Հայոց տպագրության 500-ամյակի շրջանակում Լիբանանի «Ծաղիկ» գրական-ազգային պարբերականի խմբագրությունը (գլխավոր խմբագիրՙ Հակոբ Տյունյայան-Ասպետ Ռուբինյան) ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ իրականացրեց Նորայր Ադալյանի եւ Լեւոն Մութաֆյանի քառօրյա այցը իրենց երկիր: Մարտի 28-ին Հակոբ Տեր-Մելքոնյան հանդիսասրահում տեղի ունեցավ Եղիշե Չարենցի 115-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որտեղ Ն. Ադալյանը հանդես եկավ ընդարձակ զեկուցումով: Հաջորդ օրը նույն սրահում անդրադարձ եղավ Ադալյանի ծննդյան 75 եւ գրական գործունեության 50-ամյակինՙ Լեւոն Մութաֆյանի հանգամանալից վերլուծությամբ: Գրողին Երեւանից շնորհավորանքի խոսքեր էին հղել Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Հայֆիլհարմոնիայի փոխտնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ժակ Հակոբյանը, թատրոնի անվանի գործիչներ Երվանդ Ղազանչյանը, Արմեն Խանդիկյանը, Գալյա Նովենցը, Հակոբ Ղազանչյանը: Հանդիսություններն ուղեկցվեցին ասմունքով ու երաժշտական կատարումներով, ցուցադրվեց Չարենցի կյանքին նվիրված վավերագրական ֆիլմ:
Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հրապարակեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանը, «Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, հայ գրականության բնագավառում ունեցած ստեղծագործական նվաճումների, ինչպես նաեւ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Նորայր Ադալյանին պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով»: Դեսպանը Լեւոն Անանյանի փոխանցմամբ «Գրական վաստակի համար» վկայական եւ մեդալ հանձնեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մութաֆյանինՙ ջերմորեն շնորհավորելով պարգեւատրվածներին:
Մարտի 30-ին Հայկազյան համալսարանում Նորայր Ադալյանը եւ Լեւոն Մութաֆյանը հանդես եկան բանախոսությամբՙ «Արդի հայ գրականությունը» եւ «Ժամանակակից հայ թատրոնն ու կինոն» թեմաներով: Միջոցառումները լայն արձագանք գտան Բեյրութի հայոց մեջ: Հանդիսություններին ներկա էին Լիբանանի ազգային ժողովի հայ պատգամավորներ, գրողներ, խմբագիրներ, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ, որոնց համար թանկ են հայ գիրքը, մայրենի լեզուն, հայ գրականությունը:
Հայաստանցի մտավորականներին հյուրընկալեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Հանգամանալից զրույց տեղի ունեցավ Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերության, գրականության եւ մայրենի լեզվի դերի ու նշանակության, աշխարհասփյուռ հայության հոգեղեն միասնականության հարցերի շուրջ: Վեհափառ Տերը հյուրերին մակագրությամբ նվիրեց իր հոդվածների ստվարածավալ ժողովածունՙ «Կեանքը արժէքներով իմաստաւորել» արդիական վերնագրով:
Նորայր Ադալյանին, Լեւոն Մութաֆյանին եւ նրանց ուղեկցող անձանցՙ Հակոբ Տյունյայանին, Ազգային ժողովի պատգամավոր Շանթ Չինչինյանին եւ ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վարդան Ադամյանին ընդունեց Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյմանը: Ադալյանը նրան փոխանցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները Լիբանանի ժողովրդին եւ անձամբ մեծարգո նախագահին, ի պատասխան որի նա ասաց. «Լիբանանը սպասում է նախագահ Սարգսյանի այցելությանը մեր երկիր»:
Հայաստանյան հյուրերը դիտեցին Կիլիկիո կաթողիկոսության թանգարանիՙ միջազգային համբավ ունեցող գանձերը, եղան Զմմառի հայ կաթոլիկ միաբանության հարուստ թանգարանում ու գրադարան-մատենադարանում, որտեղ պահպանվում է 500-ամյա «Ուրբաթագրքի» մեկ օրինակ, այցելեցին Բեյրութի պատմական ու տեսարժան վայրեր: «Ծաղիկ» պարբերականի խմբագրի եռանդուն գործունեության շնորհիվ ընդամենը երեք օրերի ընթացքում Բեյրութի հայության մտավոր դասը եւ Երեւանից եկած հյուրերն ապրեցին անմոռանալի հոգեւոր պահեր Սփյուռք-Հայրենիք համագործակցության ազգային կարեւոր շրջանակում:
Թղթակից
Նկար 1. Ընդունելություն` Լիբանանի նախագահ Միշել Սլեյմանի մոտ: