«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2012-03-30 | #58, 2012-03-31 | #59, 2012-04-03


ԶԳՈՒՇԱՑԵՔ «ԱՍՏԾՈ ՕԹԵՎԱՆ» ԱՌԱՋԱՐԿՈՂՆԵՐԻՑ

Հայաստանում գրանցված կրոնական կառույցների թիվը 67-ն է, չգրանցվածներինըՙ կրկնակի շատ: Կրոնական այդ կառույցները փակ են: Գրանցվում են որպես հասարակական կազմակերպություն կամ կրթական որեւէ կենտրոն եւ սկսում իրենց քայքայիչ գործունեությունը: Հատկապես ընտրություններին ընդառաջ կրոնական կառույցներում նկատվում է լուրջ ակտիվություն: Կրոնական կառույցների ղեկավարները ձայների հետ կապված լուրջ ակտիվություն են ցուցաբերում եւ զբաղվում իրենց հետեւորդների ձայների առուծախով:

Ընտրությունների ժամանակ ակտիվություն են ցուցաբերում հատկապես բողոքավոր կրոնական կազմակերպությունները, այլ կերպ ասածՙ խարիզմատիկ եկեղեցիների ներկայացուցիչները: Հենց նրանք են համապատասխան գումարի դիմաց արդեն զոմբիացված հետեւորդների ձայները վաճառում: Քայքայիչ պաշտամունքներից տուժածների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի ներկայացմամբ` գունավոր հեղափոխությունների գործընթացներում խարիզմատիկ եկեղեցական կառույցները եղել են շատ ակտիվ եւ լուրջ դերակատարություն են ունեցել: Վրաստանում «վարդերի հեղափոխության» ժամանակ ակտիվ դերակատարություն ուներ «Աստծո դեսպանատուն», իսկ Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխության» ժամանակՙ «Հավատքի խոսք» կրոնական կառույցը: Վերոնշյալ կրոնական կառույցներից գործում են նաեւ Հայաստանում: «Կյանքի խոսք», «Աստծո զինվորներ» որոնք քայքայիչ ուղղվածություն ունեն:

Այս կազմակերպությունները գաղափարական առումով նույնն են, սակայն իրավաբանական ձեւակերպումն է այլ: Դա հատուկ խորամանկություն է, որ մեկի փակվելու կամ չգործելու պարագայում մյուսը շարունակի զոմբիացման գործընթացը:

Վերջին շրջանում մեծ աղմուկ հանած «Աստծո օթեւան» կրոնական կառույցը նույն խմբին է պատկանում: Կառույցը Հայաստանում սկսել է գործել 2008-ին: Ինչպես հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը, հիմնադիրը «եպիսկոպոս» Վահրամ Օհանյանն է, որը Հայաստանում է 80-ականների վերջերից: Նրա կարգադրությամբ նույն ժանանակահատվածում ԱՄՆ-ից Հայաստան են եկել Արթուր եւ Աննա Աղաջանյանները` դստերՙ Մարիամի հետ, ովքեր ամեն կիրակի այստեղ իրականացնում են քարոզչություն եւ հարաբերություններ հաստատում այլ ավետարանական կառույցների հետ:

Հայաստանում այսօր կա 350.000 աղանդավոր: Մորմոնականներն ամենափոքր կառույցն են` ընդամենը 2700 հոգի: Եհովայի վկաների ու խարիզմատիկների թիվն ամենամեծն է: Նրանք շատ ակտիվ գործունեություն են իրականացնում, ինչը նպաստում է թվի աճին: Եթե մորմոնները երկրի ներսում որեւէ խնդրի չեն խառնվում եւ ստեղծված են հատուկ ամերիկյան շահերի սպասարկման համար, ապա նույնը չի կարելի ասել Եհովայի վկաների եւ խարիզմատիկ եկեղեցիների մասին:

Որ խարիզմատիկ եկեղեցիները, ինչպիսին է նաեւ «Աստծո օթեւանը», մարդկանց զոմբիացնելու առաքելություն ունեն, ապացուցվել է բազմիցս: Վերջերս ռուսական մամուլում տպագրվեց ռուսական հոգեբանական փորձագիտական եզրակացությունը, համաձայն որիՙ խարիզմատիկ եկեղեցու հետեւորդների մեծ մասը ստանում է հոգեկան շեղում: Այդ եկեղեցու հետեւորդները դառնում են մարդասպաններ կամ գործում ինքնասպանություն:

Ալեքսանդր Ամարյանը փաստում է, որ Հայաստանում նույնպես գրանցվել են բազմաթիվ ինքնասպանություններ, սպանություններ, որոնք կրոնական հողի վրա են կատարված եւ խարիզմատիկ եկեղեցուն բնորոշ սպանություններ են, սակայն Հայաստանում համապատասխան մասնագետների բացակայության պատճառով դրանք համարվում են կենցաղային սպանություն: «Սա մի հարց է, որ արդեն սպառնում է ազգային անվտանգությանն, ու անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել, նրանց դեմ գրագետ պայքար սկսելու համար, ինչը չի արվում եւ բացասական ազդեցություն է ունենում»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4