«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2012-03-31 | #59, 2012-04-03 | #60, 2012-04-04


ԱԼԻԵՎԸ ԿՐԿԻՆ ՑՈՒՑԱԴՐԵՑ ԻՐԵՆ, ԱՅՍ ԱՆԳԱՄ` «ԵՎՐՈՆԵՍԹՈՒՄ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաքվում տեղի ունեցող «Եվրոնեսթի» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նստաշրջանը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, երեկ անսպասելի, իսկ գուցե նաեւ շատ սպասելի ընթացք է ունեցել, քանի որ նախատեսված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը: Իսկ Ալիեւը, հայտնի բան է, չի փոխվում: Չնայած նախորդ օրն ամեն ինչ առավել հանգիստ մթնոլորտում է ընթացել, նիստում էքսցեսներ չեն եղել, սակայն մեր պատվիրակները մինչ այդ էլ ենթադրել են, որ Ալիեւն, իհարկե, կօգտվի հնարավորությունից եւ 4 տասնյակ եվրոպացի պատգամավորների ներկայությամբ ղարաբաղյան հարցի վերաբերյալ իր բառապաշարն ի գործ կդնի ու հայտնի տեսակետները կարտահայտի: Մերոնք, իհարկե, այդպիսի զարգացմանը պատրաստ էին եւ դեռ Բաքու գնալուց առաջ այդպիսի զարգացումների սցենարներն անշուշտ քննարկել են:

Օրինակ` հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը անգլերեն լեզվով պատրաստել էր «Խոջալուի իրական դեմքը պատմության մեջ» զեկույցը: Վերադառնալով Ալիեւի ուղերձ-ելույթին` նշենք (ըստ տարբեր լրատվամիջոցներում մեր պատգամավորների խոսքի), որ Ալիեւը անցել է կոռեկտության ամեն չափ եւ իր ելույթի առյուծի բաժնում անդրադարձ արել ղարաբաղյան հարցին` իր սովորական լացուկոծով` «20 տոկոս գրավյալ տարածքներ», «1 մլն փախստականներ»: Նա նաեւ մի շարք վիրավորական որակումներ է տվել Հայաստանի հասցեին` ադրբեջանցիների գերեզման պղծելու, քսենոֆոբիայի մեջ մեղադրելով հայերին: Նրա հին երգի բաղադրիչ են եղել «ցեղասպանություն իրագործած հայերը», «հայերը ֆաշիստներ են», չնայած հանրահայտ է , որ Արեւելյան գործընկերության բաղադրիչ «Եվրոնեսթը» այն հարթակը չէ, որտեղ այս կարգի բաներ պետք է ասվեն: Արարողակարգով ելույթին անմիջապես պատասխանելու հնարավորություն չի եղել, այնպես որ հայկական պատվիրակությունը խորհրդաժողովի պատվիրակներին եւ ղեկավարներին մի նամակ է բաժանել, որին կցված է եղել «Եվրոնեսթի» ֆորումը Բաքվում անցկացնելու հայկական կողմի անհամաձայնության մասին ավելի վաղ ԽՎ ղեկավարությանն ուղղված փաստաթուղթը: Իսկ բուն նամակում Հայաստանի պատվիրակության ղեկավարը գրել է. «Ցավոք, մենք Բաքվում ականատես եղանք այն բանին, ինչը կանխատեսվում էր. «Եվրոնեսթ»-ի ԽՎ-ն վերածվեց պատմության անբարեխիղճ ընթերցման եւ միջազգային իրավունքի կողմնակալ մեկնաբանման վրա հիմնված հակահայկական քարոզչության դաշտի: «Եվրոնեսթ»-ի հայկական պատվիրակությունը հայտնում է իր խորին դժգոհությունը Ադրբեջանի կողմից հյուրընկալության արտոնությունները չարաշահելու կապակցությամբ: Մենք կոչ ենք անում վեհաժողովին` ավելի զգուշորեն ընտրել անցկացման վայրը, որպեսզի չհնչեն հայտարարություններ, որոնք կարող են ոչնչացնել փոխըմբռնման, համագործակցության ոգին, որը մենք ձեռք ենք բերել` բազում խնդիրներ հաղթահարելով: Վախենում եմ, որ այդ խնդիրները վերադառնում են», գրել է Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

Իմիջիայլոց` պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայկական լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ Ալիեւի ելույթը վատ տպավորություն է թողել նաեւ եվրոպացի պատվիրակների վրա, որոնք մեր պատվիրակների հետ զրույցում նշել են այս կարգի հռետորաբանության անընդունելիությունը նման վեհաժողովում:

Ալիեւի ելույթից հետո նիստի ընթացքում հայ պատվիրակներից առաջին խոսքի հնարավորություն է ունեցել Վ. Հովհաննիսյանը, որը նշել է, որ Ալիեւի խոսքում հնչած որակումներն անընդունելի են, անընդունելի է հայերին ֆաշիստներ անվանելը: Մանավանդ` այս կարգի գնահատականները եւ հատկապես այս կարգի ամբիոնից հնչեցնելը չեն նպաստում այն խնդիրները լուծելուն, որոնց լուծելու համար երկրները համախմբվել են «Եվրոնեսթում»: Առհասարակ` եվրոպական արժեքների կրող «Եվրոնեսթը» ստեղծվել է ինչի՞ համար` որպեսզի Արեւելյան գործընկերության անդամ երկրների մեջ միմյանց հանդեպ վստահության մթնոլորտ ձեւավորի, տարածի եվրոպական արժեքներ եւ գործելակերպ, իսկ Ալիեւն իր ելույթով փաստորեն խաչ է քաշել «Եվրոնեսթի» սկզբունքների վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4