Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը 2013-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 7-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Մեր ընտրանին «Միկա» մարզադաշտում 2-4 հաշվով զիջեց Ավստրիայի ֆուտբոլիստուհիներին: Խաղասկիզբը հաջող էր հայ ֆուտբոլիստուհիների համար, որոնք 2 անգամ գրավեցին մրցակցի դարպասը: Աչքի ընկան Գոհար Արմենյանն ու Անի Ղուկասյանը: Ի դեպ, մինչ այդ մեր հավաքականին չէր հաջողվել բացել գոլերի հաշիվն ընտրական մրցաշարում:
Ցավոք, խփած գոլերը հաջողություն չբերեցին ՀՀ հավաքականին: Հետագայում ավստրիացիները 4 գոլ խփեցին ու շահեցին հանդիպումը: Մեր ընտրանին եզրափակում է աղյուսակն առանց միավորի: Ավստրիացիները 10 միավորով 3-րդ տեղում են: Առաջատարը Դանիայի ընտրանին է, որը 4 խաղերում էլ հաղթել է: ՀՀ հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 19-ինՙ հյուրընկալելով Չեխիայի ընտրանուն, որը 10 միավորով 2-րդ տեղում է: