«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2012-03-31 | #59, 2012-04-03 | #60, 2012-04-04


ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է ՆԱԽԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

2000-2001-ից Հայաստանը երկնիշ տնտեսական աճ էր արձանագրում, սակայն մեծ մասամբ տնտեսության մեկ ճյուղի` շինարարության շնորհիվ: Վատ չէր, իհարկե, որ բուռն թափով շենքեր եւ այլ շինություններ էին կառուցվում, որ այս ճյուղն իր հետեւից տանում էր շինանյութերի արտադրությունը: Հարկ է նաեւ նշել, որ 90-ականների փլուզումից հետո, 2000-ականների սկզբից սկսվեցին վերականգնվել եւ զարգացման որոշակի մակարդակի հասան նաեւ արդյունաբերության առանձին ճյուղեր` սննդարդյունաբերությունը եւ ադամանդագործությունը: Եթե առաջինը կարողացավ պահպանել իր զարգացման տեմպերը, ապա երկրորդը միջազգային շուկայում տեղի ունեցող տատանումների պատճառով զգալիորեն անկում ապրեց: Եվ հիմնականը, որ պետք է նշել, պետությունը տնտեսական երկնիշ աճի ժամանակ համակարգված եւ առանձնահատուկ մոտեցում չէր ցուցաբերում տնտեսության իրական հատվածի` հատկապես արդյունաբերության նկատմամբ: Իրավիճակն այս առումով փոխվեց 2008-2009-ից:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգանաժամը ցույց տվեց, թե որքան խոցելի է տնտեսության կախվածությունը մեկ կամ երկու ճյուղից, եւ Հայաստանի կառավարությունում սկսեցին լրջորեն քննարկել արդյունաբերության եւ կոնկրետ ներդրումային ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հարցերը: Այդ աջակցության կոնկրետ դրսեւորումներից եղան մրցունակ բիզնես-ծրագիր առաջարկողների համար ընդհուպ պետական վարկեր տրամադրելը, իսկ արտադրության զարգացում եւ նոր աշխատատեղերի ավելացում ենթադրող խոշոր ներդրումային ծրագրերի համար ավելացված արժեքի հարկի 3 տարով հետաձգումը: Այս եւ պետական աջակցության այլ տեսակների իրագործմամբ դրական տեղաշարժ սկսեց արձանագրվել արդյունաբերությունում: Արդյունքներն արդեն նկատելի են արդյունաբերության ցուցանիշների մեջ` ընդ որում ոչ միայն մակրոտնտեսական ցուցանիշների մեջ, համաձայն որոնց արդյունաբերությունում անցյալ տարի արձանագրվել էր երկնիշ աճ, այլ նաեւ առանձին ճյուղերի ցուցանիշների մեջ:

Այսպես, համաձայն արդեն ամփոփված տվյալների, անցյալ տարի Հայաստանի արդյունաբերական արտադրանքի թողարկումը 16 տոկոսվ գերազանցել է նախաճգնաժամային 2008-ի թողարկման ծավալները: 2011-ին թողարկվել է 992 մլրդ դրամի արտադրանք: Զգալի աճ է ունեցել վերամշակող արդյունաբերությունը` 13 տոկոսով, հանքարդյունաբերությունը` 12 տոկոսով եւ էլեկտրաէներգիայի արտադրությունը` 22 տոկոսով:

Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի մի զգալի մասն ապահովող խմիչքների եւ սննդամթերքի արտադրությունը կազմել է 322 մլրդ դրամ: Այստեղ առավել խոշոր աճ են արձանագրել կոնյակի արտադրությունը` 38 տոկոսով, ալյուրինը` 28 տոկոսով եւ կաթնամթերքինը` 22 տոկոսով: Շաքարի արտադրությունը նախորդ տարվա համեմատ ավելի քան կրկնակի աճել է եւ 2011-ին կազմել 72 հազար տոննա:

Ադամանդագործությունը, որը որոշ ժամանակահատված դարձել էր մեր արդյունաբերության առաջատար ճյուղը, անցյալ տարի կտրուկ աճ է արձանագրել` 35 տոկոսով, իսկ թանկարժեք եւ գունավոր մետաղների արտադրությունն աճել է 13 տոկոսով: 2011-ին որոշ չափով ակտիվացել է թեթեւ արդյունաբերությունը, որտեղ թողարկվել է մոտ 5 մլրդ դրամի արտադրանք եւ ավելացել է մոտ 1000 աշխատատեղ, հասնելով 3000-ի:

Այդուհանդերձ, որոշ արտադրություններում թողարկման ծավալների անկում է գրանցվել: Մասնավորապես, 23 տոկոսով նվազել է ծխախոտի արտադրությունը, 13 տոկոսով` քիմիական արդյունաբերությունը: Վերջինիս զարգացման վրա կտրուկ ազդեցություն կունենա «Նաիրիտի» կանոնավոր գործունեությունը, սակայն դեռեւս չի հաջողվում գտնել քիմիական արդյունաբերության այդ հսկան արդյունավետ գործարկելու եւ խոշոր ներդրումներ կատարելու պատրաստակամություն ունեցող ներդնողի:

Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա անցյալ տարի արդյունաբերությունում ստեղծվել են 2700 նոր աշխատատեղեր, դրանց թիվը հասցնելով 84 հազարի: Դա 3 տոկոսով ավելի է 2010-ի ցուցանիշից, բայց դեռեւս հեռու է բնակչության մեծ մասի զբաղվածություն ապահովելու մակարդակին հասնելուց:

Այնուամենայնիվ, եթե վերլուծենք անցած 4 տարիներին կատարված քայլերը եւ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում կառավարության մշակած եւ գործարկման ընթացքում գտնվող ծրագրերը, լուրջ հավանականություն կա, որ արդյունաբերությունն առաջիկա տարիներին կշարունակի զարգանալՙ ապահովելով առավել մեծ թվով աշխատատեղեր: Հարկ է առանձնացնել հատկապես ազատ տնտեսական գոտիների ստեղծման եւ արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության զարգացման աջակցության պետական ծրագրերը: Հիշեցնենք, որ վերջինս ենթադրում է արդյունաբերության 11 ճյուղերի զարգացման կոնկրետ միջոցառումներ, ներդրումներ եւ քայլերի հաջորդականություն: Առաջին փուլում նման ուշադրության կենտրոնում կլինեն կոնյակագործությունը, դեղագործությունը եւ ճշգրիտ ճարտարագիտությունը կամ սարքաշինությունը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4