Այսօր մեկնարկում է «Թատրոն X» 5-րդ հանրապետական փառատոնը, որը անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ապրիլի 2-ից մայիսի 3-ը մայրաքաղաքի, մարզերի եւ ԼՂՀ-ի 30 թատերախմբերի ու թատրոնների մասնակցությամբ տեղի կունենա փառատոնը, որի ընթացքում սպասվում են անակնկալներ, հաղորդեց Փառատոնի նախագահ Արա Խզմալյանը եւ հավելեց, որ «Թատրոն X»-ը այն եզակի փառատոներից է, որը տարիների ընթացքում չկորցրեց իր դեմքն ու առաքելությունը: Նա կարեւորեց նաեւ Երեւանի եւ մարզերի թատերական աշխարհի միջեւ սերտ կապերի ստեղծումը, ինչն էլ փորձում են անել. «չէ՞ որ վակումի մեջ ստեղծագործողը չի տա այն արդյունքը, ինչ ազատության մեջ ստեղծագործողը»:
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս փառատոնի շրջանակում տեղի կունենան բաց հրապարակային մասնագիտական քննարկումներ, իսկ սրանից զատ մարզերում կանցկացվեն վարպետության դասեր:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ ընդգծեց. «Փառատոնի միջոցով փորձում եմ հասկանալ, թե թատրոնը, մշակույթն ինչ ազդեցություն են ունենում հասարակության վրա: Տարեցտարի քննարկումները դառնում են բաց` ավելի լայն շրջանակ ընդգրկում: Ամենակարեւորն այն է, որ թատերական ոլորտի երիտասարդների որակական ցուցանիշը փառատոնից փառատոն ավելանում է»:
«Թատրոն X» 5-րդ հանրապետական փառատոնի բացումը տեղի կունենա այսօր` 17:00-ին Հովհ. Թումանյանի անվ. Պետական տիկնիկային թատրոնում, որից հետո ներկայացումով հանդես կգա Թատերական գործիչների միության «UP» թատերախումբը «Քիթը» ներկայացմամբ, որի բեմադրող ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը: Իսկ փակումը` մայիսի 3-ին «Բոհեմ» թատերական ընկերության «Շեղշե լյա ֆամ» ներկայացմամբ, բեմադրող ռեժիսոր Նարեկ Դուրյան:
Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների 8 թատերախմբերի, շուրջ 30 թատերախումբ է մասնակցում` Երեւանից, մարզերից եւ ԼՂՀ-ից:
Փառատոնի գլխավոր հովանավորն է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ