Ամեն տարի մարտ ամսին աշխարհում նշվում է ֆրանկոֆոնիայի (ֆրանսախոսության) միջազգային տոնը, որի նպատակն է խրախուսել եւ խթանել ֆրանսախոսության զարգացումը եւ ֆրանկոֆոն արժեքների տարածումն աշխարհում, այն էՙ համերաշխություն, արժանապատվություն եւ ժողովուրդների բարեկամություն: Սա է ֆրանկոֆոնիայի զարգացման հիմնական առաքելությունը, եւ այս առաքելության իրականացման գործում իր անհերքելի ավանդն ունի Հայաստանը: 2009 թվականից լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամՙ Հայաստանն առավել եռանդով է մասնակցում ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին նվիրված տոնակատարություններին:
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ապրիլի 2-ին մեկնարկեց միջազգային գիտաժողով` նվիրված օտար լեզուների դասավանդման խնդիրներին:
Գիտաժողովի բացման խոսքում մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց ներկաներին եւ հատուկ շնորհակալություն հայտնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որը ներկա էր գիտաժողովի բացմանը: «Հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները ֆրանկոֆոնիայի ձեռնարկներով նոր ընդգրկուն շրջանակ կստեղծեն հետագա հարաբերությունների համար: Այս շրջանակում իրականացվող ձեռնարկները մեր երկրում իրապես կնպաստեն ավելի մեծ գիտական, ուսումնական հաստատությունների մասնակցությանը նման միջոցառումներին», ընդգծեց ռեկտորը:
Այնուհետեւ գիտաժողովի մասնակիցներին եւ ներկաներին ֆրանսերեն լեզվով ողջունեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը : «Հայաստանում բարի ավանդույթ են դարձել ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտաժողովները:
Ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում եւ կարեւորություն տալիս միջմշակությաին հարաբերություններին եւ ամեն կերպ թույլ չենք տալիս որպեսզի տեղի ունենան մշակութային բախումներ», ելույթում ընդգծեց արտգործնախարարը, որը երկար տարիներ Ֆրանսիայում ՀՀ դեսպանն էր:
Նախարարը նկատեց նաեւ, որ Հայաստանը կարեւորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության ֆորում հանդիսացող ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության եւ համագործակցության հնարավորություններ:
Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռեմոն:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ-ի սոցիալական կրթության ակադեմիայի անդամ, Մոսկվայի «Եվրոդպրոցի» գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Վիկտորիա Սաֆոնովան ներկայացրեց «Համաշխարհային գաղափարական ուղղվածությունները եւ ազգային գերակայությունները 21-րդ դարի բազմամշակույթ լեզվական կրթության զարգացման գործընթացում» թեմայով զեկուցում:
Այնուհետեւ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի վարիչ Արամ Բարելիզյանը խոսեց «Լեզվական փոխներթափանցումը եւ ֆրանսերենի դասավանդման խնդիրները» թեմայով, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան լեզվական կցորդ Ֆաբիեն Նեյրան ներկայացրեց «Ֆրանսերենի դրվածքը Հայաստանում» զեկույցը, իսկ վերջում «Գեղարվեստական թարգմանությունը որպես մշակույթների փոխհարստացման միջոց» թեմայով ընդգրկուն զեկույց ներկայացրեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների մասնագիտական ուսուցման ամբիոնի վարիչ Դոնարա Ղազարյանը :
«Այսօր օտար լեզուները մենք դասավանդում ենք միջմշակութային հաղորդակցության միջոցով, լեզուների դասավանդման գործընթացում առաջին շեշտը դրվում է դրա վրա. սա մշակութային երկխոսություն է, փոխհարստացում, նաեւ փորձի փոխանակում», ասաց Դոնարա Ղազարյանը: Վերջինս անդրադառնալով օտար լեզուների դասավանդման առջեւ ծառացած խնդիրներին` ասաց. «Անհրաժեշտ է դասավանդման նոր մոտեցումներ ցուցաբերել, ունենք նաեւ դասագրքերի եւ նյութերի մշակման խնդիր. դպրոցներում խիստ կարիք կա ֆրանսերեն լեզվի լավ դասագրքերի, որոնք էլ փորձում ենք բերել արտերկրից եւ Ֆրանսիայից»:
Գիտաժողովին ներկա էին ֆրանկոֆոն մյուս երկրների դեսպանները, հյուրեր, դասախոսներ եւ ուսանողներ:
Գիտաժողովը նվիրված էր Մանկավարժական համալսարանի 90-ամյակին:
ՍՈՆԱ ԱՐԱՄՅԱՆ