«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2012-03-30 | #58, 2012-03-31 | #59, 2012-04-03


ԶԳՈՒՅՇ, ԿՐԱԿԻԴ ՎՐԱ ՉԱՅՐՎԵՍ

Ադրբեջանական 1news.az կայքէջը, որը, ինչպես բազմիցս ենք նշել, միայն պաշտոնապես է, որ պետական չէ, անցկացնում է այսպիսի հարցում. ինչպիսի՞ն եք ցանկանում տեսնել Բաքուն 20 տարի անց: Տարբերակները հետեւյալն են` «Տարածաշրջանի ֆինանսական կենտրոն», «Տարածաշրջանի առողջապահական կենտրոն», «Կասպից ծովի ավազանի տուրիստական կենտրոն» եւ այլն: Հարցվածների (100-ից ավելի` երեկ կեսօրի տվյալներով) քվեարկության համաձայն` 33 տոկոսը ցանկանում է, որ Բաքուն լինի տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, եւ միայն 7 տոկոսն է, որ քսան տարի հետո Բաքուն ցանկանում է տեսնել, օրինակ, որպես առողջապահական կենտրոն:

Սա բոլորովին այլ մտորումների տեղիք է տալիս, առաջին հերթին հարցման կազմակերպիչներին ու ադրբեջանցի հասարակությանն առհասարակ, մենք, սակայն, նկատենք, որ վերջին շրջանում հարեւան երկիրը, որին այլ կերպ անվանում են «կրակների երկիր», գերմաքսիմալիստական, երբեմն անգամ ուտոպիական, մեղմ ասած, խիստ հավակնոտ նշաձողեր է բռնում ու փորձում իրագործել: Այս ամենը բնորոշ է նորահայտ երկրին, եթե ոչ նորահայտ ազգությանը: Ինչպես փոքրիկ երեխան ինչ-որ միջավայրում փորձում է ամեն ինչի ձեռք տալ, այնպես էլ նորահայտ պետություններն ու ազգությունները, ի դեպս, ադրբեջանցիների ու Ադրբեջանի, փորձում են ամեն ինչ տեսնել, զգալ, ու որը խիստ վտանգավոր է նաեւ Ադրբեջանի հարեւանների ու բարեկամների համար, նաեւ վերցնել:

Օրինակ, այս տարվա հունվարի մեկից հարեւան երկիրը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ` երկու տարի պաշտոնավարման ժամկետով: Զուգահեռաբար Ադրբեջանը հաղթեց «Եվրոտեսիլի» եվրոպական երգի մրցույթում ու իրավունք ստացավ մրցույթը բերել «քամիների քաղաք» Բաքու, սա դեռ բավական չէ, Ադրբեջանը ցանկանում է հայտ ներկայացնել ՈւԵՖԱ` անցկացնելու Եվրոպայի ֆուտբոլի գալիք առաջնություններից մեկը Վրաստանի հետ համատեղ: Ու չնայած վրացիները դեռեւս ոչ հաստատում, ոչ հերքում են այս հավակնոտ նախաձեռնությունը, սակայն ակնհայտ է, որ սա Բաքվի հերթական նուրբ ծրագիրն է` մեկուսացնելու Հայաստանին: Սպորտի բնագավառում Ադրբեջանը մեկ այլ նախաձեռնություն էլ ունի. Բաքուն ցանկանում է դառնալ Օլիմպիադա-2020-ի մայրաքաղաքը:

Հիմա ի՞նչ նպատակով է այս ամենն արվում: Եթե անգամ տնտեսապես խոշոր երկրներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, այս օրերին խուսափում են նման մասշտաբի միջոցառումներ անցկացնելուց, ինչո՞ւ է «կրակների երկիրը» սեփական կամքով իրեն կրակը գցում: Այս ամառ Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերը Բրիտանիայի վրա, ըստ նախնական հաշվարկների, նստելու են 24 մլրդ ֆունտ ստեռլինգ, 38 մլրդ դոլար: Եթե Բաքուն ցանկանում է Լոնդոնից ավելի լավ օլիմպիդա անցկացնել, իսկ Բաքուն` իր հավակնություններով, սա անպայմանորեն ցանկանալու է, ապա պետք է ծախսի 38 մլրդ դոլարից շատ ու շատ ավելի, մանավանդ որ, ի տարբերություն Բրիտանիայի, Ադրբեջանում գոյություն չունեն ժամանակակից մարզական համալիրներ, հետեւաբար 8 տարի անց Ադրբեջանը պետք է լուրջ սպորտային շինարարությամբ ներկայանա: Իսկ ո՞վ պետք է Ադրբեջանի բյուջե մուտքագրի այդքան գումար: Սա այն դեպքում, երբ հարեւան երկիրը չունի հզոր գաղթօջախներ, ազգային նվիրյալներ, որպեսզի նվիրատվությունների միջոցով գոնե հնարավոր լինի ակնկալել այդ եկամուտները: Հետեւաբար ադրբեջանցի ժողովուրդն ինքը իր մաշկի վրա պետք է զգա այս խոշոր միջոցառումների հնարավոր կազմակերպման ողջ ծանրությունը: Օրինակ, «Եվրոտեսիլի» համար համալիր կառուցելու պատրվակով Բաքվի որոշ շրջաններից բնակելի տներ են ապամոնտաժում: Ճիշտ է, երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան արդեն հայտարարել է, որ «տների ապամոնտաժումը կապ չունի «Եվրոտեսիլի» հետ», բայց եւ հավելել է. «Երկրում կան ուժեր, որոնք ցանկանում են խոչընդոտել «Եվրոտեսիլի» անցկացումը Բաքվում, ինչը մենք ոչ մեկին թույլ չենք տա»: Հետաքրքրական է, Մեհրիբան խանումը «թույլ չի տալիս» եւ սպառնում է սեփական ժողովրդի՞ն, որը պարզապես չի ցանկանում զրկվել սեփական տներից...

Ինչեւէ, կրկին դառնալով Օլիմպիադա-2020-ի Բաքվում անցկացնելու հավանականությանը, նշենք, որ մինչեւ հիմա օլիմպիական խաղեր կազմակերպել են երկու փոքրիկ երկիր` Ֆինլանդիան (ձմեռային) եւ Հունաստանը (ամառային): Հատկանշական է, որ Հունաստանը ֆինանսատնտեսական լուրջ խնդիրներ սկսեց զգալ հենց 2004-ի ամառային խաղերն անցկացնելուց հետո, քանի որ, ինչպես եւ ներկայիս Ադրբեջանում, այնպես էլ 2004-ի Հունաստանում չկային սպորտային համալիրներ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ու Աթենքը այս ամենի համար լրջագույն ֆինանսական ներդրումներ կատարեց: Սակայն, ինչ խոսք, Բաքուն` իր նավթային հնարավորություններով ամենեւին էլ Հունաստան չէ: Ու հավանաբար հարեւան երկրի իշխանությունները հենց նավթային պաշարներից ու եկամուտներից ելնելով են նման նշաձողեր բռնում: Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական գերատեսչական որոշ կայքեր, Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամում այսօր հավաքագրված է միայն 30 մլրդ դոլար: Մինչդեռ, ինչպես վերը նշեցինք, Լոնդոնին այս տարվա օլիմպիադան «կաղքատացնի» 38 մլրդ դոլարով: Անշուշտ, նավթային հիմնադրամի պահուստները կարող են ավելանալ, սակայն այդ միջոցները հարեւան երկրում նախատեսված են որպես պահուստային ֆոնդ` երկրի տնտեսությունը փրկելու համար, երբ համաշխարհային շուկայում նավթի գինը հանկարծ ընկնի: Բացի սրանից, եթե անգամ նավթը պահպանի շուկայում այսօրվա գինը, Նավթային հիմնադրամը չի կարող իր ամբողջ պահուստային ֆոնդը հատկացնել օլիմպիադա անցկացնելու համար:

Ուրեմն իշխանությունների հույսը հասարակ ադրբեջանցի հարկատուներն են, որոնք մի օր բազմազգ Ադրբեջանում կարող են այլեւս հրաժարվել «վառվել» «կրակների երկրում»: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4