Հանգստյան օրերին տրվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկը: Առաջինը մրցասպարեզ դուրս եկան «Բանանցի» եւ «Փյունիկի» ֆուտբոլիստները, իսկ մեկ ժամ անց «Միկա» մարզադաշտում իրենց մրցավեճը սկսեցին «Իմպուլսն» ու «Միկան»:
Առաջնության առաջին գոլը գրանցվեց «Բանանցի» եւ «Փյունիկի» մրցավեճում: Այն գրանցվեց «Բանանցի» ֆուտբոլիստ Արտակ Դաշյանի օգտին, որը 35-րդ րոպեին տուգանային հեռահար հարվածով բացեց հաշիվը: Փյունիկցիները մեծ ջանքեր գործադրեցին պարտությունից խուսափելու համար եւ ի վերջո Հովհաննես Հովհաննիսյանը վերականգնեց հավասարակշռությունը:
«Իմպուլս»-«Միկա» հանդիպումը դրամատիկ ավարտ ունեցավ: Արդեն 11-րդ րոպեին իմպուլսցի Նորայր Գյոզալյանը բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտին բրազիլացի Ալեքսն անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: Իսկ ավելացված ժամանակում «Միկան» կորզեց հաղթանակը: Թիմին կրկին հաջողություն բերեց անկյունայինի խաղարկումը, որի ժամանակ Գեւորգ Պողոսյանը մոտ տարածությունից գրավեց դարպասը: Հաղթանակը թանկ նստեց «Միկայի» վրա, քանի որ խաղային դրվագներից մեկի ժամանակ Ալեքսը կոտրեց ձեռքը ու ստիպված կլինի որոշ ժամանակով խաղադաշտ դուրս չգալ:
Կամային հաղթանակ տոնեց նաեւ «Շիրակը», որը Ոսկեհատում 2-1 հաշվով պարտության մատնեց «Արարատին»: Վերջինիս կազմում խաղասկզբում հաշիվը բացեց Արա Հակոբյանը: Դրանից հետո շիրակցիներ Գեւորգ Հովհաննիսյանն ու Ֆոֆանա Բեկոն 2 անգամ հասան հաջողության:
Երկրի չեմպիոն «Ուլիսին» չհաջողվեց առաջնությունը սկսել հաղթանակով: Իջեւանում «Գանձասարի» հետ մրցավեճում դարպասները մնացին անառիկ: