Մարտի 30-ին առաջին անգամ գերմանահայությանն այցելած ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին է տրվել Բեռլինում նկարիչ Արչի Կալենցի ցուցահանդեսը բացելու պատիվը, ում մարտի 31-ին «Ռուսիշես հաուս»-ում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ընթացքում ի թիվս ուրիշ գերմանահայերի շնորհվեց նախարարության Արշիլ Գորկի մեդալ: Նախարարության ոսկե մեդալին են արժանացել Հալլեի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Արմենուհի Դրոստ Աբգարյանը, հրապարակախոս, գերմաներենով լույս տեսնող «Հայ-գերմանական նամականի» հանդեսի գլխավոր խմբագիր Րաֆֆի Քանդյանը, Վիլյամ Սարոյան մեդալ է տրվել Բեռլինի պետական գրադարանի արեւելագիտության բաժնի վարիչի տեղակալ Մելինե Փեհլիվանյանին, Կոմիտաս մեդալՙ դաշնակահարուհի Կարինե Գիլանյանին, Բեռլինի հայկական դպրոցի տնօրեն Միքայել Մինասյանինՙ Մայրենիի դեսպան, պատվոգրերի են արժանացել Սերովբե վարդապետ Իսախանյանն ու Տիրատուր քահանա Սարդարյանը, Բեռլինի հայ համայքի ատենապետներ Վարդգես Ալյանաքն ու Պետրոս Դիքիջյանը: Այցի ընթացքում սփյուռքի նախարարն այցելել է Պոտսդամում գտնվող Լեփսիուսի տուն, իսկ ապրիլի 1-ին հանդիպել Քյոլնի հայությանը:
Քյոլնի Ս. Սահակ Մեսրոպ եկեղեցում Ծաղկազարդի պատարագին մասնակցելուց, այնուհետեւ կից սրահում հայկական երգուպարով համեմված ճաշը գերմանաբնակ հայրենակիցների հետ վայելելուց հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Քյոլնին մերձակա բնակավայրերից ժամանած հայերի հետՙ պատասխանելով նրանց հուզող հարցերին: Գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքջյանի ողջույնի խոսքից հետո Բեռլինում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը նախ շնորհակալություն հայտնեց հայ համայնքին ջերմ ընդունելության համար, այնուհետ ներկայացրեց նախարար Հակոբյանինՙ «որպես այսօրվա քաղաքական դաշտի կարկառուն ներկայացուցչի: Հիշվում են առաջինները, եւ տիկին Հակոբյանն իր անունը կգրանցի որպես հիմնադիր եւ ստեղծող Սփյուռքի նախարարության», ասաց դեսպան Մարտիրոսյանը:
Տիկին Հակոբյանն ասաց, թե ով գործ ունի Հայաստանի հետ, նա գործ ունի 10 միլիոն հայության հետ: Սփյուռքահայի ներկան է Սփյուռքում, անցյալն ու ապագանՙ Հայաստանում: «Հայաստանը համայն հայության հայրենիքն է» թեզից ելնելով ոչ թե քննադատենք, այլ դարձնենք բոլորիս հպարտությունը: 100-ից ավելի երկրներում ունենք 30000-ից ավելի կազմակերպություն, մեր միմյանցից տարբեր լինելը շատ կարեւոր է, եւ պիտի ոչ թե բաժանարար, այլ միավորող լինիՙ նկատի առնելով հայի հայ մնալու, հայրենիքին օգտակար լինելու ձգտումը: Խոսելով հայապահպանության 4 սյուների մասին տիկին նախարարն առանձնացրեց հայոց լեզվով կրթությունը, ընտանքը, հայ մշակույթն ու հայ եկեղեցին: Հայ ընտանիք կազմելն ամենադժվարն է, ասաց տիկին Հակոբյանըՙ ուղղորդելովՙ խառնամուսնությունների նկատմամբ վերաբերմունքը պիտի լինի նրանցից ոչ թե երես թեքելը, այլ դեպի հայկական արմատը, հայ եկեղեցին բերելը:
Հայ է այն մարդը, ով իրեն հայ է զգում, անկախ դավանանքից, մեղք չունեն, որ այլադավան են դարձել, բանաձեւեց Հրանուշ Հակոբյանըՙ նկատել տալով, թե Պոլսի պատրիարքարանում վերջին շրջանում շատերն են մկրտվում:
Խոսելով ռազմավարական 2-րդՙ հայ ներուժի մասին ՀՀ սփյուռքի նախարարն ասացՙ Հայաստանը Սփյուռքից գումար չի խնդրում, այլՙ ներուժը, գիտելիքները, կապերը ՀՀ-ում ներդնելու անհրաժեշտությունը: Նախարարը հիշեցրեց 1991-ից Հայաստանում հաստատված սրտաբան Հրայր Հովակիմյանի օրինակը, ում շնորհիվ տարածաշրջանում ունենք հզոր սրտաբանական ինստիտուտ: Հայի համար ամենամեծ հարստությունը Հայաստանի Հանրապետությունն է, թույլ չտանք, որ որեւէ ոսոխ փոքրացնի այն, ընդգծեց տիկին Հակոբյանը, ամփոփելով, թե ներուժը հայտնաբերելու հույսով մասնագիտական 24 համաժողով են գումարել: Անդրադառնալով 3-րդՙ հայրենադարձությանը խթանող ծրագրերին, տիկին նախարարը տեղեկացրեց, թե դասական սփյուռքը ներկայացնող 500-ից ավելի ընտանիքներ հաստատվել են Հայաստանումՙ հույս հայտնելով, թե այդ թիվը դեռ պիտի մեծանա: Անդրադառնալով հայրենադարձության մասին օրենքին, տիկին նախարարը ծանուցեց, թե գործող խորհրդարանը չի հասցնի ընդունել այն, կփոխանցվի ընտրվելիք հաջորդին: Երկքաղաքացիների թիվն աճում էՙ այսօր 35000 են, իսկ 2015-ին յուրաքանչյուր զոհի առջեւ պարտք ունենալով կարո՞ղ ենք այդ թիվը 1,5 միլիոն դարձնել, ավելի շուտ հռետորական հարց տվեց նախարար Հակոբյանը: Հայաստանցին լավ չի ճանաչում Սփյուռքը, Սփյուռքն էլՙ Հայաստանը: Բանաձեւը լուծվում է ճանաչել-վստահել-գործակցել սկզբունքով:
Որքան էլ տարօրինակ, այդուհանդերձ փաստ է, որ եկեղեցում ներկաներից շատերը գերադասեցին բոլորի առջեւ իրենց հարցը հնչեցնելու փոխարեն առանձին-առանձին շրջապատել նախարարին հանդիպման ավարտին ու իրենցՙ ենթադրելի շիկացած հարցն ուղղել նաեւ հանրության ականջից հեռուՙ մեզ իրավունք տալով արձանագրել միայն խոսափողով լսածներս:
Հայկական մեկօրյա դպրոցների բացման ու վաստակաշատ Մելգոնյան վարժարանի փակման անհամարժեք քայլի մասին մեր դիտարկմանն ի պատասխան տիկին Հակոբյանը նախ ասաց, թե 2003-ին Մելգոնյանը փակելու որոշումը հենց այնպես չի կայացել, աշակերտություն չկար, հատկապես Սիրիա, Լիբանանից, բացի այդ էլ ֆինանսավորողն է այդպես որոշել, իսկ ինքը կուզենար լինել Հայաստանի Սփյուռքի նախարարն այն ժամանակ, երբ Հայաստանն արտերկրի իր դպրոցները ֆինանսավորելու զորությունը կունենար: Նախարար Հակոբյանն իրազեկեց, թե Հունաստանում էլ դպրոցը փակվելու վտանգի առջեւ էր, բայց փառք ու պատիվ հունահայությանըՙ 90 հազար եվրո տրամադրեց: Մելգոնյանի սան, բժիշկ Րաֆֆի Պետիկյանը նախ ճշգրտեց, թե Սիրիան ու Լիբանանը հայկական դպրոցներ ունեն, եւ Մելգոնյանը փակելու պատճառը տարբեր է, այնուհետ իր մտահոգությունը ներկայացրեցՙ Մայր Հայաստանը չէ՞ր կարող այդ հարցով սեղան նստել, ինչպես Կիպրոսի նախագահն արեց: «Ի՞նչ գիտեքՙ չի արվել, ինչո՞ւ եք կարծում Կիպրոսի նախագահն արել է, մենքՙ ոչ: Կարծում եմ այսօր այստեղ այդ հարցը չենք որոշելու»: Պետիկյանիՙ «Իրաքահայերից քանի՞սը մնացին Հայաստանում» հարցին ի պատասխան տիկին նախարարը տեղեկացրեց, թե շուրջ 700-ը Հայաստանում են, փորձում ենք ինտեգրել հայ հասարակությանը, լուծել առողջապահական, աշխատանքի, բնակարանային խնդիրը ՄԱԿ-ի հետ միասին: Այնուհետ անդրադառնալով սիրիահայերի ճակատագրին սփյուռքի նախարարը նախ փոխանցեց տեղի հայության խնդրանքըՙ դրա մասին քիչ խոսելՙ հավաստելով, թե Հայաստանը պատրաստ է իր հայրենակիցներին ընդունել: Ցեղասպանության 100-ամյակի պետական հանձնաժողովի մասին ներկաներից մեկի հետաքրքրությանն ի պարզաբանում Հրանուշ Հակոբյանը առանձնահատուկ շեշտեց, թե հանգամանքը, որ նախագահ Սարգսյանն է ղեկավարում այն, լուրջ ուղերձ է աշխարհին: Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանի երկար խոսքից առանձնացնենք խիստ արդիական հարցադրումըՙ մերժելով ճանաչել ասորիների ցեղասպանությունըՙ ՀՀ խորհրդարանը ապտակ հասցրեց գերմանահայությանը:
Հանդիպմանը խոսվեց նաեւ սփյուռքահայերիՙ իրենց երկրներում քաղաքական ակտիվության կարեւորության, 2017 թվականին ՀՀ ԱԺ-ում սփյուռքից ավելի մեծ ներկայության, «Արի տուն» ծրագրին, «Իմ Հայաստան» փառատոնի մասին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա