Հետաքրքրությամբ կարդացի քաղաքագետ Սուրեն Մովսիսյանի հարցազրույցը Լեսթերի համալսարանի հետազոտական ծրագրի վերաբերյալ, որը տպագրվել էր «Ազգ» օրաթերթի #49, 20-03-2012 համարում: http://azg.am/AM/2012032017
Համաձայն լինելով «Խոջալու. Իրավական վերլուծություն» հետազոտական ծրագրի կողմնակալության վերաբերյալ պրն Մովսիսյանի գնահատակններին, պետք է նշեմ, որ ինքս էլ հանդիսացել եմ ծրագրի դիմումատու եւ նույնպես մերժվել եմՙ առանց հարցազրույցի եւ, ամենակարեւորը, առանց պատճառաբանության:
Ինչպես եւ շատերը, Լեսթերի հետազոտական ծրագրի մասին տեղեկացել էի բրիտանական www.jobs.ac.uk կայքից եւ միանգամից որոշել էի դիմել, մի քանի պատճառով: Դրանցից գլխավորը թերեւս այն է, որ ներկայումս ծրագրում եմ հետդոկտորական հետազոտություն անել, թե ինչպես է հակամարտության ընթացքում տեղի ունեցող որեւէ զարգացում, պատահար կամ միջադեպ վերափոխվում եւ հետպատերազմյան շրջանում դառնում քարոզչական գործիք թշնամու կերպար կառուցելու կամ ամրապնդելու ու զարգացնելու համար: Քանի որ ակադեմիական հետաքրքրություններս տարատեսակ են, բայց շրջանառվում են կոնֆլիկտի հոգեբանության եւ դրա առանձնահատկությունների շուրջը, արդեն իսկ հասցրել եմ այդ առումով ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետպատերազմյան փուլը, որը ասածիս վառ օրինակ էՙ պատերազմական շրջանի զարգացումների քարոզչական կիրառման տեսանկյունից: Եվ քանի որ Լեսթերի համալսարանի հիշյալ հետազոտական ծրագիրը նախատեսում էր ուսումնասիրել այդ պատերազմի ամենամութ էջերից մեկը, որը միեւնույն ժամանակ վերջին տարիներին Ադրբեջանի կառավարության կողմից օգտագործվում է միջազգային հակահայ քարոզչության համար, մասնակցության դիմում ներկայացնելու որոշման կայացումը շատ կարճ տեւեց:
Հաշվի առնելով այս կուտակված փորձառությունը, դիմել էի այդ հետազոտական ծրագրին, որովհետեւ վստահ եմ, որ նախ ղարաբաղյան պատերազմի այդ էջերը դեռ իրոք բավականին ուսումնասիրված չեն, եւ հետոՙ միջազգային ակադեմիական շրջանակների կողմից այդ թարմ պատմական իրադարձությունների օբյեկտիվ եւ համակողմանի ուսումնասիրությունը բխում է թե՛ իմ անձնական ակադեմիական հետաքրքրություններից, թե՛ մեր ընդհանուր շահերից, որպես խաղաղասեր պետություն եւ ազգ: Դիմումիս հիմնական պատճառներից պետք է նաեւ նշեմ այդ ծրագրի նպատակների եւ հետազոտության առարկայի նկարագրության անհեթեթությունը, որը դեռ այն ժամանակ կողմակալության հետ կապված կասկածներ էր հարուցել, որոնք հուսով էի շտկել իմ ակտիվ մասնակցությամբ: Օրինակ. որեւէ ակադեմիական ուսումնասիրություն չի կարող նույնիսկ դիտարկվել նորմալ համալսարանի կողմից, եթե առկա չէ նպատակի եւ առարկայի նկարագրությունը: Այս առումով, հայտարարության մեջ որեւէ ակնարկ չկա, թե ինչու 1988-1994 թթ. հակամարտության եւ 1992-1994 թթ. պատերազմի բազում ցավոտ դրվագներից, որոնցից մի քանիսը ակնհայտ ներառում են պատերազմական հանցագործության տարրեր (օրինակՙ 1992 թ. ապրիլին Մարաղայի ոճրագործությունըՙ հայկական խաղաղ գյուղի եւ դրա խաղաղ բնակչության ոչնչացմամբ), ընտրվել է հենց Խոջալուի իրադարձությունը, որի մասին նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չկարողացավ որեւէ կոնկրետ, որոշիչ կարծիք հայտնել լրագրող Ֆաթուլաեւի գործում: Ավելին, վստահ եմ, որ այդ հետազոտությունը արդեն իսկ ունի կանխակալություն, քանի որ հետազոտության առարկա է վերցրել ընդհանուր կոնֆլիկտից կտրված մի միջադեպՙ առանց նախապատմության կամ պայմանների քննության: Նույնիսկ սա քողարկելու համար Լեսթերի համալսարանը պետք է մի հետազոտողի էլ Ադրբեջանից հրավիրեր, ինչը ընդհանրապես չի արվել: Մի՞թե Լեսթերի Իրավունքի դպրոցը մի քանի տասնյակ հազար ֆունտի համար պատրաստ է «վճարել» իր համբավով ու հեղինակությամբ:
Ինչպես արդեն նշեցի, ծրագրի կոորդինատոր Փոլ Բեհրենսից դեռ մարտի սկզբին մերժման նամակ եմ ստացել: Ինչպես հասկացա Սուրեն Մովսիսյանի հարցազրույցից, առանց նույնիսկ հարցազրույցի հրավիրման այդ մերժումը պատահական չէ:
Ծրագիրը, բրիտանական իմ աղբյուրների համաձայն, համաֆինանսավորվում է Լոնդոնում գործող «Ադրբեջանի եվրոպական բարեկամներ» հասարակական կառույցի կողմից, որի ղեկավարն է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Ք. Հեյդարովի որդին, եւ որի մասին մամուլում, այդ թվումՙ բրիտանական, հաճախ հրապարակվում են սկանդալային նորություններ, կապված նաեւ բրիտանացի պատգամավորների կաշառելու հետ: Վերջին դրվագով ամենաաղմկոտ սկանդալը երեւի լիբերալ-դեմոկրատ Մայք Հենքոքի հետ կապված միջադեպն էր, ում օգնականը նաեւ, պարզվեց, ռուսական լրտես է:
Այս լոբբիստական կառույցից ֆինանսավորում ստանալու հանգամանքը իմ կարծիքով զգալիորեն վնասում է թե՛ այս հետազոտության արդյունքների անկողմնակալությանը եւ գիտականությանը, թե՛ Լեսթերի համալսարանի ակադեմիական համբավին: Իրոք զարմանալի է, որ նման բարձրակարգ համալսարանը ներքաշված է այս կարգի բացահայտ քարոզչական նպատակ հետապնդող ծրագրում:
Հետաքրքիր է նաեւ ծրագրի ղեկավար դ-ր Բեհրենսի գործունեությունը: Նախ, դատելով Լեսթերի համալսարանի կայքում առկա նրա հրապարակումների ցանկիցՙ դ-ր Բեհրենսը երբեւիցե չի զբաղվել ղարաբաղյան հակամարտության հետ կապված գիտական հետազոտություններով: Նրա հրապարակումները վերաբերում են միջազգային դիվանագիտական իրավունքին, մարդու միջազգային իրավունքներին (հատկապեսՙ միասեռականների իրավունքներ, կրոնի եւ խոսքի ազատություն), ցեղասպանության քրեական իրավունքին (Criminal Law of Genocide): Հետաքրքրական է, որ 2007 թ. հրատարակված «Քրեական իրավունքը ցեղասպանության մեջ» գրքում, որը դ-ր Բեհրենսը խմբագրել է պրոֆ. Ռալֆ Հենհեմի հետ (Ralph Henham, Paul Behrens, The Criminal Law of Genocide, Ashgate 2007), ներկայացված են երկու հոդվածներ հայերի 1915 թ. ցեղասպանության մասին, ընդ որում դրանցից մեկը փորձ է անում հիմնովին ժխտել օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության պատմական փաստը: Իհարկե, կարծում եմ, դ-ր Բեհրենսը կարող է արդարանալ, որ պահպանել է «ակադեմիական օբյեկտիվություն», ներկայացնելով պատմական իրադարձության թե՛ կողմ, թե՛ դեմ տեսակետները, բայց աշխարհի առաջավոր երկրների գիտնականները, միջազգային համբավ ունեցող ցեղասպանագետները «1915 թ.» մասին աշխատություններում «խոսքի ազատության» վկայակոչմամբ ցեղասպանության ժխտմամբ չեն զբաղվում: Ավելին, այս հարցի վերաբերյալ «խոսքի ազատությունը», ինչպես ցույց տվեցին Ֆրանսիայի օրենսդիրում քննարկումները, չպետք է օգտագործվի ցեղասպանության ժխտման համար:
Հաշվի առնելով այս ամենը, պատրաստակամ եմ եւ առաջարկում եմ պրն Սուրեն Մովսիսյանին համագործակցել այս հարցում, եւ համատեղ ուժերով ոչ միայն անդրադառնալ կայանալիք հետազոտության հուսով եմ հրապարակվելիք արդյունքների ակադեմիական քննությանը, այլեւ նախաձեռնել սեփական հետազոտությունՙ ղարաբաղյան կոնֆլիկտի ընթացքում բոլոր պատերազմական հանցագործությունների համակողմանի ուսումնասիրության եւ միջագային փորձի հիման վրաՙ դրանց գնահատականի եւ համարժեք վերլուծության նպատակով:
Այս գործում, վստահ եմ, կլինեն նաեւ այլ համախոհ գիտնականներ:
ՄԻՔԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ