«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2012-03-30 | #58, 2012-03-31 | #59, 2012-04-03


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՆԱԽ ԴՈՒԲԼԻՆՈՒՄ, ԱՊԱ ԼՈՆԴՈՆՈ՞ՒՄ

ԵԱՀԿ յուրաքանչյուր նոր գործող նախագահ իր սրբազան պարտքն է համարում անդրադառնալ, ավելին` կարեւորել ու իր նախագահության ժամկետներում առաջընթաց ապահովելու խոստումներ տալ ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման հարցում:

Հերթական անգամ էլ, երբ գործող նախագահ է Իռլանդիայի արտգործնախարարը, հնչեցին խոստումներ, թե հակամարտությունների կարգավորմանը մասնակից կողմերին կներկայացվի այդպիսի իրավիճակների լուծման իռլանդական փորձը, ընդ որում, այդպիսի մի ներկայացում կարող է կազմակերպվել Դուբլինում` ղարաբաղյան խնդրի քննարկման ձեւաչափով: Ու թեեւ իռլանդական կողմից նախատեսված քննարկումը ապրիլին անցկացնելու մասին հայտարարվել էր, սակայն ցայսօր կոնկրետ ժամկետներ չեն նշվում:

Այդուհանդերձ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, երեկ Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կրկին հիշեցրել է Դուբլինում անցկացվելիք այդ քննարկման մասին, սակայն այլ համատեքստում եւ ոչ միայն ղարաբաղյան խնդրի շուրջը: Մասնավորապես, Մամեդյարովը հայտարարել է, թե ոչ պաշտոնական ձեւաչափով հնարավոր է, որ հանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները: Ու թեեւ վերջիններս մարտի վերջին Մինսկի գործընթացի 20-ամյակի կապակցությամբ արդեն իսկ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ Մամեդյարովի, նմանօրինակ հանդիպում նախատեսվում է նաեւ դուբլինյան հանդիպումից հետո անցկացնել Լոնդոնում:

Մամեդյարովը նաեւ հայտարարել է, թե «եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը», բնականաբար, ասվածի պոչին ավելացնելով ադրբեջանական դիրքորոշման մանրամասները: Այդպիսիք Մամեդյարովն առատորեն հրամցրել է նաեւ Բաքվում երեկ մեկնարկած «Եվրոնեսթի» խորհրդարանական քննարկումների մասնակիցներին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4