«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2012-03-30 | #58, 2012-03-31 | #59, 2012-04-03


ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ Է ԱՐԺԱՆԻ` «ԱՆԿԱԽ ԱՅԼ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻՑ»

ԼՂՀ հարցը, Իրանը, Սիրիանՙ Լավրովի երեւանյան այցելությանը

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս ամեն կերպ աջակցելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը , որ երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Երեւանում` ի նշանավորումն հայ-ռուսաստանյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի:

Ռուսաստանի համար, ըստ Լավրովի, Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամ երկրներ են, ուստի ՌԴ նախագահի մակարդակով կազմակերպվող հանդիպումները միտված են խաղաղ կարգավորմանը` հաշվի առնելով կողմերի ցանկությունները: Եվ այս ամենը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, որոնց աշխատանքը Լավրովը եւս բարձր է գնահատում` անկախ հնչող տարբեր գնահատականներից:

Տվյալ դեպքում, խոսքը կարող է վերաբերել միայն եւ միայն ադրբեջանական կողմի մանր ու միջին չինովնիկների մակարդակով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից դժգոհության արտահայտումներին: Ի հակադրություն ՄԽ գործունեությունից դժգոհություններիՙ հիշատակման են արժանի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ ստորագրած հայտարարությունները` պատրաստակամությամբ շարունակելու բանակցությունները նույն ձեւաչափում: Ավելին, Լավրովի հիշեցմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները ամրագրված են փաստաթղթերում, եւ դրանք չեն փոխվել:

Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին անընդմեջ եւ աղավաղումներով հղումներ անելու առնչությամբ հարցին ի պատասխան արդեն Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ այդ բանաձեւերն ընդունվել են 1993-ի ապրիլից նոյեմբեր, ընդ որում, հիմնական պահանջ դրանցում ներկայացվում էր զինադադարի կնքումը` վերջ դնելով ռազմական գործողություններին: Մինչդեռ Ադրբեջանը, չկատարելով բանաձեւերի պահանջները, ժամանակին փորձ արեց ավելի ակտիվացնել ռազմական քայլերն ու պարտություն կրեց, նույն բանաձեւերի համաձայն, «տեղի հայկական ուժերից»: Նալբանդյանի խոսքով. «Այդ էջը թերթված է», ու հիմա բանակցությունները ուղղված են կարգավորմանը:

Իրանյան ճգնաժամ

Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները անդրադարձել են նաեւ իրանական թեմային` որպես արձագանք հնչած հարցերին: Թե ինչպես կարող է Իրանի շուրջը իրավիճակի լարումը պրոյեկտվել Հայաստանի անվտանգության եւ ղարաբաղյան գործընթացի վրա` Նալբանդյանը պարզաբանել է. «Հայաստանը կողմ է հարցերի կարգավորմանը բանակցությունների, Իրանի եւ միջազգային հանրության ներկայացուցիչների համատեղ ջանքերի միջոցով»: «Իրանը Հայաստանի հարեւան երկիր է, եւ մենք շահագրգիռ ենք, որ Իրանին վերաբերող հարցերի լուծման ուղիները անցնեն երկխոսության ու բանակցությունների, այլ ոչ ուժի կիրառման ճանապարհով»:

Իրանի թեման առավել ընդարձակ մեկնաբանել է Լավրովը, նախ շեշտելով, որ վատագույն տարբերակի իրականանալու` Իրանում ռազմական գործողություններ սկսելու դեպքում խնդիրներ կծագեն ոչ միայն Հայաստանի, այլեւ Ադրբեջանի անվտանգության առումով` հաշվի առնելով Իրանից փախստականների հոսքը: Ընդ որում, ադրբեջանախոս այդ փախստականների զգալի մասն էլ կարող է հայտնվել Ռուսաստանում:

Լավրովը հարկ է համարել Երեւանից զգուշացնել միջազգային որոշ դերակատարների` «կանխարգելիչ» հարվածներ կատարելու առնչությամբ, հիշեցնելով, որ բոլոր կիրառելի մեթոդները պետք է լինեն օրինական` հիմնված միջազգային իրավունքի վրա:

Սիրիական ճգնաժամ

Արդեն սիրիական թեմային անդրադառնալով` Լավրովը խոսել է Կոֆի Անանի ծրագրից, շեշտելով, որ այդ ծրագրի առաջարկները ուղղված են ոչ միայն Սիրիայի իշխանություններին, այլեւ ընդդիմությանը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ սիրիացի ժողովրդի, հարեւան երկրների ու ողջ տարածաշրջանի ճակատագրով բոլոր մտահոգվածները «առավելագույնս պատասխանատու կվերաբերվեն»: Ստամբուլում «Սիրիայի բարեկամների խումբ» անվանված հավաքին Ռուսաստանի բացակայությունն էլ Լավրովը պարզաբանել է այն հանգամանքով, որ այդօրինակ հավաքներին պետք է ներկա լինեն Սիրիայի ժողովրդի բոլոր հատվածները, այլ ոչ միայն ընդդիմությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4