«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2012-03-31 | #59, 2012-04-03 | #60, 2012-04-04


ՀԱՐՑԵՐ, ՀԱՐՑԵՐ, ՀԱՐՑԵՐ...

Մեր երկրում նորից ընտրություններ են: Եվ նորից ես (ինչպես եւ շատ շատերը) փորձում եմ հասկանալ, թե որ ընտրությունը կլինի ամենաճիշտը, ամենանպաստավորը, ամենաարդարը:

Ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հասկանալ, թե ո՞ր հարցերի պատասխաններն են ինձ համար կարեւոր: Հետո գտնել այդ հարցերի պատասխանները մեր քաղաքական դաշտի հիմնական մասնակիցների մոտ եւ վերջում անել ընտրություն:

Ես հասկանում եմ, որ իմ ձայնը միայն մեկ ձայն է եւ 2 մլն-ից ավել ընտրողների մեջ եւ ունի գրեթե զրոյական նշանակություն: Եվ չեմ վիրավորվի, եթե իմ հարցերի պատասխանը ես չստանամ...

Սակայն ես իմ ընտրությունը կանեմ միայն այդ հարցերի պատասխաններն ստանալուց հետո:

Հարց I : Արդյոք քաղաքական ուժը համարո՞ւմ է, որ Հայաստանը բարելավումները պիտի սկսի իշխանափոխությունից:

Հարց II : Արդյոք քաղաքական ուժը համարո՞ւմ է, որ 2008 թվականի արյունահեղության գլխավոր պատասխանատուն ներկա իշխանությունն է:

Հարց III : Լեռնային Ղարաբաղի հարցում ո՞րն է այն սահմանը, որից այն կողմ տվյալ քաղաքական ուժը թույլ չի տա զիջում նույնիսկ իշխանությունը կորցնելու վտանգի պարագայում:

Հարց IV : Նույն հարցըՙ Հայոց ցեղասպանության կոնտեքստում:

Հարց V : Արդյոք քաղաքական ուժը համարո՞ւմ է, որ կոռուպցիան է հիմնական մեղավորը, որ մեր ժողովուրդը ապրում է այսքան ծանր վիճակում: Եթե ԱՅՈ, ապա կուզեի իմանալՙ դա կապվա՞ծ է մեր ժողովրդի հոգեբարոյական ավանդույթների հետ, թե՞ անհրաժեշտ են զուտ քաղաքական, օրենսդրական եւ կառավարչական բարեփոխումներ:

Հարց VI : 1996 եւ 2008 թվականների նախագահական ընտրություններից ո՞րը կհամարեք ավելի ընդունելի եւ ավելի ժողովրդավարական:

Հարց VII : Հայաստանը պիտի ուշ թե շուտ ձեռբազատվի՞ Ռուսաստանի «կայսերական հովանավորությունից», թե՞ ոչ: Եթե ՈՉ, ապա քաղաքական ուժը համարո՞ւմ է արդյոք, որ Ռուսաստանը ունի դրական եւ համամարդկային զարգացման ճիշտ ուղի եւ ընդունելի տեմպ:

Հարց VIII : Քաղաքական ուժը համարո՞ւմ է արդյոք, որ թշնամական շրջապատի պայմաններում (այդ թվումՙ փակ սահմաններ) մեր ժողովուրդը ունի բոլոր նախադրյալները էապես բարելավելու կյանքի որակը:

Հարց IX : Քաղաքական ուժը համարո՞ւմ է արդյոք, որ 1997 թվականին տեղի է ունեցել պետական հեղաշրջում, թե՞ համարում է, որ Հայաստանի առաջին նախագահը 1997 թվականին չէր վերահսկում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին եւ այն ինչ եղավ անհրաժեշտ էր եւ օրինական:

Սրանք են իմ հարցերը: Խնդրում եմ «Ազգ» օրաթերթի խմբագրությանը հավաքագրել բոլոր պատասխանները եւ հրապարակել թերթի էջերում:

Իսկ մինչ պատասխաններն ստանալը ներկայացնում եմ իմ պատկերացումը, թե ինչ պատասխաններ կարելի է ակնկալել մեր հիմնական քաղաքական ուժերից: Հուսով եմ, որ քաղաքական ուժերը ըմբռնումով կմոտենան այս ենթադրյալ պատասխաներին եւ կմտցնեն անհրաժեշտ ճշտումներ:

Հարցեր ՀՀԿՀԱԿ Ժառանգություն Ժառանգություն + ՆԴ ՀՅԴ ԲՀԿ
IՈՉԱՅՈԱՅՈԱՅՈԱՅՈանորոշ
IIՈՉԱՅՈԱՅՈԱՅՈՈՉՈՉ
IIIսահմանը գոյություն ունիանորոշսահմանը գոյություն ունիանհասկանալիանզիջունսահմանը գոյություն ունի
IVսահմանը գոյություն ունիանորոշսահմանը գոյություն ունիանհասկանալիանզիջունսահմանը գոյություն ունի
VՈՉԱՅՈանորոշանհասկանալիանորոշՈՉ
VI200819962008անհասկանալի20082008
VIIՈՉԱՅՈանորոշանհասկանալիՈՉՈՉ
VIIIԱՅՈՈՉՈՉՈՉԱՅՈԱՅՈ
IXՈՉԱՅՈՈՉանհասկանալիՈՉՈՉ

«ՀԱԿ» -ի եւ «Ժառանգության» համար նշված «ԱՆՈՐՈՇ» պատասխանները կապված են այն հանգամանքի հետ, որ իրենք այդ հարցերի շուրջ չեն խոսել միանշանակ կամ համոզիչ:

«Ժառանգություն + Նոր դեմոկրատներ» միավորման համար արված «ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ» պատասխանները կապված են այն հանգամանքի հետ, որ «Նոր դեմոկրատների» առկայության պարագայում անհնար է դառնում այդ պատասխանների կանխատեսումը:

«ՀՅԴ» կուսակցության համար արված «ԱՆՈՐՈՇ» պատասխանը կապված է այն հանգամանքի հետ, որ դեռեւս մնում է անհասկանալի, թե արդյոք կոռուպցիան իրենք համարո՞ւմ են գլխավոր պատճառը մարդկանց վատ կյանքի համար, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

ՎԱԼԵՐԻ ՄԱՐԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4