Երկկողմ հարաբերությունների հարցերին անդրադարձան Հայաստանի եւ Բուլղարիայի վարչապետները
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանում գտնվող Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ համատեղ մամուլի ասուլիս տվեցին:
Խոսելով հայ-բուլղարական հարաբերությունների մասինՙ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ երկու երկրներն ունեն համագործակցության դարավոր պատմություն, բայց տնտեսական համագործակցության մակարդակը չի բավարարում կողմերին: «Դրա համար մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանում կայանալիք (խորհրդարանական) ընտրություններից հետո Հայաստանի կառավարությունը պատվիրակություն կձեւավորի եւ կգործուղի Բուլղարիա` պատվիրակութան մեջ ներառելով բիզնեսի ներկայացուցիչներին», նշեց Տիգրան Սարգսյանը:
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն էլ նշեցՙ մշակութային ոլորտում հարաբերությունները հիանալի են զարգանում եւ պետք է պրագմատիկ քայլեր կատարել տնտեսական ոլորտում խնդիրների լուծման համար:
«Մեր համալսարանների միջեւ գոյություն ունեն լավ եւ խոր հարաբերություններ: Ինչպես երկու համալսարանների միջեւ հուշագրի ստորագրման ժամանակ նշեց Սոֆիայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Իվան Իլչեւը, երկար տարիներ համալսարանում գործում է հայագիտության կենտրոն, եւ համալսարանական տպագրատանը բուլղարերեն լեզվով տպագրվել է Հայաստանի պատմության մասին գիրք: Չնայած այս մասնագիտությունը Սոֆիայի համալսարանում ֆինանսական առումով ծախսատար է համարվում, ես գտնում եմ, որ դա ներդրում է մեր ապագա հարաբերությունների եւ կապերի զարգացման գործում», ասաց Բոյկո Բորիսովը:
Շարունակելով իր խոսքըՙ նա ընդգծեց, որ Հայաստանը Սեւ ծովի միջոցով համարվում է Բուլղարիայի հարեւանը: «Վստահ եմ, որ Բուլղարիան Հայաստանի համար դեպի Եվրոպա կամուրջ է», ավելացրեց նա:
«Ո՞ր ոլորտներում են տեսնում վարչապետները համագործակցության ընդլայնման հնարավորությունները» հարցին պատասխանելովՙ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ համարեց առաջինը սկսել տուրիզմի զարգացումից: Երկրորդ ոլորտը, ըստ նրա, դեղագործությունն է, քանի որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում, ինչպես նաեւ Բուլղարիայում դեղագործությունը բավական մեծ թափով զարգանում է: Երրորդ ուղղությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որտեղ Հայաստանում կա մեծ ներուժ, այդ թվում նաեւ արտահանման:
«Ինչպե՞ս են զարգանում երկկողմ հարաբերությունները միջազգային կառույցների շրջանակներում ու գոյություն ունի՞ միասնական դիրքորոշում» հարցին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պատասխանեց, որ Բուլղարիան ակտիվորեն աշխատում է միջազգային կազմակերպություններումՙ ի նպաստ Հայաստանի եվրոինտեգրման: «Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել Սիրիայում առկա իրավիճակի վերաբերյալ, որտեղ առկա է մեծ հայկական համայնք», նշեց նա, ավելացնելով, որ Բուլղարիայի դիրքորոշումը համապատասխանում է Եվրոպական միության դիքորոշմանը. «Մենք չենք կարող թույլ տալ, որ ռեժիմը շարունակի Սիրիայում խաղաղ բնակչության սպանությունները»:
«Բուլղարիայում եւս առկա է մեծ հայ համայնք, եւ մենք կարող ենք ընդգծել, որ նրանք բացառապես հաջողակ մարդիկ են, առաջատար բանկիրներ, գործարարներ, մշակույթի գործիչներ: Այնպես որ, ամեն դեպքում պետք է աջակցություն ցուցաբերենք երկրինՙ արտերկրում ապրող հայերի հետաքրքրությունների շրջանակներում», եզրափակեց Բուլղարիայի վարչապետը:
Հայաստանի վարչապետն իր հերթին նշեց, որ Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի Բուլղարիայի փորձի ուսումնասիրումը եվրոինտեգրման գործընթացներում: «Բազմաթիվ բարեփոխումներ, որոնք իրականություն են դարձել Բուլղարիայում այդ ինտերգարցիոն գործընթացների ժամանակ, մեզ համար շատ կարեւոր են եւ հետաքրքրական», ասաց Տիգրան Սարգսյանը:
Երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի եւ երկու երկրների ուղիղ տրանսպորտային հաղորդակցության բացակայության մասին տրված հարցին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը պատասխանեց, որ պետք է մտածել վիզային ռեժիմի դյուրացման մասին, որը կդառնա երկու երկրների միջեւ գործարար հարաբերությունների զարգացման լավ խթան:
Տրանսպորտային հաղորդակցության առումով, ըստ Բոյկո Բորիսովի, ճիշտ կլիներ մտածել կոմբինացված ավիափոխադրումների մասին լրացուցիչ երկրորդ նշանակման կետի օգտագործման մասին, քանի որ դա շահավետ ավիաչվերթ է Սոֆիայից Երեւան եւ Երեւանից Ռուսաստան: «Կարելի է մտածել նաեւ նման ավիաուղղության ստեղծման մասին` հարեւան պետությունների մայրաքաղաքներից մեկում ժամանակավոր կանգ առնելու հնարավորությամբ», նշեց նա: «Մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում մշակութային զբոսաշրջության զարգացման համար եւ կկարողանայինք, որ նման տուրերը, որոնցում ներառված են Բուլղարիայում, Հայաստանում, Վրաստանում, Ստամբուլում գոյություն ունեցող տարբեր մշակութային տեսարժան վայրերը, կշահագրգռեն զբոսաշրջիկներին», եզրափակեց Բուլղարիայի վարչապետը: