«ՄԳԱ ՎՈԹԸՐ» ընկերությունը (ապրանքային նշանը «Մաքուր ջուր») հայտարարություն էր տարածել տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշման կապակցությամբ, համաձայն որիՙ ընկերությունը անբարեխիղճ մրցակցության համար տուգանվել էր հասույթի 1 տոկոսի չափով: Հիշեցնենք, պատճառն այն էր, որ «Մաքուր ջրի» շշալցման ժամանակ օգտագործվում է ոչ թե լեռնային աղբյուրի, այլ քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուր:
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իր կողմից առաջարկվող «բնական աղբյուրի խմելու ջուրն ուղղակիորեն լեռնային աղբյուրից է, այլ ոչ թե աղբյուրից դուրս եկող եւ ջրամատակարարման ցանցով առաքվող»: Ըստ «ՄԳԱ ՎՈԹԸՐ»-իՙ «Մեր ընկերությունը, հայտարարելով, որ իր առաջարկած ջուրը բնական աղբյուրի խմելու ջուր է, այդպիսով մատնանշում է շշալցման ժամանակ օգտագործվող ջրի իրական ծագումը, այն էՙ Գառնիի տարածքում բխող աղբյուրների ջուրը, որը մինչ շշալցվելը ենթարկվում է վերամշակման` համապատասխան խմելու ջրի ՀՀ եւ միջազգային չափանիշներին: Այդ տեղեկությունը միշտ բաց է եղել եւ միշտ փոխանցվել է մեր սպառողներին»:
Սրան հաջորդում է ընկերության հաղորդումը, որ իրենք պատրաստվում են դիմել դատարանՙ բողոքարկելու հանձնաժողովի որոշումը, որ իրենց մրցակիցները թյուրիմացության մեջ են գցում իրենց սպառողներին, ապա չգիտես ինչու հիշատակվում է, որ ընկերությունը մասնակցում է UNICEF-ի մանկական առողջապահական ծրագրին:
Փաստորեն, դատելով ընկերության պարզաբանումից, լեռնային աղբյուրի ջրի արտադրությունը ամենեւին էլ պարտադիր չէ, որ լինի աղբյուրի մոտ: Այն կարելի է կազմակերպվել նաեւ, ենթադրենք, բնակարանում, գարաժում, սեփական այգում եւ այլն: Սա ոչ թե ծիծաղելի է, այլ պարզապես զավեշտ: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ պարզվի, որ ենթադրենք` աշխարհահռչակ «Էվիան» խմելու ջուրն արտադրող ընկերությունը այն շշալցնում է ոչ թե Ժնեւ լճի ափին գտնվող աղբյուրից, այլ Ժնեւ քաղաքի բնակարաններից մեկում, հետո էլ հայտարարի, թե ի՞նչ տարբերություն, թե որտեղ է շշալցնում` քաղաքի բնակարանո՞ւմ, թե՞ աղբյուրի մոտ, կարեւորը, որ նշվում է, թե որ աղբյուրից է: Անշուշտ, դժվար է ենթադրել նման իրավիճակ: Իսկ «Մաքուր ջուր» արտադրողի լավագույն քայլը կլիներ իր սպառողներից ներողություն խնդրելը, այլ ոչ թե ստվերային շրջանառության հաշվին ստացած գերշահույթներից UNICEF-ի մանկական ծրագրին փոխանցվող գումարները երեսով տալը: Թե ինչպե՞ս կարելի է բնորոշել նման գործելակերպըՙ թողնում ենք ընկերության հայտարարությունը կարդացողներին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ