10 տարի առաջՙ 2002-ի ապրիլի 1-ին հանկարծամահ եղավ հայկական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկըՙ ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր Ալեքսանդր Կովալենկոն, որին ֆուտբոլասերները սիրով Շուրիկ էին անվանում: Ալեքսանդր Կովալենկոն Երեւանի «Արարատի» պաշտպանության հենասյունն էր, իսկ կյանքում կենսախինդ ու կատակասեր անձնավորություն էր, սիրված ընկերական շրջապատի կողմից:
Անվանի ֆուտբոլիստի մահվան 10-ամյա տարելիցի առիթով նրա շիրիմին էին այցելել հարազատները, նախկին թիմակիցներն ու ընկերներըՙ հարգանքի տուրք մատուցելով Ալեքսանդր Կովալենկոյի հիշատակին: Նրանց թվում էին «Արարատ-73»-ի խաղացողներ Էդուարդ Մարգարովը, Արկադի Անդրեասյանը, Հովհաննես Զանազանյանը, Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Նիկոլայ Ղազարյանն ու Սուրեն Մարտիրոսյանը, «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը, մարզական մեկնաբան Ռուդիկ Բարսեղյանը, «Արարատ-73» ընկերության հիմնադիր Կառլեն Թորոսյանը, Երեւանի պետական մարզական քոլեջի խորհրդի նախագահ Դերենիկ Գաբրիելյանը: