Այսօր «Իմպուլս»-«Միկա» եւ «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը: Մրցաշարի մեկնարկը պետք է տրվեր դեռեւս նախորդ շաբաթ, սակայն խաղադաշտերի խոտածածկի վատորակության պատճառով 1-ին տուրը հետաձգվեց: Սակայն ինչպես պարզվեց, այժմ էլ մարզադաշտերի տնօրենները չցանկանալով փչացնել խաղադաշտերի խոտածածկը, հրաժարվել են թիմերին մրցասպարեզ տրամադրել: Դրա հետեւանքով 3 հանդիպումների մրցավայրը կրկին փոփոխվել է:
«Իմպուլս»-«Միկա» հանդիպումը Արարատի «Այգ» մարզադաշտի փոխարեն կկայանա «Միկայի» մարզադաշտում: Փաստորեն այդ խաղում «Միկան» սեփական հարկի տակ հանդես է գալու հյուրի կարգավիճակով: Ընդ որում այդ հանդիպումը կսկսվի նախատեսվածից մեկ ժամ ուշՙ ժամը 16-ին, քանի որ մինչ այդ մարզադաշտում իր մարզումն է անցկացնելու ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը:
Ապրիլի 1-ին կայանալիք հանդիպումների մրցավայրերն էլ փոխվել են: «Ուլիսը» «Հանրապետականի» փոխարեն ստիպված կլինի «Գանձասարին» հյուրընկալել Իջեւանի «Արնար» մարզադաշտում, իսկ «Արարատ»-«Շիրակ» հանդիպումն Աբովյանից տեղափոխվել է Ոսկեհատ: Փաստորեն միայն «Բանանցի» մարզադաշտն է (չհաշված «Միկան») այսօր պատրաստ առաջնությանը:
Խաղադաշտերի խնդիրը միշտ էլ հրատապ է եղել Հայաստանում: Այս տարի առաջնությունը տեւելու է մինչեւ դեկտեմբերի սկիզբը, այնպես որ վերջնագծում էլ կրկին մրցավայրերը փոփոխելու կարիք հաստատ կզգացվի: Նույնը կարելի է ասել նաեւ հաջորդ տարվա մարտի սկզբների խաղերի մասին, երբ կվերսկսվի առաջնությունը: Օրինական հարց է ծագում. եթե խաղադաշտերը պատրաստ չէին լինելու նաեւ այժմ, ապա ինչո՞ւ հետաձգվեց առաջնության առաջին տուրը: