«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2012-03-30 | #58, 2012-03-31 | #59, 2012-04-03


ԲՈՒԼՂԱՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ Էՙ ԱՌԱՆՑ ԱԴՐԲԵՋԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, բուլղարական մամուլի տեղեկացմամբ, այս օրերին տարածաշրջանային այցելությամբ պետք է լիներ ինչպես Հայաստանում եւ Վրաստանում, այնպես էլ Ադրբեջանում:

Բուլղարիայի վարչապետը, դեռեւս կիրակի ժամանելով Վրաստան, երեկ մինչեւ ուշ երեկո շարունակում էր իր այցը վարչապետ Նիկա Գիլաուրիի հրավերով: Վրաստանում Բորիսովը հանդիպել է երկրի նախագահի, վարչապետի, վրաց պատրիարքի հետ, նաեւ այցելել է Բաթում` Աջարական ինքնավարության ղեկավարության հետ հանդիպելու նպատակով: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, բուլղար գործադիրին նախագահ Սաակաշվիլու հետ հանդիպմանն առավելապես հետաքրքրել է Կասպյան ավազանից «Ռուսաստանի շրջանցմամբ» անցնող էներգաուղիների նախագծերի քննարկումը:

Բուլղարիայի ներկայացուցիչը Սաակաշվիլուն է փոխանցել նաեւ Բուլղարիայի աջակցությունը` ՆԱՏՕ եւ ԵՄ ուղղվածության հարցում:

Բոյկո Բորիսովի այցելությունների ժամանակացույցով մինչեւ ապրիլի 3-ը նախատեսված են նաեւ հայաստանյան հանդիպումներ: Բուլղար գործադիր իշխանության ղեկավարը երեկ ժամանեց Երեւան վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով: Այսօր նա կհանդիպի Հայաստանի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին:

Ինչ վերաբերում է Ադրբեջան այցելությանը, ապա Ադրբեջանում Բուլղարիայի դեսպանատնից տեղեկացրել են, որ այցը հետաձգվել է եւ տեղի կունենա ապրիլի 26-27-ին: «Ազերիպրես» գործակալությունը հայտնում է, որ այցելության օրակագը դեռ հստակեցման փուլում է, ինչը քիչ տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստան եւ Վրաստան այցելության հետ մեկտեղ նախապես ծրագրվել էր Բուլղարիայի վարչապետի այցը նաեւ Ադրբեջան:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4