«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2012-03-30 | #58, 2012-03-31 | #59, 2012-04-03


ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՆՈՐ ՑԱՆՑԸ ՀԻՄԱ ԷԼ ԱՅՍ ԱՇՆԱՆԸ

Պաշտոնյաները շարունակում են ժամկետներ խոստանալ, հետո մոռանալ դրանք

Երեւանի հասարակական տրանսպոտի նոր երթուղային ցանցը վերջապես հրապարակվեց: Դա կարելի է համարել դարակազմիկ իրադարձություն, քանի որ վերջին 5-6 տարիներին մայրաքաղաքի բոլոր քաղաքապետներն ու տրանսպորտի վարչության պետերը պարբերաբար հայտարարում էին, որ շուտով պատրաստ կլինի նոր երթուղային ցանցը եւ մենք կերջանկանանք դրանով, բայց պետությունը միջոցներ էր տրամադրում, ցանցը մշակվում էր, ապա մնում թղթի վրա:

Այս ցանցի մասին առայժմ չենք ցանկանում որոշակի կարծիք հայտնել առանց մանրամասներին ծանոթանալու: Իհարկե դրական է, որ ավտուբուսների թիվն ավելանալու է, եւ մենք ավելի քիչ կերթեւեկենք միկրոավտոբուսներում խցկված` նվաստացնելով մեր մարդկային արժանապատվությունըՙ աշխատանքի կամ տուն հասնելու համար: Սակայն, պարզվում է, դեռ առնվազն մինչեւ նոյեմբեր պետք է սպասենք, որ նոր ցանցը գործի, ավտոբուսներն ավելանան: Իսկ թե նախանշված ժամկետն ինչքանո՞վ կյանքի կկոչվի, դա էլ հարց է:

Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարում էր, որ երթուղային ցանցը կսկսի գործել աշնանը, այսինքն` անցյալ տարվա աշնանը: Տարոն Մարգարյանն էլ հայտարարում է, որ այս աշնանը: Առաջիկայում ընտրություններ են` լի զանազան ստորջրյա խութերով: Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ մինչեւ աշուն ամեն ինչ կընթանա նախանշվածի պես, եթե քաղաքական բուռն իրադարձություններ չունեցող շրջանում նախատեսված ժամկետները չեն կատարվում, ապա հիմա, թվում է, առավել եւս չեն կատարվի: Հետեւաբար, դեռ վաղ է ուրախանալ նոր ավտոբուսներով եւ նոր երթուղային ցանցով, իսկ պաշտոնյաներին էլ խորհուրդ կտանք դադարեցնել ժամկետներ խոստանալ եւ հետո մոռանալ դրանց մասին: Եվ դա միայն տրանսպորտին չի վերաբերում. իրացման աշխատանքների ձգձգում գերակա շահ ճանաչված տարածքներում, կոնկրետ տարածքներում կանաչապատման, բակային տարածքների վերանորոգման աշխատանքների փոխանցում մի տարվանից հաջորդ տարի եւ այլն:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4