Ինչպես «Ազգին» տեղեկացրեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի բաժինը, ԱՄՆ պետքարտուղարությունն ապրիլի 13-ից կփոփոխի արտոնագրերի միջնորդավճարի չափը: Ոչ ներգաղթային արտոնագրերի եւ սահմանահատման քարտեզի համար նախատեսված միջնորդավճարները կբարձրանան, մինչեռ բոլոր տեսակի ներգաղթային արտոնագրերի համար նախատեսվածները կնվազեն:
Միջնորդավճարների չափը ավելացնելը պետքարտուղարությունը պատճառաբանում է, որ ներկա պահին գանձվող միջնորդավճարները բազմաթիվ պատճառներով չեն ծածկում արտոնագրերի ձեւակերպման համար ծախսված միջոցները:
Ոչ ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներն ենՙ զբոսաշրջություն, բիզնես, տրանզիտ, անձնակազմի անդամ, ուսանողական, փոխանակման ծրագրի այցելուի եւ լրագրողների համար նախատեսված արտոնագրերՙ 160 դոլար (նախկին 140-ի փոխարեն), միջնորդագրի վրա հիմնված արտոնագրեր (G, L, O, P, Q, R)ՙ 190 դոլար (նախկին 150-ի փոխարեն), պայմանագրային հիմունքներով ներդնողների եւ առեւտրով զբաղվողների համար նախատեսված արտոնագրեր (E)ՙ 270 դոլար (նախկին 390-ի փոխարեն), հարսնացուների, փեսացուների համար (K)ՙ 240 դոլար (նախկին 350-ի փոխարեն), սահմանահատման քարտեր (15 տարեկան եւ բարձր)ՙ 160 դոլար (նախկին 140-ի փոխարեն), իսկ 15 տարեկանից ցածրՙ 15 դոլար 14-ի փոխարեն:
Ոչ ներգաղթային արտոնագրերի միջնորդավճարների փոփոխության հետեւանքով բոլոր տեսակի ներգաղթային արտոնագրերի միջնորդավճարների չափը նվազեցվում է. ընտանիքի անմիջական եւ ոչ անմիջական անդամների համար դիմումների նոր չափը 230 դոլար է, նախկին 330-ի փոխարեն, աշխատանքային միջնորդագրերի հիման վրա դիմումների նոր չափը 405 դոլար է, նախկին 720-ի փոխարեն, այլ ներգաղթային արտոնագրերի դիմումների նոր չափը 220 դոլար է, նախկին 305-ի փոխարեն, բազմազանության վիճակախաղի արտոնագրերի դիմումների նոր չափը 330 դոլար է, նախկին 440-ի փոխարեն, վերադարձող մշտական բնակչի կարգավիճակի նշումի միջնորդավճարի նոր չափը սահմանվել է 275 դոլար, նախկին 380-ի փոխարեն:
Այս բոլոր սակագները ուժի մեջ կմտնեն 15 օրից: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ travel.state.gov եւ ԱՄՆ դեսպանությունների ու հյուպատոսարանների կայքէջերից:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ