողովրդի ռուսացման փորձ էր, որի հեղինակը ցարիզմն էր:
Եվ 84-ամյա ծերունազարդ Վեհափառը ընդդիմացավ բռնապետությանը: Նա մի շարք կոնդակներով հրամայեց Էջմիածնի Սինոդին եւ թեմական առաջնորդներին ոչ մի մասնակցություն չունենալ առգրավման գործին: Կտրականապես մերժեց հանձնել եկեղեցական գույքերը: Այնուամենայնիվ, ցարական իշխանությունները բռնագրավեցին վանքապատկան կալվածքներն ու եկեղեցական գույքը: Ոչ մի վանահայր, վարդապետ կամ եպիսկոպոս մասնակցություն չունեցավ այդ ամենին, չհանձնեց ոչ մի բանալի...
Երեւանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Ախալքալաքում կազմակերպվեցին բազմահազարանոց ցույցեր եւ միտինգներ ընդդեմ ցարի հրամանագրի, իսկ Գանձակում եւ Բաքվում տեղի ունեցան արյունալի բախումներ հայերի եւ ոստիկանության միջեւ, որի հետեւանքով եղան վիրավորներ եւ սպանվածներ: Ժամանակի ռուս առաջադեմ մտավորականները նույնպես դատապարտեցին այդ հրամանագիրը:
1905 թ. ռուսական հեղափոխական շարժումներից երկյուղած Նիկոլայ 2-րդը ստիպված էր ընկրկել: 1905 թ. օգոստոսի 1-ին նա ստորագրեց հայ եկեղեցական գույքը վերադարձնելու հրամանագիրը, որի շնորհիվ վերաբացվեցին հայկական դպրոցները:
1906 թ. օգոստոսի 15-ին Էջմիածնում գումարվեց հայ քաղաքական կուսակցությունների ընդհանուր ժողով` մշակելու ազգային մարտավարության խնդիրները: Երկու շաբաթ տեւեց այդ ժողովը: Ժողովի բացմանը ներկա էր նաեւ արդեն ծանր հիվանդ 86-ամյա Հայրիկը: Նա եկել էր արտասանելու իր վերջին ճառը, սակայն կարողացավ ընդամենը մի քանի բառ ասել եւ տնքալով հեռացավ երկու սպասավորների թեւերին կռթնած:
Տեսարանը ցնցող էր եւ ազդեցիկ: Խորապես հուզված այդ տեսարանից` ժողովի մասնակիցները կանգնեցին եւ ճանապարհեցին նրան «կեցցե Հայրիկը» բացականչություններով:
Շատ չանցած` նույն տարվա հոկտեմբերի 29-ին, Վեհափառը վախճանվեց, կյանքից հեռացավ Ամենայն Հայոց Հայրիկը, որի կյանքն անմնացորդ նվիրում էր հայրենիքին եւ ժողովրդին:
Ամեն տարի ապրիլի 4-ինՙ Խրիմյան Հայրիկի ծննդյան օրը, Ս. էջմիածնի մայրավանքի բակում գտնվող գերեզմանի մոտ կատարվում է հոգեհանգստյան արարողություն: Վեհափառ հայրապետի եւ հոգեւոր բարձր դասի մասնակցությամբ: Ամենամյա ավանդական այդ արարողությանը այս տարի եւս ներկա են լինելու «Վան-Վասպուրական» հայրենակցական ՀԿ անդամները:
Արարողությունը կսկսվի ժամը 12-ին:
ՌՈՄԻԿ ՀՈՎՆԱՆՅԱՆ, «Վան-Վասպուրական» հայրենակցական հասարակական կազմակերպության նախագահ