«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2012-03-29 | #57, 2012-03-30 | #58, 2012-03-31


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ

Այսօր Գերմանիայի Կիլ քաղաքում 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոն Արթուր Աբրահամն իր տիտղոսի առաջին պաշտպանությունը կիրականացնիՙ մենամարտելով 33-ամյա լեհ բռնցքամարտիկ Պյոտր Վիլչեւսկու հետ: Սա ընթացիկ մրցաշրջանում Արթուր Աբրահամի 2-րդ մենամարտը կլինի: Առաջինը կայացել է այս տարվա հունվարի 14-ին գերմանական Օֆենբուրգ քաղաքում արգենտինացի Պաբլո Ֆարիասի հետ: Այդ մենամարտում Արթուրը 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մրցակցին ու արժանացավ WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին:

Այսօրվա մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում Արթուրի համար կլինի 37-րդը: Աբրահամը դրանցից 33-ն ավարտել է իր օգտինՙ կրելով ընդամենը 3 պարտություն: Լեհ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 32 մենամարտ է անցկացրել: 30-ում նա հաղթել է, կրել է 2 պարտություն:

Նախապատրաստվելով մենամարտին, Արթուր Աբրահամն օրերս բաց մարզում է անցկացրել, որին ներկա են գտնվել մեծ թվով մարզասերներ: Ավանդույթի համաձայն մենամարտին նախորդել է մամուլի ասուլիսը:

«Չեմ ցանկանում թերագնահատել մրցակցիս, սակայն կարծում եմ, որ կհաղթեմ: 2,5 ամիս լրջորեն նախապատրաստվել եմ այս մենամարտին, շաբաթական 4 մարզումային մենամարտ եմ անցկացրել: Այս ընթացքում մարզչիս հետ ուսումնասիրել ենք մրցակցիսՙ դիտելով նրա անցկացրած մենամարտերի տեսագրությունները: Դա կօգնի ինձ օգտագործելու մրցակցիս թույլ կողմերըՙ մենամարտի մարտավարությունն ընտրելիս: Նախատեսում եմ հարձակողական մարտաոճ ընտրել: Իմ նպատակը Վիլչեւսկուն հաղթելն է, որից հետո արդեն լրջորեն պետք է մտածեմ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտելու մասին», նշել է Արթուր Աբրահամը :

«Թեեւ գործադուլի պատճառով ստիպված էի ողջ օրն անցկացնել Մյունխենի օդանավակայանում, սակայն դա ինձ հունից չի հանել ու շաբաթ օրը ես կհաղթեմ Աբրահամին: Ամեն անգամ ռինգ դուրս գալիս, ցանկանում եմ հաղթել: Իմ կարծիքով, այս մենամարտում Արթուրի վրա հոգեբանական ճնշումը մեծ է: Չէ՞ որ, եթե նա պարտվի, ամեն ինչ կկորցնի: Իմ պարագայում կորցնելու ոչինչ չունեմ, քանի որ այս մենամարտում ֆավորիտ են համարում Արթուր Աբրահամին», նշել է Պյոտր Վիլչեւսկին :

Առաջիկա մենամարտի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել նաեւ Արթուր Աբրահամի պրոմոութեր Կալե Զաուեռլանդը . «Եթե Արթուրը հաղթի, նա WBO-ի դասակարգման ցուցակում շատ բարձր տեղ կզբաղեցնի: Այդ դեպքում հնարավոր է, որ նա մենամարտի Շտիգլից-Գրոուվս մրցախաղի հաղթողի հետ: Այս մենամարտը շատ կարեւոր է Արթուրի համար: Նա պարտավոր է հաղթել Վիլչեւսկուն»:

Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները եւս հույս ունի, որ իր սանը կհաղթի. «Վիլչեւսկին բազմապրոֆիլ բռնցքամարտիկ է: Նա ավելի բարձրակարգ բռնցքամարտիկ է, քան Ֆարիասը: Վստահ եմ, որ բռնցքամարտի սիրահարները Կիլում հետաքրքրական մենամարտի ականատես կդառնան»:

Ի դեպ, բուքմեյքերներն էլ նախապատվությունը տալիս են հայ բռնցքամարտիկին: Աբրահամի հաղթանակը գնահատվում է 1,19 գործակցով, Վիլչեւսկու հաջողության համար խաղադրույքներ են ընդունվում 4,2 գործակցով: Ոչ-ոքին գնահատվում է 27 գործակցով: Բուքմեյքերների կարծիքով Աբրահամի հաղթանակն ամենահավանականն է 8-10-րդ ռաունդներում, որի գործակիցը 11 է: Միավորներով Աբրահամի հաղթանակը գնահատվում է 2,55 գործակցով, Վիլչեւսկունըՙ 5,5:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4