«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2012-03-30 | #58, 2012-03-31 | #59, 2012-04-03


ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸՙ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Անցած շաբաթ օրը մայրաքաղաքի հասարակայնությունը վերջին հրաժեշտը տվեց Երեւանում կյանքի 92-րդ տարում վախճանված ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին:

(Մեկ օր առաջ Ն. Ս. 0. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կոմպոզիտորի հոգեհանգստյան արարողություն է տեղի ունեցել Երեւանի ս. Հովհաննես եկեղեցում, որի ավարտին Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշել է Ալ. Հարությունյանի մատուցած ծառայությունները Հայաստանյայց Եկեղեցուն, որի համար էլ պարգեւատրվել էր Եկեղեցու բարձրագույն շքանշանով):

Հանգուցյալի դագաղը դրված էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում: Շենքի մուտքի աջ եւ ձախ կողմերում սգո պսակներ են դրված ՀՀ նախագահի, վարչապետի, Երեւանի քաղաքապետի, Ալ. Հարությունյանի թաղման կառվարական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության, այլ անձանց եւ կազմակերպությունների կողմից:

Այստեղ են Ալ. Հարությունյանի թաղման կառավարական հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնական այլ անձինք, գրականության եւ արվեստի գործիչներ, երաժշտասերներ:

«Մենք կորցրինք մեր մեծերից մեծին, վերջին մոհիկաններից մեկին: Շատ դժվար է գնահատել այն գործունեությունը, որ ծավալեց Ալեքսանդր Հարությունյանը, կոմպոզիտոր, որ դարձավ հայ ժամանակակից երաժշտության նշանաբաններից, կոմպոզիտոր, որի երաժշտությունը հնչում է ամբողջ աշխարհում: Նա խորը հետք թողեց մեր երաժշտության մեջ», մեր թղթակցին ասաց կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանը :

«Մեր մշակույթի մի հզոր կտոր պոկվեց կյանքից, բնականաբար թողնելով նույնքան հզոր հետք ոչ միայն որպես արվեստագետ, այլեւ որպես մարդ, որ իր ուսերի վրա կրեց 92 տարի, փառքի արժանացավ, մի մարդ, որն արձանգանքեց իր ժողովրդի բոլոր ցավերին եւ ուրախություններին: Նրա մի քանի գործեր համաշխարհային երաժշտության ոսկե ֆոնդ են մտել», ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը :

Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի գնահատմամբ, որը ննջեցյալի երկարամյա ընկերն է եղել, «հայկական երաժշտությունը կորցրեց իր մեծագույն գործիչներից մեկին, որը դեմք էր միջազգային, համաշխարհային երաժշտական մասշտաբով»:

«Ալեքսանդր Հարությունյանի մահը շատ խոշոր կորուստ էր մեզ համար: Նա ուներ իր ձեռագիրը, որը երբեք չէիր չփոթի ուրիշի հետ: Նա շատ մեծ գործ է կատարել մեր ազգի երաժշտության համար: Նրա փոխարինողին ես չեմ տեսնում», նկատեց դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը :

...Ցերեկվա ժամը 14-ն է: Ալ. Հարությունյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար այստեղ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը : Նա իր ցավակցությունն է հայտնում կոմպոզիտորի տիկնոջը եւ դստերը, մյուս հարազատներին ու մերձավորներին:

Դիմելով ներկաներին, Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը տեղեկացնում է, որ կոմպոզիտորի մահվան առթիվ ցավակցություն են հայտնել ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային Ժողովի ղեկավարությունը, Երեւանի քաղաքապետը, Ռուսաստանի եւ Մոսկվայի կոմպոզիտորների միությունները, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիեւը , արտասահմանյան տարբեր երաժշտական միավորումներ ու հրատարակչություններ, սփյուռքահայ մտավորականներ, կոմպոզիտոր Կոնստանտին 0րբելյանը (ԱՄՆ), այլք:

Իր խոսքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց Ալ. Հարությունյանի կյանքը եւ գործը, ասելով, որ մեր երաժշտական աշխարհը ծանր կորուստ կրեց: Կյանքից հեռացավ մեր ժամանակների մեծանուն կոմպոզիտորը, որը հսկայական ու բազմաժանր երաժշտություն է թողելՙ շուրջ 250 ստեղծագործություն, որոնք ղեկավարել ու կատարել են համաշխարհային մեծության դիրիժորներ եւ մենակատարներ, որ նրա ստեղծագործությունները լույս են ընծայել աշխարհի լավագույն հրատարակչությունները: «Այսօր հրաժեշտ ենք տալիս հայ երաժշտության նահապետներից մեկինՙ ժողովրդի կողմից շատ սիրված կոմպոզիտորին: Նրա անգնահատելի ժառանգությունը հավերժ կմնա հայ եւ համաշխարհային արվեստի գանձարանում», ասաց պրն վարչապետը:

Մայր Աթոռ ս. Էջմիածնի քահանայից դասը կատարեց հոգեհանգստյան պաշտոն, որից հետո հանգուցյալի դագաղը դուրս բերվեց թատրոնի շենքից, եւ հուղարկավորողների թափորն ուղղություն վերցրեց դեպի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, որտեղ եւ տեղի ունեցավ կոմպոզիտորի թաղման արարողությունը:

Ն. Վ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4