«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2012-03-30 | #58, 2012-03-31 | #59, 2012-04-03


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԻՐ ՏԻՏՂՈՍԸ

2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոն Արթուր Աբրահամը հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը: Գերմանիայի Կիլ քաղաքում անցկացված մենամարտում Արթուրը միավորներով (119-108, 118-109, 118-109) հաղթեց լեհ բռնցքամարտիկ Պյոտր Վիլչեւսկուն:

Ինչպես խոստացել էր Արթուրը, նա մենամարտն անցկացրեց բավականին ակտիվ, հարձակողական մարտաոճով: Պետք է արժանին մատուցել նաեւ Վիլչեւսկուն, որն «ամուր ընկույզ» դուրս եկավ ու կարողացավ դիմանալ Աբրահամի հուժկու հարվածներին: Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում իր 34-րդ հաղթանակը տոնեց:

«Մենամարտից առաջ էլ նշել էի, որ Վիլչեւսկին ուժեղ բռնցքամարտիկ է ու դժվար է լինելու: Մենամարտին հետեւողները դրանում կարծում եմ, համոզվեցին: Ճիշտ է, ինձ հաջողվեց մի քանի հուժկու եւ դիպուկ հարվածներ կատարել, սակայն Վիլչեւսկին ֆիզիկապես լավ մարզավիճակում էր, ուստի դիմացավ դրանց: Այս մենամարտը բոլոր առումներով օգտակար էր ինձ համար: 12 ռաունդները հնարավորություն տվեցին ինձ հասկանալ, թե ինչպես պետք է անցկացնել մենամարտըՙ հավասարաչափ տեղաբաշխելով ուժերս: Բացի այդ, իմ մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ կային ու դրանք եւս կիրառեցի այս մենամարտում: Վիլչեւսկին շատ ուժեղ մրցակից էր, ուստի ուրախ եմ, որ հաղթեցի:

Հավանաբար հաջորդ մենամարտն անցկացնեմ օգոստոսին ու արդեն ռինգ դուրս գամ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնը ներկայումս Ռոբերտ Շտիգլիցն է: Նա առաջիկայում մենամարտելու է եւ եթե հաղթի, ապա օգոստոսին հենց նրա հետ մրցավեճի կբռնվեմ», մենամարտից հետո հենց ռինգում նշել է Արթուր Աբրահամը :

Նշենք, որ մենամարտից անմիջապես հետո Աբրահամն ուղեւորվել է հիվանդանոցՙ ստուգելու ականջը: Մինչեւ մենամարտն Արթուրը ականջի ցավեր ուներ ու մտահոգված էր, որ հանկարծ թմբկաթաղանթը պատռված չլինի:

Մենամարտի մասին հետեւյալ կարծիքն է հայտնել Արթուրի պրոմոութեր Վիլֆրեդ Զաուեռլանդը . «Արթուրը կրկին ճիշտ ուղու վրա է: Հանդերձարան մտնելով, զգացի, որ նա գտել է իրեն: Վիլչեւսկին շատ ուժեղ բռնցքամարտիկ է, նա ամուր ծնոտ ունի եւ լավ էր տեղաշարժվում ռինգում, ուստի դժվար էր նրան դիպուկ հարվածել: Զգացվում է, որ Արթուրն արդեն 80 տոկոսով պատրաստ է աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտելու: Մնացած 20 տոկոսն առաջիկա ամիսներին կլրացնենք: WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի եւ Ջորջ Գրոուվսի մրցավեճի հաղթողը պարտավոր է մրցել Աբրահամի հետ»:

«Դա շատ բարդ մենամարտ էր: Արթուրն իրեն դրսեւորեց որպես գերազանց բռնցքամարտիկ, որը տիրապետում է հուժկու հարվածների, տեխնիկապես լավ է պատրաստված: Ուստի փորձում էի խուսափել հարվածներից: Սակայն նրա որոշ հարվածներ դիպան ինձ ու մինչեւ հիմա դրանցից մեջքս ցավում է: Կարծում եմ, որ մրցավարի կողմից ինձ արված զգուշացումը սխալ էր», հայտարարել է Պյոտր Վիլչեւսկին :

Գերմանական ARD հեռուստաալիքի տվյալներով երկրում Աբրահամի եւ Վիլչեւսկու մենամարտը դիտել են 4,66 մլն բնակիչներ, ինչը կազմում է այդ պահին հեռուստացույց դիտողների 19,9 տոկոսը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4