Պլովդիվում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Ցավոք մրցանակային տեղերին հավակնող Վլադիմիր Հակոբյանին չհաջողվեց մեդալ նվաճել: Հայ գրոսմայստերի համար ճակատագրական եղավ 10-րդ տուրում ֆրանսիացի Լաուրենտ Ֆրեսինետից կրած պարտությունը, որը միակն էր մրցաշարում: Ավարտական տուրում Հակոբյանը հաղթեց ռուսաստանցի Ալեքսանդր Խալիֆմանին եւ վաստակեց 8 միավոր: Լրացուցիչ գործակիցները հաշվի առնելով, Հակոբյանը զբաղեցրեց միայն 12-րդ տեղըՙ զրկվելով մեդալից: Արծաթե մեդալը նվաճեց Լաուրենտ Ֆրեսինետը, բրոնզը բաժին հասավ Վլադիմիր Մալախովին, որոնք եւս վաստակել էին 8-ական միավոր: Իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն, որը վաստակեց 8,5 միավոր: Նա ավարտական 2 տուրերում հաղթանակներ տոնեց Միխայիլ Կոբալիայի եւ Լաուրենտ Ֆրեսինետի նկատմամբ:
Վլադիմիր Հակոբյանն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց: Հայ շախմատիստներից 2-րդ արդյունքն ունի Գաբրիել Սարգսյանը: Նա Հայաստանի պատվիրակներից միակն էր, որ մնաց անպարտելի: Գաբրիելը 7,5 միավորով գրավեց 31-րդ տեղը: Ավարտական 2 պարտիաներում նա ոչ-ոքի խաղաց Իլդար Խայրուլինի հետ ու հաղթեց Իվան Սալգադոյին: Գաբրիելին չհաջողվեց աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճել:
7-ական միավոր վաստակեցին Տիգրան Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանն ու Զավեն Անդրեասյանը: Մեր մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Արման Փաշիկյան, Ռոբերտ Հովհաննիսյանՙ 6,5-ական միավոր, Սերգեյ Մովսիսյան, Սամվել Տեր-Սահակյանՙ 6-ական, Հովհաննես Գաբուզյանՙ 5,5, Վլադիմիր Պողոսյանՙ 3,5: