Ընտրությունների մոտենալու հետ տարբեր աբսուրդային վիճակների ականատեսն ենք դառնում եւ դառնալու ենք
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դեռ ԲՀԿ համագումարին էր նկատելի, որ այս կուսակցությունում ընտրել են թիրախը կիսելու կամ կոտորակելու քաղաքականություն, այն է` առաջնորդն ամեն ինչ իր վրա չի վերցնում, այլ` բան հասկացնելու մի փոքրիկ դոզա միայն, քննադատելու եւ բան հասկացնելու մյուս դոզաները թողնելով ուրիշներին: Այս մարտավարության դեպքում հակահարվածը եւս կոտորակվում է, ընդ որում` միշտ կարելի է սահմանազատվել այն քննադատությունից, որը տվյալ դեպքում տարընթերցումների տեղիք է տալիս, սակայն միաժամանակ տեղ է անում լսողի սրտում` ասելով, թե դա իր անձնական տեսակետն է: Այս մարտավարությունը սկսեց ավելի երեւակվել պաշտոնական քարոզարշավի մեկնարկին մոտենալու հետ: Երբ անցած շաբաթավերջին ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Վարդան Օսկանյանը «Ազատությանը» ասաց, թե կոալիցիան ձեւական էր, քանի որ Հանրապետականը ԲՀԿ-ի ձայների կարիքը չուներ, ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հենց այդ տարբերակին դիմեց` ազատ վերլուծաբան է, իր տեսակետն է հայտնել: Նույն բանն ասվեց այն ժամանակ, երբ Օսկանյանը մասնակցում էր «Ազատ դեմոկրատներ»-ի համագումարին` որպես անհատ էր մասնակցում: Սակայն պաշտոնական քարոզչությունը դռանը` ԲՀԿ երկրորդ համարը հո՞ չի կարող անվերջ սեփական կարծիքներ հայտնել, նա այս կուսակցության ամենաառաջատար դիրքում է հիմա: Մանավանդ` երբ ասում է, թե պնդելու է, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմի ապագայում (դե` եթե ընտրակեղծիքներ լինեն), երեւի համոզված է, որ իր տեսակետը շատ կարեւոր է: Ճիշտն ասած` մենք այն աստիճանի միամիտ չենք, որ մտածենք, թե նա սեփական կարծիք է հայտնում, ամենայն հավանականությամբ` սա արվում է ԲՀԿ առաջնորդի գիտությամբ ու անգամ` համաձայնությամբ, քանի որ նրա հետ թեկուզ դույզն-ինչ անհամաձայն մարդիկ ԲՀԿ ցուցակում չեն հայտվել: Փաստորեն` Վ. Օսկանյանը եւ մի շարք այլ ԲՀԿ-ականներ, հատկապես նոր դեմքերը, լինելու են շանթը, Գագիկ Ծառուկյանը եւ իր թիմի այլ անդամներ` շանթարգելը, որ մեղմելու են իրենց շանթ-գործընկերների կայծակումները, ու մեն-միակ նպատակը` Հայաստանում առկա դժգոհների բավական ստվար բազմությանը հույս տալն է, թե այս կուսակցությունը, իշխելու հնարավորություն ունենալու դեպքում, ՀՀԿ-ից տարբեր է վարվելու, այդպիսով նրանց քվեները տանելով:
Սակայն սա հղի է նրանով, որ կրակի հետ խաղալիս կարող ես մատներդ վառել, վկան հանրապետականների ակտիվ արձագանքն է` նախ ԱԺ փոխխոսնակ Է. Շարմազանովի շուրթերով, թե` ինքը կոալիցիոն գործընկերոջ մասին ավելի լավ կարծիքի է, քան Օսկանյանը: Եվ ապա` այլ ՀՀԿ-ականներ եւս բավական սուր եւ ցավոտ արձագանքեցին, ինչը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն անտարբեր չի կարող նայել գործընկերոջ պահվածքին ու կփորձի շրջանակի մեջ դնել նրան: Կստացվի՞ արդյոք, շատ շուտով կիմանանք:
Նախընտրական թոհուբոհին զուգահեռ Մաշտոցի այգում ծավալվում է հակաբուտիկային հեղափոխությունը, ու բնապահպանների պայքարը հետաքրքրական ձեւեր է ընդունում` անգամ դիմում-բողոք առ Եվրոպական կառույցներ: Թեեւ` Հայաստանում ԱՄՆ դեսպանը ներսի գործերին դրսի միջամտություն երազողներին հասկացնում է. «Ձեր պետությունն է, մերը չէ, ուստի ոչինչ անել չենք կարող»` նկատի ունի ընտրակեղծիքները կանխելը, բայց մեր հակաբուտիկայինները իրենց պայքարի կիզակետում են եւ դիմում են բոլորին, ում կարելի է դիմել: Իսկ այս հակաբուտիկային հեղափոխությունը նախընտրական նպատակներով օգտագործել երազողների պակաս եւս չկա:
Մինչ այդ` ապրիլի մեկին, խաբելու օրը (երեւի խորհրդանշական բան կա դրա մեջ) ԿԸՀ-ն գրանցեց համամասնական կարգով ընտրությունների հայտ ներկայացրած 8 կուսակցության եւ մեկ դաշինքի, ինչպես նաեւ մեծամասնական կարգով առաջադրվածներին, որոնց թիվը 181-ից կամաց-կամաց ինքնաբացարկներով մաղվելով` հասավ 155-ի, բայց կոնկուրսը էլի մեծ է, մեկ տեղի համար` 3,8 մարդ (մերժվել է Էդուարդ Մադաթյանի, Խաչատուր Սուքիասյանի եւ եւս երեքի թեկնածությունների գրանցումը` թերի փաստաթղթեր ներկայացնելու պատճառաբանությամբ):
Ի դեպ, ինչպես եւ սպասվում էր, ԿԸՀ-ն ՀԱԿ համամասնական ցուցակից նույնպես հանեց Խաչատուր Սուքիասյանի անունը` միեւնույն պատճառաբանությամբ, այն է` 5 տարի անընդմեջ Հայաստանում չբնակվելու: Երեւում է` ՀԱԿ-իշխանություն մենատիրույթում քաղաքական որոշում կա ոչ թե Սուքիասյանին, այլ ՀԱԿ-ից մեկ ուրիշ տնտեսագետի համար Ազգային ժողով մտնելու կանաչ լույս վառել:
Այսպիսով 1038 մարդ համամասնական կարգով է մասնակցելու ընտրություններին, 155 մարդ մեծամասնական կարգով` չենք տխրելու:
Երեկ ակտիվ էին «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները», որոնց հայտարարություններում ընդդիմադիր ՀԱԿ-ի բոստանը նետվող քարեր կային: Ալեքսանդր Արզումանյանն , օրինակ, նշեց, թե ընդդիմադիր դաշտի որեւէ ուժի իրենց մրցակից չեն համարում (այ, եթե համագործակցության առաջարկ լինի` կհամագործակցեն), իրենց մրցակիցը կոալիցիան է: Եվ բացի այդ` եթե իշխանությունները կեղծեն ընտրությունները, նրանց հետ կոալիցիա կազմելը բացառվում է (ըստ այդ տրամաբանության` եթե իշխանությունները չկեղծեն` «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» կոալիցիա են կազմելու իշխանության հետ, բա որ նրանք չառաջարկե՞ն): Իսկ «Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն էլի ՀԱԿ-ին դատափետեց, թե մեծամասնական ընտրատարածքներում միասնական թեկնածուներ ունենալը ձախողեց` ոչ կառուցողական դիրքորոշում հանդես բերելով, եւ սեպեց, թե չի կարելի օրվա կեսը խոսել իշխանափոխության մասին, մյուս կեսը բանակցել իշխանության հետ` խորհրդարան գնալու համար: Չնայած` Տեր-Պետրոսյանը վերջին միտինգին ասել էր` «ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին»