«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2012-03-29 | #57, 2012-03-30 | #58, 2012-03-31


ԱՐԱՄ ՀԱՅԿԱԶՙ «ԱՂՈՒՈՐ ԳԻՐՔ ՄԸ»

«Արամ Հայկազ. Մոռացուած էջեր» գրքի երկրորդ հատորին գրականագետ Մարգարիտ Խաչատրյանը երկար սպասել չտվեց: Նախորդՙ առաջին հատորից տպավորված ընթերցողները սպասում եւ միաժամանակ չէին կասկածում, որ Արամ Հայկազին եւ նրա ստեղծագործություններին սիրահարված գրականագետը մոտ մեկ տարվա ընթացքում կվազվզի տարբեր արխիվներ, կպեղի գրադարանների անկյունները, Արամ Հայկազի ժառանգների գրադարակները, կթերթատի մամուլըՙ բարեխիղճ աշխատանք ներկայացնելու համար:

Հատորում ընդգրկված են Արամ Հայկազի գրչին պատկանող տասը տարվա (1951-1960) գրական նյութերըՙ աշխատասիրողի կողմից լրակազմված եւ ծանոթագրված: Ժամանակագրական կարգով ներկայացված պատմվածքները, հոդվածները, գրախոսություններն ու հրապարակախոսական բնույթի նյութերը առաջին անգամ են մեկ ժողովածուի մեջ համահավաք կերպով ներկայացվում:

Ժողովածուն բացվում է Մ. Խաչատրյանի «Կազմողի կողմից» խոսքով, որում հեղինակն իր երախտագիտության խօսքն է հղում ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանինՙ երկրորդ հատորի հրատարակությանն աջակցելու համար: Չեն անտեսված նաեւ այն անձինք, որոնք իրենց ներդրումն ունեն ժողովածուն անթերի ներկայացնելու գործում:

Կազմողի խոսքին հաջորդում է Արամ Հայկազի ամերիկաբնակ դստերՙ Այրիս Հայկազ Չեքենյանի խոսքըՙ արտասանված հորը նվիրված հոբելյանական հանդիսության ժամանակ: Անկեղծ եւ հետաքրքրական բանախոսության միջոցով ընթերցողը ծանոթանում է Արամ Հայկազին որպէս սովորական մարդու եւ ընտանիքի հոգատար հոր: Այրիսը երախտագիտորեն նշում է, որ բախտավորություն է իր համար նման հարկի տակ ծնվելը եւ Արամ Հայկազի նման հոգատար հայր եւ ընտանեկան արվեստագետ, կյանքի ուսուցիչ ունենալը: Հրանտ Մարգարյանի թարգմանությամբ զետեղված այս հատվածը Արամ Հայկազի անառարկելի եւ հավաստի կենսագրականն է:

«Արամ Հայկազ. Մոռացուած էջեր» գրքի Բ հատորն ընդգրկում է տարբեր ժանրի նյութերՙ գրախոսականներ, նամակներ, ակնարկներ, պատվածքներ, ճառեր, հոբելյանական առիթներով ասված բանախոսություններ: Իր հույզերի ու մտորումների մեջ Արամ Հայկազն այս անգամ եւս անկեղծ եւ անմիջական է: Օրինակՙ Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան»ով տպավորվածՙ գրում է. «Աղուոր գիրք մը: Այնքա՛ն աղուոր, որ անոր ընթերցումը հազիւ աւարտած, կը նստիմ ու գրիչս ձեռք կառնեմՙ հրճուանքս ուրիշներու հետ ալ բաժնելու համար»: Նման անմիջականությունը եւ սրտաբուխ գնահատականը գամում են ընթերցողինՙ խորանալու հեղինակի հաջորդ էջերում, ապա եւ ներկայացված ստեղծագործությանՙ տվյալ դեպքում «Խոդեդան»ի ընթերցանությանը անպայման ձեռնամուխ լինելու: Հեղինակի նման վերաբերմունքի շնորհիվ հետաքրքրություն եւ անմիջապես ընթերցելու պարտավորություն են առաջացնում Վ. Մինախորյանի «1915 թուականը», Համաստեղի «Սպիտակ ձիաւորը», Վ. Թոթովենցի «Կեանքը հին հռովմեական ճանապարհի վրա» եւ շատ ու շատ այլ ստեղծագործութիւններ: Հետաքրքրությամբ են ընթերցվում հայոց լեզվի, գրաբարի եւ աշխարհաբարի հիմնահարցերին, եկեղեցական տոներին, գեղարվեստական կտավներին ու հայտնի նկարիչներին նվիրված լուսաբանումները:

Ժողովածուում տեղ են գտել Արսեն Երկաթի, Խոսրով Ներսիսեանի եւ այլոց մի շարք վերլուծականներ: Ինչպես միշտ, որպես հարազատ եւ անջնջելի թեմաՙ Արամ Հայկազը անդրադառնում է Շապին Գարահիսարի հերոսամարտին:

«Արամ Հայկազ. Մոռացված էջեր» ժողովածուի երկրորդ հատորըՙ որպէս ոգու կորովն ու արիութիյունը չկորցրած հայի կենսասիրության, քրիստոնեական լավատեսության գեղարվեստական վերարտադրություն իր հիմնավոր տեղն ունի գրականագետ Մարգարիտ Խաչատրյանի արդեն հրատարակած գրքերի կողքին եւ, ինչպէս Արամ Հայկազը կասեր, «աղուոր գիրք մըն է»ՙ հետաքրքրական եւ բովանդակալից:

ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԵՍՐՈՊԵԱՆ, բանաս. գիտութ. թեկնածու, դոցենտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4