«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2012-03-30 | #58, 2012-03-31 | #59, 2012-04-03


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԱՄՌԱՆԸ

Ստեփանակերտի օդանավակայանում տեխնիկական վերազինման վերջին աշխատանքներ են ընթանում: Միաժամանակ աշխատանքներ են տարվում ինքնաթիռների ձեռքբերման եւ համապատասխան անձնակազմ նախապատրաստելու համար: Սա վերջին փուլն է, որի ավարտից հետո Ստեփանակերտի օդանավակայանն ամբողջովին պատրատ կլինի շահագործման: ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Վալերի Ադբաշյանի փոխանցմամբ` առաջին թռիչքը Ստեփանակերտի օդանավակայանից կիրականացվի արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվիրած ինքնաթիռով: «Առաջին թռիչքը պլանավորում ենք այս տարվա հունիս-հուլիս ամիսներին», ասաց նա:

Թեպետ օդանավակայանի բացումը նախատեսված էր նախորդ գարնանը, սակայն շինարարական աշխատանքների եւ տեխնիկական վերազինման աշխատանքների պատճառով բացումը հետաձգվեց: Հիշեցնենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում, երբ խոսակցություններ էին ընթանում օդանավակայանի շահագործման մասին, Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի վարչությունից հայտարարեցին, թե կռմբակոծեն Ստեփանակերտի օդանավակայանից թռիչք իրականացնող օդանավերը: Հայաստանը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ Միջազգային քաղաքացիական ավիացիայի ICAO կազմակերպության անդամ է, ստորագրել է կոնվենցիա, համաձայն որի ICAO անդամ բոլոր երկրները պարտավորվում են ոչ մի պարագայում չվտանգել քաղաքացիական ավիացիայի ուղեւորների կյանքը: Բաքվից եկող այս հայտարարությանը պատասխանել էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը` հայտարարելով, որ Երեւան-Ստեփանակերտ առաջին թռիչքի ուղեւորն է լինելու:

Ստեփանակերտի օդանավակայանը քաղաքից 8 կմ հեռու է. զբաղեցնում է 230 հեկտար տարածք: Օդանավակայանը ճախրող թռչունի տեսք ունի, երկհարկանի է, կունենա բար, սրճարան, VIP սրահ հատուկ հյուրերի համար, բուժկետ եւ ավտոկայանատեղի: Օդանավակայանի վերակառուցման ընդհանուր արժեքը կազմել է 5 մլն դոլար: Երեւան-Ստեփանակերտ թռիչքը կտեւի 35 րոպե, տոմսի արժեքը կկազմի 15-20.000 դրամ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4