«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2012-03-29 | #57, 2012-03-30 | #58, 2012-03-31


ՉԵՄՊԻՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՍՐՎՈՒՄ Է

Շախմատի Եվրոպայի առաջնության 9-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր Վլադիմիր Հակոբյանի եւ Վլադիմիր Մալախովի մրցավեճը: Առաջատարները հաշտություն կնքեցինՙ վաստակելով 7-ական միավոր: Իր օգտին կես միավոր գրանցեց նաեւ մյուս առաջատար Մաքսիմ Մատլակովըՙ հաշտություն կնքելով Նիկիտա Վիտյուգովի հետ: Դա հնարավորություն տվեց եւս 4 շախմատիստներիՙ Լաուրենտ Ֆրեսինետին, Էռնեստո Ինարկիեւին, Միխայիլ Կոբալիային եւ Դմիտրի Անդրեյկինին միանալու առաջատար եռյակին շնորհիվ մրցակիցների նկատմամբ տոնած հաղթանակի: Չեմպիոնի տիտղոսի համար բավականին թեժ պայքար է ընթանում, որի ելքը կվճռեն ավարտական 2 տուրերի մրցախաղերը: Հակոբյանը 10-րդ տուրում սեւերով մրցելու է ֆրանսիացի գրոսմայստեր Լաուրենտ Ֆրեսինետի հետ:

Հայ շախմատիստներից 6-ական միավոր են վաստակել Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը: Նշված եռյակից 9-րդ տուրում հաղթեց միայն Պետրոսյանըՙ առավելության հասնելով Պետեր Պրոխազկայի նկատմամբ: Մովսիսյանն ու Սարգսյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Իվան Սարիչի եւ Եվգենի Նայերի հետ:

5,5-ական միավոր ունեն Հրանտ Մելքումյանն ու Զավեն Անդրեասյանը: Հրանտը խաղում է փոփոխակի հաջողությամբ: Նախորդ տուրում տոնած հաղթանակից հետո Մելքումյանը պարտվեց ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւին: Իսկ Զավենը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով շվեդ Նիլս Գրանդելիուսին:

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն ունեն 5-ական միավոր: Սամվելը հաղթեց հույն Նիկոլաոս Կալոպուլոսին, իսկ Ռոբերտը ոչ-ոքի խաղաց չեռնոգորցի Նիկոլա Դյուկիչի հետ: Արման Փաշիկյանն ու Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 4,5-ական միավոր: Փաշիկյանը հաղթեց բոսնիացի Ժասմին Բեյթովիչին, իսկ Գաբուզյանը պարտվեց ռումինացի Վլադիսլավ Նեւեդնիչնուն: Հայ շախմատիստներից ամենացածր արդյունքն (2,5 միավոր) ունեցող Վլադիմիր Պողոսյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց իսրայելցի Օֆիր Ահարոնի հետ պարտիայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4