«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը այսօր բացում է 13-րդ համերգաշրջանը, որի պատիվը տրվել է աշխարհի լավագույն կամերային տիտղոսակիր խմբիՙ «Տոկիո լարային քառյակ»-ին: Հայ երաժշտասերները այդ խմբի հրաշալի համերգը ըմբոշխնել են 2005-ին «21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում: Կրկին նրանց լսելու հնարավորությունը գարնանային գեղեցիկ նվեր է Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության եւ իհարկե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, որի բարձր հովանու ներքո է անցկացվում փառատոնը:
Երեկ քաղաքապետարանում երաժիշտները հանդիպեցին լրագրողների հետ: Նրանց ներկայացրեց փառատոնի հիմնադիր նախագահ եւ գեղղեկ կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Քառյակն հիմնադրվել է 42 տարի առաջ Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտանոցում եւ իր ծագումով կապվում է Տոկիոյի Snhn երաժշտական դպրոցի հետ: Շուրջ 15 տարի քառյակի առաջին ջութակն է եղել կանադացի երաժիշտ, ծագումով հայ Փիթեր Ունջյանը: Խումբը համագործակցել է բազմաթիվ ականավոր արվեստագետների եւ կոմպոզիտորների հետ, թողարկել բազմաթիվ ձայնագրություններ եւ սահմանել պատկառելի մրցանիշ դասավանդման ասպարեզում:
«Ազգի» հարցին պատասխանելով Մարտին Բիվերն ասաց, որ յուրաքանչյուր համերգաշրջանում տալով ավելի քան հարյուր համերգՙ աշխարհի տարբեր երկրներում, քառյակը ողջ մոլորակում ձեռք է բերել երկրպագուներ, որոնցից շատերի հետ կապը մշտապես պահում է: Քառյակը բացառիկ պայմանագիր է կնքել «Դոյչե գրամաֆոն» ընկերության հետ, որի արդյունքում խումբը դարձավ աշխարհի առաջատար քառյակներից մեկը, եւ թողարկեց ավելի քան 40 ձայնասկավառակ: Այժմ համույթը ձայնագրություններ է կատարում Հարմոնիա Մունդի ընկերության հետ: 1976-ից սկսած քառյակի անդամները դասավանդում են Յեյլի կոնսերվատորիայում, վարպետության դասեր անցկացնում Հարավային Ամերիկայում, Եվրոպայում եւ Արեւելքում:
«Տոկիո լարային քառյակ»-ը 10 տարի ելույթ է ունենում հետեւյալ կազմովՙ Մարտին Բիվեր (առաջին ջութակ), Կիկվեյ Իկեդա (ջութակ), Կազուհիդե Իզոմուրա (ալտ), Կլիվ Գրինսմիթ (թավջութակ): Համույթը նվագում է «Պագանինի քառյակ» Ստրադիվարիուսի գործիքներով, որոնք 19-րդ դարում ձեռք է բերել եւ նվագել լեգենդար վիրտուոզ Նիկոլո Պագանինին: Խմբի գործիքները ստեղծվել ենՙ ջութակներըՙ 1680 եւ 1727 թվին, ալտըՙ 1731, թավջութակըՙ 1736, եւ դրանք խմբի համար վարձակալում է ճապոնական երաժշտական հիմնադրամը սկսած 1995 թվականից, երբ դրանք ձեռք են բերել Վաշինգտոնի Քորքորան արվեստի պատկերասրահից:
«Ազգի» հարցին, թե վտանգավո՞ր չէ այդպիսի արժեքավոր գործիքներով աշխարհով մեկ շրջել, Կիկվեյ Իկեդան ասաց. «Մենք գնում ենք այն երկրներ, որտեղ անվտանգությունը լիովին ապահովված է: Հայաստանը նույնպես ապահով երկրների թվում է եւ մենք սիրով կրկին եկել ենք այստեղ, քանի որ շատ հպարտ էինք ու երջանիկ նախորդ ընդունելությունից եւ հաճույքով համաձայնվեցինք կրկին գալ, երբ համերգների միջեւ ազատ ժամանակ գտանք»:
Ցավոք, քառյակը դեռ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ չի կատարում, չնայած որ քաջատեղակ են Արամ Խաչատրյանի գործերին ու գուցե առաջիկայում դրանցից որեւէ մեկն ընդգրկեն իրենց համերգային ծրագրում: «Ազգի» հաջորդ հարցըՙ շարունակո՞ւմ եք Փիթեր Ունջյանի հետ համագործակցությունը, Մարտին Բիվերն ասաց. «Տոկիո» քառյակի առաջին ջութակը շուրջ 14-15 տարի եղել է Փիթեր Ունջյանը, որը այժմ Տորոնտոյի (Կանադա) նվագախմբի գլխավոր դիրիժորն է (ձեռքը վնասելու պատճառով այլեւս չի նվագում): Ի դեպ, անվանի հայ երաժիշտ Իվան Գալամյանի աշակերտն են եղել Մարտին Բիվերն ու շատ այլ երաժիշտներ, որոնք այսօր հայտնի են երաժշտաշխարհում»: Քառյակը տարվա իր ծրագիրն ամեն անգամ կազմում է տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններից, իսկ հիմնականումՙ Բեթհովեն, Շուման, Շուբերտ, Հայդն եւ նաեւ քառյակի համար հատուկ գրված ստեղծագործություններ:
Այսօր առավոտյան ժամը 10-ին քառյակը Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում վարպետության դասեր կտա, իսկ երեկոյանՙ Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեցնի Հայդնի լարային քառյակ սոլ մաժոր op 77 թիվ 1, Բարտոկի լարային քառյակ ռե մաժոր, Դեբյուսիի լարային քառյակ սոլ մինոր op 10 ստեղծագործությունները: Նրանք, ովքեր ներկա կգտնվեն անդրանիկ համերգին, կվայելեն չորս հրաշք գործիքների հնչեղությունըՙ աշխարհում ամենահայտնի երաժիշտների կատարմամբ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ