Մարդու իրավունքների պահպանման առումով իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն հրապարակել է «Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական եւ հասարակական վերահսկողության հնարավորությունները Հայաստանում» զեկույց, որտեղ, գնահատականներ տալով ներկայիս զինված ուժերում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խնդիրներին, եզրակացնում է, որ ԶՈւ-ի նկատմամբ ժողովրդավարական, քաղաքացիական եւ հասարակական վերահսկողության մեխանիզմների իրականացման համար իրավական նորմերը բացակայում են: Պաշտպանական գերատեսչության գործունեության վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են, գաղտնի են պաշտպանական բյուջեի կառուցվածքը ու ոչ ռազմական նշանակության ծախսերը: Բացակայում են ներքին բողոքարկման արդյունավետ մեխանիզմները, մարդու իրավունքների խախտման դեպքերի ուղղությամբ պատշաճ քննություն չի իրականացվում եւ այլն:
Հելսինկյան ասոցիացան առաջարկում է վերոշյալ խնդիրների լուծման նպատակով ընդունել «Ներքին կարգապահական կանոնագրքի մասին» օրենքը, զինվորական կարգապահության, կոռուպցիոն դրսեւորումների եւ ռիսկերի, մահացության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ապահովել ծառայողական եւ քրեական գործերի քննություն, օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ իրականացում: Մշակել եւ պարտադիր տեղեկատվություն հրապարակել ՊՆ կողմից ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների մասին վիճակագրությունը: Առանձնացնել ՀՀ զինվորական կոմիսարիատը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ենթակայությունից եւ ներգրավել ՀՀ Պն կազմում կամ զորակոչի ապահովման նպատակով ստեղծել այն որպես առանձին գործակալություն: Երեկ զեկույցի հրապարակման առթիվ կազմակերպված քննարկմանը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի ղեկավար Արթուր Սաքունցը անդրադարձավ պայմանագրային ծառայությունը` նկատելով, որ դա փրկություն չէ. հետեւաբար անհրաժեշտ է անցնել պրոֆեսիոնալ բանակի, քանի որ այն առավել մասնագիտացած է: Սաքունցը այս առումով օրինակ բերեց եվրոպական երկրների օրինակը, որտեղ անցել են պրոֆեսիոնալ բանակի:
«Պետք չէ զուգահեռներ անցկացնել Հայաստանի բանակի եւ այլ երկրի բանակի միջեւ, ավելի ճիշտ կլինի համեմատել մեր բանակը մեր բանակի հետ` ժամանակի մեջ», առաջարկեց պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի նախագահ, նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Թեպետ յուրաքանչյուր զոհ մեծ կորուստ է նախարարության համար, սակայն նախորդ տարին մահացության դեպքերի 35 տոկոսի նվազում է արձանագրվել, ինչը Հարությունյանը լուրջ ձեռքբերում է որակում: Նա առաջարկում է զինծառայության կարգի մեջ այլընտրանք մտցնելՙ կամ պարտադիր 2 տարի ժամկետային զինծառայություն, կամ էլ 3-4 տարի պայմանագրային ծառայություն: Հարությունյանի կարծիքով այլընտրանքն ունի բազմաթիվ առավելություններ ու կնպաստի բանակի առավել ճկուն դառնալուն: Նախարարի խորհրդականն առաջարկում է պայմանագրային ծառայությունը չնույնացնել պրոֆեսիոնալ զինծառայության հետ: Դրանք տարբեր են եւ պայմանագրային զինծառայությունը պետք է պրոֆեսիոնալ բանակի հիմքը դառնա: Ինչ վերաբերում է զեկույցին, Գեղամ Հարությունյանն ասաց, որ խորհրդածության տեղիք տվող փաստեր կան, սակայն միայն զեկույցին մանրամասն ծանոթանալուց հետո կարծիք կհայտնի եզրակացությունների եւ առաջարկությունների վերաբերյալ:
«Ազգ»-ի հետ զրույցում անդրադառնալով բանակում մարդու իրավունքների խախտումներինՙ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ մարդու իրավունքների պահպանման առումով իրավիճակը բանակում շարունակում է մնալ մտահոգիչ: «Իհարկե, ամենացավոտ խնդիրների մասին խոսում է հասարակությունը: Դրանք են բանակում խաղաղ պայմաններում գրանցված մահերն ու սպանությունները, սակայն կան մի շարք այլ խնդիրներ, որոնց մասին հազվադեպ է խոսվում: Օրինակՙ զինվորներին ճիշտ, պատշաճ ժամկետում չեն զորացրում, սպայական կազմն ունի սոցիալական լուրջ խնդիրներ, չարտոնյալ մարդիկ ծառայում են ՊՆ կամ զինվորական դատախազության համակարգում»: Օմբուդսմենի գնահատմամբ` բանակը փակ հաստատություն է, եւ բնական, որ այստեղ կարող են խնդիրներ առաջանալ: «Պարզապես եղած խնդիրներն էլ բանակում սրվում են առավելապես այն պատճառով, որ կան որոշակի կանոնակարգային վատ հարաբերություններ որոշ զորամասերում, կան կոռուպցիոն դրսեւորումներ»: Անդրեասյանի փոխանցմամբ` բանակում մարդու իրավունքների խնդիրները ներկայացնելու եւ ժողովրդավարության հաստատման նպատակով երկու անգամ հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: «Հանդիպմանը ներկա էր նաեւ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:
«Սակայն այդ հանդիպման արդյունքները դեռեւս նկատելի չեն, որովհետեւ մենք իրենցից սպասում ենք քրեական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխություններ անելու վերաբերյալ կոնկրետ օրենքի նախագիծ», ասաց Անդրեասյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ