ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Տարվա այն ժամանակաշրջանն է, երբ սփյուռքահայերը, հատկապես Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում, առաջարկությունների հորձանուտի միջով են անցնում, ուժեղացնում քարոզչական իրենց աշխատանքները եւ կրկնապատկում ակնկալիքները եւ ապրիլի 24-ին, չարդարացված արդյունքների հետեւանքով, հուսախաբություն ապրում:
Վերջերս երկրներից մի քանիսը շատ հարմար ձեւ են գտել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը առկախ վիճակում պահելու իրենց հակառակորդների առաջ: Որոշ քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելուց հետո նրանք այդ հարցը մոռացության են մատնում մինչեւ հաջորդ պատեհ առիթը:
Միացյալ Նահանգները այդ երկրների շարքում է: Իսրայելըՙ նույնպես: Տարիներ շարունակ Իսրայելի կառավարությունը կտրականապես ժխտել է, որ հայկական կոտորածները համահավասար են ցեղասպանության: Այդ ամոթալի արտահայտությունը շեշտել է այդ ժամանակվա նախագահ Շիմոն Պերեսը Անկարա կատարած այցի շրջանակներում, երբ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները դեռեւս շատ ամուր էին: Վերջերս, սակայն, Իսրայելի Քնեսեթը ի պատասխան Թուրքիայի դիրքորոշման, լսումներ է կազմակերպել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Մյուս կողմից Ամերիկա-իսրայելական հասարակական կապերի կոմիտեն (AIPAC) Ամերիկայում եւ այլ քարոզչական խմբավորումներ, որոնք կուրորեն հետեւում են իսրայելական կառավարության դիրքորոշմանը, հրապարակայնորեն հայտարարել էին, որ այսուհետ դադարեցնելու են պայքարն ընդդեմ Մ. Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման: Այս կառույցները հայերի շրջանում հույսեր արթնացնելով դարձյալ վերադառնում են իրենց ավանդական ընդդիմադիր մարտավարություններին: Եվ բացատրությունը, որ սովորաբար տալիս են, այն է, թե «ժամանակը հարմար չէ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»: Երբ Թուրքիայի հետ հարաբերությունները լարված են լինում, Վաշինգտոնում եւ Թել Ավիվում ողջամիտ մարդիկ բարձրաձայնում են. «Չենք ուզում է՛լ ավելի սրել իրավիճակը»: Իսկ երբ հարաբերությունները հարթ են, առավել եւս «պատճառ չկա դրանք վտանգի ենթարկելու», ասում են: Այս անընդհատ կրկնվող հանգերգը միշտ մի պատճառաբանություն գտնում է եւ մեզ ստիպում հարց տալ արդարացիորեն, թե ե՞րբ է վերջապես գալու այդ «անորսալի» հարմար ժամանակըՙ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Մարդու իրավունքների պաշտպանության հարցում ոչ ոք լուրջ հույսեր չէր կապում նախագահ Ջորջ Բուշի հետ, բայց Բիլ Քլինթոնն ու Բարաք Օբաման հսկայական քաղաքական դիվիդենտներ էին վաստակել բարոյական հարցերի ոլորտում, նրանք էլ դժբախտաբար, անհուսալի դուրս եկան: Բիլ Քլինթոնիՙ Քիգալիում ռուանդացիներին ուղղված մի տասնամյակ ուշացումով արված ներողությունը իր անգործունեության համար (այդ երկրում իրականացվող ցեղասպանության օրերին) դատարկ, կեղծ եւ նույնիսկ վիրավորական կարելի է համարել: ՄԱԿ-ի կենտրոնակայանները, Սպիտակ տունը եւ աշխարհի բոլոր մայրաքաղաքները ժամանակին զգուշացված էին Ռուանդայում սպասվող ցեղասպանության մասին, բայց ոչ մի գործնական քայլ չարվեց կանխելու, որովհետեւ ինչ-որ մեկը ինչ-որ մի վայրում որոշակի շահ ուներ 100 օրվանից էլ պակաս ժամանակում 800 հազար թութսիների սպանությունից:
Նույնիսկ այնտեղ գտնվող ՄԱԿ-ի զինվորական առաքելության ղեկավարն էր զգուշացրել կենտրոնին եւ չենթարկվելով իր վերադասների հրամաններինՙ գործի անցել: Բայց նրան պաշտոնազրկեցին, որպեսզի դյուրացնեն հութուների սարսափելի արարքները:
Հայերի պարագայում Բիլ Քլինթոնը նույնպես անտարբեր գտնվեց: Նա կարգադրեց Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Դենիս Հաստերտին բանաձեւը օրակարգ չմտցնելՙ զգալով, որ քվեները բավարարվելու էին դրա անցկացմանը: Պրն Հաստերտը հետագայում առատորեն պարգեւատրվեց թուրքերի կողմից Մ. Նահանգների Կոնգրեսին մատուցած իր «ծառայությունների» համար:
Մեր օրերում Հիլարի Քլինթոնի տատանումները ցեղասպանության ճանաչման հարցում կարծես շարունակությունն են իր ամուսնու քաղաքականության, եւ զարմանալի չէ, որ Օբամայի մարդու իրավունքների խորհրդականը նրան «հրեշ» էր անվանել:
Այդ խորհրդականըՙ Սամանթա Փաուերը, սակայն, նույնանման փորձառությունից զուրկ չէ: Նա ճանաչում ձեռք բերեց իր գլուխգործոց «Խնդիրըՙ դժոխքից» վերնագրով գիրքը հրատարակելով, որտեղ խորամուխ է լինում Հայոց ցեղասպանության եւ հրեական Հոլոքոսթի հարցերի մեջ: Ժամանակի ընթացքում նա համբավ ձեռք բերեց որպես մարդու իրավունքների սկզբունքային հանձնակատար, մինչեւ որ միացավ նախագահ Օբամայի Ազգային անվտանգության խորհրդին որպես բազմաբնույթ գործերի գլխավոր տնօրեն: Օբամայի նախագահական ընտրարշավի օրերին նա վստահված անձի դերը կատարեց եւ վստահեցրեց հայերին, որ «Քրիստոսի երկրորդ գալուստը» սարերի հետեւում չէ, եւ որ ընտրվելու դեպքում Օբաման անպայման կճանաչի հայերի ցեղասպանությունը: Երբ նախագահ ընտրվելուց հետո Օբաման տեղի տվեց պետքարտուղարության չընտրված պաշտոնյաների «ց» տառի (ցեղասպանության առաջին տառը) շուրջը «պար բռնելու» գործընթացի առաջ, Սպիտակ տունը մի անգամ եւս դիմեց Փաուերի ստեղծագործ մտքի կայծկլտուքներին: Վերջինս միտք հղացավ Հիշատակի օրվան նվիրված նախագահի ելույթում «ցեղասպանություն» բառի փոխարեն օգտագործել «Մեծ եղեռն» եզրը, բանեցնելով Հովհաննես Պողոս 2-րդ պապի հնարքը, որին նա դիմել էր իր Հայաստան այցի ժամանակ:
Այն օրից, երբ իր նկատմամբ վստահությունը խաթարվեց, Փաուերը կորցրեց իր հեղինակությունը: Բայց նա կարեւոր դեր խաղաց Օբամայի լիբիական հարցի քաղաքականության մեջ, ինքնիշխան պետության դեմ ներխուժումը հիմնավորելով «մարդու իրավունքների պաշտպանության» սկզբունքներով:
Կարող ենք եզրակացնել առանց տատանվելու, որ հայերի ցեղասպանության հարցը, Լիբիայի վրա մահաբեր ներխուժումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը լոկ «մարկետինգի գործիքներ» են Փաուերի համարՙ առաջ տանելու համար իր քաղաքական կարիերան:
Մյուս երկիրը Ֆրանսիան է, որ ժամանակ առ ժամանակ Հայոց ցեղասպանության հարցը օգտագործում է խոչընդոտելու համար Թուրքիայի անդամակցությանը Եվրոմիությանը: Վերջերս նախագահության երկու թեկնածուներըՙ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Հոլանդը դրանում հարմարագույն քաղաքական «գործիքն» են գտել համոզելու ընտրողներին, որ քվեարկեն իրենց օգտին: Խաղը վերստին սկսվում է ծայրից:
Բայց մենք իրավունք չունենք անգործունեության մատնվելու եւ մեղմացնելու մեր պայքարը: Մենք այստեղՙ Մ. Նահանգներում նոր հնարավորություն ունենք: Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատՙ Նյու Ջերսիից) ու Մարկ Քըրքը (հանրապետականՙ Իլինոյսից) պաշտոնապես ներկայացրել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի նոր օրինագիծ:
Մենք չենք կարող հուսախաբ անել նրանց մեր անգործությամբ: Մենենդեսը մեզ երբեք հուսախաբ չի արել: Հիշենք Մ. Բրայզայիՙ Բաքվում դեսպան նշանակվելուն դեմ լինելու նրա հստակ դիրքորոշումը:
Ճիշտ է, մենք վստահ չենքՙ նոր օրինագիծը բավականաչափ պաշտպանություն կգտնի՞ Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում, թե՞ ոչ, սակայն շնորհակալ պետք է լինենք նախաձեռնողներից եւ պաշտպանողներից ու աշխատենք համագործակցել նրանց հետ: Կհաղթանակենք, թե՞ կկորցնենք, դեռ պարզ չէ, բայց մենք սովորել ենք արդեն հուսախաբություններ կրելուն: Մենք նույն խաղը կարող ենք վերսկսել մյուս տարի կամ դրա հաջորդ տարին... մինչեւ ցեղասպանության հարյուրամյակը:
Այդ տարելիցի առթիվ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Սփյուռքում դեռեւս նշանակալի գործողությունների նշանները չկան, մինչդեռ Թուրքիան արդեն իսկ սկսել է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.