Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կատարում է շուրջ 37 մլն դրամի ներդրում` հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտներում
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է ոլորտի բարեփոխումներին ուղղված չորս ծրագիր եւ աջակցում «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի կայացմանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն կարեւոր է համարում սերունդների կրթությանն ուղղված ջանքերը: Հանրակրթությունից մինչեւ բարձրագույն կրթություն եւ գիտության զարգացում` գտնվում են Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ուշադրության կենտրոնում:
«Գոյություն ունեն սերունդներ կրթելու տարբեր մեթոդներ: Հավանաբար սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այդ ուղիների արդյունավետությունը բարձրացնելու ամենակարճ ճանապարհը սովորողների շրջանում գիտելիքի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելն է: Համացանցը տալիս է դրա հնարավորությունը, իսկ ժամանակակից աշխարհում ինֆորմացիոն առատությունը ստիպում է ձեռնարկել համապատասխան քայլեր: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն պատրաստակամ է աջակցության հարցում: Մենք ցանկանում ենք տեսնել մի սերունդ, որը կարող է ընտրել կրթվելու եւ զարգանալու համար եղած հնարավորություններից լավագույնը»,- ընդգծում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :
Հայաստանի 107 ավագ դպրոց ընդգրկված է համացանցում եւ 2007 թվականից օգտվում է կրթական` armedu.am պորտալից: Տեղեկատվական այդ միջավայրն այսօր Wi-Fi կապի կարիքն ունի, որը տրամադրելու է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն: Դա թույլ կտա մեծացնել առցանց հաղորդակցման հնարավորությունը, բարձրացնել մանկավարժների աշխատանքի որակը, կրճատել dasaran.am էլեկտրոնային մատյանների լրացման ժամանակ հնարավոր խնդիրները եւ ամրապնդել ուսուցիչ-աշակերտ կապը:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին աջակցելու է նաեւ ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածք ստեղծելու հարցում: Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել «Էլեկտրոնային պաշարների շտեմարան» հայալեզու կայքը, որի շահառուները դարձյալ լինելու են ուսուցիչներն ու աշակերտները:
Հաջորդ ծրագրի իրականացման անհրաժեշտությունը բխում է հանրակրթության մասին օրենքի պահանջներից: Այդ օրենքով երկու տարի առաջ սահմանվել է դպրոցների վարկանիշի որոշման պահանջ, որը նպատակ ունի գնահատելու հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության իրական արդյունքը: Ներկայումս դպրոցների վարկանիշը ձեւավորվում է հասարակական կարծիքի վրա, ինչը կարող է նաեւ սուբյեկտիվ լինել: Նոր համակարգի ներդրումը հնարավորություն կտա ներկայացնելու օբյեկտիվ իրողությունը:
Բարձրագույն կրթությանն ուղղված բարեփոխումներից կարեւորվում է Բոլոնիայի գործընթացը` եվրոպական բարձրագույն կրթության համակարգին ինտեգրումը: Այստեղ կարեւոր է դառնում բուհերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների տրամադրումը: Դա հնարավորություն է տալիս համեմատելու տարբեր հաստատությունների որակը, առավելությունները եւ ուսանողին հուշում, թե ինչպես կատարել ճիշտ ընտրություն: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն կրթական ծրագրերի կենտրոնին աջակցելու է բարձրագույն կրթության վերաբերյալ համապարփակ եւ թափանցիկ դասակարգման համակարգի ստեղծման հարցում: Իսկ բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին խրախուսելու նպատակով, աջակցելու է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին` «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի կազմակերպման համար:
Ներկայացված բոլոր ծրագրերի իրականացման համար, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն կատարելու է շուրջ 37 մլն դրամ ներդրում: