«Ազգի» մարտի 29-ի համարի «Բյուրականյան «ընտրակրքեր» հրապարակման գլխավոր հարցին, թե ինչու տնօրենի ընտրությունները Բյուրականում երբեք նորմալ չեն ընթանում, հետագա ողջ շարադրանքը պարզ պատասխանում է: Բյուրականի աստղադիտարանի գիտական մթնոլորտը, աշխատակիցների վերաբերմունքըՙ խոհանոցային մանրամասներով թափանցիկ ներկայացված է, եւ ընթերցողի առաջ բացում է այսպիսի պատկերՙ «Տարիներ շարունակ հետեւում եմ մեր կոլեկտիվի անդամների վարվելակերպին եւ զարմանում, որ նրանց ճնշող մեծամասնությանը չի հետաքրքրում աստղադիտարանի բարօրությունը կամ ընդհանուր շահերը: Եթե նրանք ոչինչ չեն անում աստղադիտարանի համար, ապա ինչ բարոյական իրավունք ունեն որեւէ բան պահանջելու:
...արդյո՞ք տնօրենը կամ տնօրենությունը պարտավոր են ամեն ինչ անել գիտաշխատողների համար, իսկ նրանք միայն օգտվեն հարմարավետ պայմաններից». եթե իրոք այդպես է, ինչո՞ւ են պահում նման գիտաշխատողների:
«Գիտխորհրդի աշխատանքի պասիվությունը բացատրվում է թե՛ տնօրենության լիբերալությամբ եւ թե՛ գիտխորհրդի, թե՛ ընդհանրապես աստղադիտարանի կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի իներտությամբ: Գիտխորհրդի ոչ մի անդամ ըստ էության չի աշխատում... Նրանց աշխատանքը միայն հանգում է գիտխորհրդի նիստերի մասնակցությանը: Կայացրած որոշումների մեծ մասը մնում է թղթի վրա». եթե այսպես է, ինչի՞ է պետք նման գիտխորհուրդը:
«...Ինչ վերաբերում է գիտական այլ ղեկավարներին, ապա այո, իրոք շատ դեպքերում նրանց է վերագրվում արդյունքների զգալի մասըՙ առանց նրանց էական մասնակցության»: Սա էլ գիտաշխատողներիՙ հոդվածների պահանջվող քանակ ապահովելու մասին է:
Բյուրականի աստղադիտարանը գիտական հաստատություն է եւ այնտեղ գիտության մարդիկ են աշխատում: Ի՞նչ պատկերացում այսպիսի նկարագրությունից այս հիմնարկության մասին կարելի է կազմել: Տարօրինակ է, որ գիտության, գիտնականների մասին նման բացասական նկարագրություններով հարցազրույցի ավարտին բացասական վերաբերմունք է արտահայտվում աստղադիտարանի տնօրենի դոկտորական ատենախոսության մասին «Ազգ» -ում հրապարակված մեր անվանի երեք գիտնականների ստորագրությամբ բաց նամակին, գտնելով, որ նման «հրապարակումները կարող են լուրջ վնաս հասցնել մեր գիտության հեղինակությանը», այն պարագայում, երբ վերջինս վերաբերում էր ատենախոսության զուտ գիտական բնույթին, մակարդակին, չափանիշներին: Որտեղ մնաց բարոյական սկզբունքը: Այս տրամաբանությամբ, Բյուրականին ոչ գիտական աշխատանքային մթնոլորտի մասին առհասարակ պետք է որ չխոսվեր եւ չհրապարակվեր. ի՞նչ է, դա մեր գիտության կամ գիտական հիմնարկի հեղինակությունը չի վարկաբեկո՞ւմ: Իսկ եթե նկարագրված վիճակը համապատասխանում է իրականությանը, ապա այն պետք է բուժել, կարգավորել, եւ հրապարակայնացումը պետք է որ նպաստի դրան, նույնը վերաբերում է եւ վերոհիշյալ բաց նամակին:
Ի՞նչ է սաՙ երկակի «ստանդարտնե՞ր»:
Մ. Բ.
Հ. Գ. Ինչ վերաբերում է «հանրային կարծիք» կոչվածինՙ ինքնախաբեությամբ չզբաղվելու համար ասենք, որ հանրային կարծիք, վերաբերմունք այսօր հնարավոր չէ ձեւավորել այսպիսի իներտ հասարակության կրթական եւ բարոյական առկա մակարդակի պայմաններում: Հենց միայն հանրային լսարանը, որ նրան կրթում եւ սնում է, չափազանց հեռու է բավարարելու նման պահանջը: Մարդկանց գերակշիռ մասը զբաղված է ինքնագոյության պահպանման կենցաղային խնդիրները լուծելով, իսկ մի փոքր մասՙ տարված է կապիտալ կուտակելու մոլուցքովՙ դրա հաճախ բնազդային դրսեւորումներով: Մի խոսքով, մտքով, քսակով աղքատ հասարակություն է: Պարզ խավ, մտավորական թե չինովնիկ, ստեղծված անառողջ մթնոլորտի, ընդհանուր օրգանիզմի մասնիկներն են, միեւնույն մենթալիտետի կրողըՙ տարբեր չափաբաժիններով (առանձին բացառություններ միշտ են եղել եւ հիմա էլ կան): Համատարած դժգոհության ու փախուստի տրամադրությունն են իշխում մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: