«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2012-03-29 | #57, 2012-03-30 | #58, 2012-03-31


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԿՅԱՆՔՆ Է, ԱՍՈՒՄ Է ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԱՐՈՒՍ ԱՃԵՄՅԱՆԸ

Հայ թատրոնի անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանի ծոռնուհին, կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի թոռնուհին եւ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի դուստրըՙ Արուսը դեռ մանկուց հետաքրքրվել է դասական երաժշտությամբ: Արուսը հինգ տարեկանից սկսել է զբաղվել արվեստով եւ հետագայում ուսանել պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոզա Թանդիլյանի դասարանում: Այնուհետեւ հենց նրա հոգատարության ներքո ավարտել երաժշտական դպրոցը, կոնսերվատորիան, ասպիրանտուրան: Արուս Աճեմյանին բախտը ժպտաց եւ նա 10-11 տարեկանում հաղթող ճանաչվեց մի քանի երաժշտական մրցույթներում ու վերջնականապես ընտրեց դաշնակահարի մասնագիտությունը: Տարիները գլորվում էին ու Արուսի հաղթանակները մեծանում, շատանում: 2000 թ. Արուս Աճեմյանը պարգեւատրվեց Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների մրցույթի առաջին եւ հատուկ մրցանակներով: 2001-ին նա հանդես է եկել Վլադիմիր Սպիվակովի «Մոսկովյան վիրտուոզների» հետ եւ հրաշալի կատարել է Մոցարտի թիվ 20 դաշնամուրի կոնցերտը: Նույն տարին Արուսը մասնակցել է Քոլմարի փառատոնին (Ֆրանսիա), Օքսֆորդի 3-րդ միջազգային փառատոնին (Միացյալ Թագավորություն): Այնուհետեւ համերգների շարքը հաջորդել ենՙ Հարավային Ամերիկայում (Մոնտեվիդեո, Պորտո Ալեգրե, Սան Պաուլո, Ռիո դե Ժանեյրո, Ռիբեյրու Պրետո), ՌԴ-ում , Բեյրութում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Կանադայում, Գերմանիայում եւ այլուր: 2007-ին Արուս Աճեմյանը համերգաշարերը շարունակեց Չինաստանով մեկՙ ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո կազմակերպված «Հայաստանի օրեր Չինաստանում» ծրագրի շրջանակներում: Արուս Աճեմյանի համար արժեքավոր է 2009-ին հանրապետության նախագահի մրցանակին արժանանալը: Արուս Աճեմյանի համերգացանկը ընդգրկում է հայ, եվրոպական, ռուս եւ խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նշեմ նաեւ, որ 2010-ին Շվեյցարիայում Արուս Աճեմյանը հանդես է եկել մենահամերգով, որի ընթացքում առաջին անգամ ներկայացրել է իր հորՙ Վարդան Աճեմյանի «Արկած» ստեղծագործությունը եւ արժանացել բարձր գնահատանքի:

Իր հաջողությունների համար Արուսը «Ազգի» հետ զրույցում ասաց, որ երախտապարտ է իր ուսուցիչներին, հանձինս Ռոզա Թանդիլյանի, Դանիել Փոլաքի, Նիկոլայ Պետրովի, Միխայիլ Վոսկրեսենսկու, Մենահեմ Փրեսլերին եւ այլոց, որոնց մոտ վարպետության դասընթացներ է ստացել:

Արուս Աճեմյանը մարտի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում, օպերայի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ղեկավարությամբ մաեստրո Կարեն Դուրգարյանի, հրաշալի մենահամերգ տվեցՙ նվագելով Ռախմանինովի ստեղծագործությունները: Համերգից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգեցին անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակը:

Համերգից հետո «Ազգը» ստացած տպավորությունները կիսեց մի քանի երաժշտագետների հետ, որոնք պնդեցինՙ «Արուսին հիանալի վերելք է սպասում, նա վիրտուոզ դաշնակահար է ու անկրկնելի...»:

«Ազգի» այն հարցին, թե երաժշտությունն ի՞նչ տեղ ունի իր կյանքում, Արուս Աճեմյանն ասաց. «Երաժշտությունն իմ կյանքն է, իմ ապրելակերպը, առանց որի կյանքը չեմ պատկերացնում: Արվեստի նվիրյալի համար երաժշտությունը միշտ իր զավակն է»: Ի դեպ, Արուսը ամիսներ անց կմայրանա ու իր ամեն համերգի մի հատվածը հոգու խորքում նվիրում է իր առաջնեկին: Իսկ թե զգո՞ւմ է արդյոք տարբերություն հայ եւ արտասահմանյան ունկնդիրների միջեւ, ասաց. «Իհարկե, մեր ունկնդիրը շատ խստապահանջ է, քանի որ ես իմ առաջին քայլերը արել եմ հենց հայ ունկնդրի ներկայությամբ եւ նա ամեն անգամ ինձանից նոր սպասելիքներ ունի, ինչը շատ կարեւոր է: Հուզումը, իհարկե, միշտ կա, անկախ նրանից, թե որ բեմում եմ նվագում: Դա մի քանի րոպե է տեւում, իսկ հետո ես ընկղմվում եմ երաժշտության մեջ ամբողջովին, որն էլ իմ կյանքն է...»:

Այո, ոչ միայն Արուսն է իր հրաշալի կատարումով տարվում երաժշտությամբ, այլեւ ունկնդրին էլ իր հետ տանում է ու պարգեւում հրաշալի ժամեր: Առաջիկայում Արուս Աճեմյանը հանդես կգա ՀՖՆ-ի հետ, այնուհետեւ կլինեն մենահամերգներՙ նվիրված հայ կոմպոզիտորներին:

Արուսի կատարումից գոհ էր նաեւ մաեստրո Կարեն Դուրգարյանը եւ «Ազգի» հետ զրույցում ասաց. «Ես վաղուց գիտեմ Արուսին եւ շատ ուրախ եմ, որ նույն ժամանակահատվածում ենք ապրում, աշխատում: Շատ տաղանդավոր աղջիկ է: Միակ խնդիրը որ ունի, մի քիչ շատ է հուզվում առաջին րոպեներին, որը բնորոշ է արտիստներին: Հույս ունեմ, որ նրան շատ այլ բեմերում էլի կտեսնեմ, քանի որ նման դաշնակահարներ շատ քիչ ունենք եւ ես կարծում եմՙ պետք է մի փառատոն անենք, որտեղ կընդգրկենք դաշնակահարներին: Ես ուրախ եմ, որ համերգը շատ լավ ընթացավ եւ ջերմ ընդունելություն գտավ», ասաց մաեստրո Դուրգարյանը ու շտապեց ղեկավարելու համերգի երկրորդ բաժինըՙ «Ալեկո» ներկայացումը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4