Կուսակցությունների մասին այսօրվա ՀՀ օրենքով ամեն ոք կարող է գտնել քաղաքական ու հասարակական հարցերում իրեն համախոհ եւս 199 հոգու ու բացել կուսակցություն: Ընդունենք, որ Հայաստանում սա անելն այնքան էլ բարդ չէ, մանավանդ որ նման` փոքրաթիվ կուսակցություն ունենալը, նախընտրական շրջաններում բավական շահավետ է, այդ թվումՙ նյութական առումով, տվյալ կուսակցության ղեկավարների համար:
Բայց նախ փորձենք տալ կուսակցություն երեւույթի ոչ պրոֆեսիոնալ սահմանումը: Այս կազմակերպությունում անդամագրվում են գաղափարապես համախոհ մարդիկ, որոնք պետության, երկրի, հասարակության ոլորտներում ունեն սեփական մոտեցումներն ու դիրքորոշումները, որոնք, իրենց հերթին, հիմնված են իրենց ընդհանուր գաղափարների, գաղափարախոսության, կանոնադրության, ծրագրերի ու նպատակների վրա: Տրամաբանորեն սա նշանակում է, որ եթե երկու կուսակցություն, ասենք, հայ-թուրքական կամ ղարաբաղյան հարցերում ունեն միեւնույն դիրքորոշումն ու քաղաքական մոտեցումը, ապա հնարավորություն ունեն միավորվելու: Ավելին, եթե այս երկու կուսակցությունները նաեւ ներքաղաքական բազմաթիվ հարցերում (եթե ոչ բոլորում) կրկին ունեն միեւնույն դիրքորոշումը, ընդգծում ենք` քաղաքական դիրքորոշումը, ասենք երկուսն էլ ցանկանում են Հայաստանում հիմնել պառլամենտական հանրապետություն, եւ այլն, ապա այս կուսակցությունների առանձին-առանձին գործելը պարզապես իմաստ չունի:
Այս ամենով հանդերձ, ամեն երկիր ունի իր յուրահատկությունները` քաղաքական դաշտի, դրա ավանդույթների ու քաղաքական տարբեր ինստիտուտների, գործընթացների կայացման առումով: Մեր երկրում, օրինակ, փոքրաթիվ անդամներով կուսակցությունները բավական տարածված երեւույթ են, իսկ նրանց կողքին շարունակում են համալրվել ու համալրվել մեծ կուսակցությունները: Օրինակ, ՀՀԿ գործիչ Էդուարդ Շարմազանովը ժամանակ առաջ հայտարարեց, որ ՀՀԿ-ն այսօր ունի 300 հազար անդամ: ԲՀԿ-ում խոսում են շուրջ 400 հազար անդամների մասին, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ ՕԵԿ 15-ամյակին հայտարարեց, որ իրենց կուսակցության անդամները 160 հազար են: Եթե ուշադիր լսենք նաեւ այլ կուսակցությունների նման հայտարարությունները, մանավանդ` ընդդիմադիր, օրինակ` ՀԱԿ կուսակցական դաշինքի, ապա Հայաստանի բնակչությունը շուրջ 10 մլն կկազմի, ընդ որում, բոլորն էլ չափահաս, քանի որ բոլորն էլ կուսակցական կլինեն: Հասկանալի է, որ իրավիճակը, մեղմ ասած, չափազանցվում է, ընդ որումՙ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցություններից:
Սակայն դառնանք մանր կուսակցություններին, պե՞տք ենք արդյոք դրանք, եթե այո, ապաՙ ո՞ւմ, եթե ոչ, ապա ո՞ւմ են խանգարում:
Քանի որ մենք խոսում ենք ոչ այնքան քաղաքականության կատեգորիաներից, կամ դրանում ընդունված ձեւերից, որքան զուտ հայկական, եթե կարելի է ասել` քաղաքական գործընթացներից, ապա նկատենք, որ հայերս ունենք հստակ բնավորություն. եթե որեւէ մեկը մեր կարծիքին չէ, ուրեմն նա ճիշտ չէ: Անշուշտ, այս կարծիքը խիստ ընդհանրական է, բայց եւ խիստ ընդհանուր, մասշտաբային: Ստացվում է, որ եթե մարդկանց մի խումբ, որը արդեն իսկ դաշտում գործող որեւէ կուսակցության սատարողների, գաղափարակիցների թվում չէ, հիասթափվում է քաղաքական գործընթացներից, ապա, որպես սրա հետեւանք, չի մասնակցում ոչ մի տեսակի համապետական կամ տեղական ինքնակառավարման ընտրությունների: Այսինքնՙ եթե մենք «փակում ենք» մանր, փոքրաթիվ կուսակցությունները, դրանով իսկ զրկում ենք մեր առանց այն էլ բազմակարծիք հասարակական խմբերին մասնակից լինելուց երկրի քաղաքական գործընթացներին: Հիմա ո՞վ է շահում այստեղ. անշուշտ իշխանությունը եւ, որպես դրա կրող, խոշոր կուսակցությունները: Քանի որ գաղտնիք չէ, որ ընտրություններից հիասթափված, սեփական կարծիքը որեւէ տեղ ու կերպ ասել չկարողացող հասարակական խմբերը պարզապես չեն մասնակցում ընտրություններին: Ընդ որում կա վիճակագրություն (այս մասին է հուշում նաեւ պարզ տրամաբանությունը), որ ընտրություններին չմասնակցողները իշխանությունների գործողություններից ամենից շատ հիասթափվածներն են ու առհասարակ հուսալքվածները: Հետեւաբար, եթե այս խմբերը մասնակցում են ընտրություններին, իսկ կարող էին եւ մասնակցել, եթե նրանց գաղափարակից փոքր կուսակցությունները լինեին, ապա քվեարկում են իշխանություններին դեմ: Այսինքնՙ փոքր կուսակցությունները «փակելով» կամ դաշտը նրանցից մաքրելով շահում է իշխանությունը. ընտրություններին գալիս են իր կողմնակիցները, այո, նաեւ խիստ ծայրահեղական տրամադրված խմբեր, սակայն հասարակության զգալի մասը ամենեւին էլ չի գալիս ընտրությունների, իսկ կգար, եթե լիներ կուսակցություն, որի գաղափարակիցն է ինքը, կամ որտեղ...պարզապես իր ընկերներն են ու իր մտերիմները:
Մյուս կողմից, սակայն, բազմաթիվ կուսակցություններ ունենալով, ավելին` բազմաթիվ կուսակցություններով, ասենք, խորհրդարանական ընտրություններ անցկացնելով, կոնկրետ մեր հասարակությունը կարող է կանգնել լուրջ մարտահրավերի առջեւ, հարատեւ` պառակտման, գոնե` զուտ քաղաքական առումով: Հետեւաբար, դժվար է ասել, թե անհրաժե՞շտ են արդյոք հայաստանյան քաղաքական դաշտին մանր կուսակցությունները. դատելով մեր ազգային նկարագրից` այո, անհրաժեշտ են, դատելով կրկին մեր ազգային նկարագրից, ոչ, անհրաժեշտ չեն:
Ամեն դեպքում, եթե մենք ապրում ենք ազատ, ժողովրդավարական երկրում, ուրեմն մենք իրավունք ունենք, ցանկության պարագայում, մասնակից լինել մեր պետության գործերին: Սրան զուգահեռ մենք ունենք իրավունք նաեւ գաղափարապես չհարելու եւ ոչ մի գործող կուսակցության, այլ ունենալու սեփական, թիմային մի գաղափարախոսություն եւ փորձել տարածել ավելի լայն շերտերի մեջ: Եվ վերջապես, թեկուզ հենց 200 հոգանոց կուսակցությունը քաղաքականապես ակտիվ է պահում հասարակության մի շրջանակի գոնե: Լավ է սա, թե՞ վատ, այլ հարց է, բայց միանշանակ է, որ հասարակության ամեն մի շրջանակ իրավունք ունի քաղաքականապես ակտիվ լինելու:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ