«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2012-04-04 | #61, 2012-04-05 | #62, 2012-04-06


ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՁԵՌՆՈՑ Է ՆԵՏԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ

Այսօր Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում թեթեւքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կմենամարտի WBC-ի վարկածով չեմպիոնական գոտու տեր, ճապոնացի Շինսուկե Յամանակայի հետ: Հետաքրքրական է, որ 29-ամյա Յամանական միայն մենամարտը Ճապոնիայում անցկացնելու պայմանով էր համաձայնվել ռինգ դուրս գալ Դարչինյանի դեմ: Ճապոնացի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում ընդամենը 17 մենամարտ է անցկացրել եւ առայժմ անպարտելի է: Նա տոնել է 15 հաղթանակ, 2-ն ավարտել է ոչ-ոքի: 36-ամյա Վախթանգ Դարչինյանն ավելի փորձառու է: 42 մենամարտերից նա շահել է 37-ը, կրել է 4 պարտություն, մեկ մենամարտ ավարտել է ոչ-ոքի:

Ինչպես միշտ հայ բռնցքամարտիկը լրջորեն է նախապատրաստվել առաջիկա մենամարտին ու վստահ է իր ուժերին: «Մեծ անհամբերությամբ եմ սպասում մենամարտին: Միշտ երազել եմ հանդես գալ Ճապոնիայում, որտեղ շատ երկրպագուներ ունեմ: Ջանասիրաբար եմ մարզվել, որպեսզի գեղեցիկ շոու ցուցադրեմ ու արժանանամ WBC-ի վարկածով չեմպիոնական գոտուն: Կարծում եմ հիանալի մենամարտ է լինելու: Հարգում եմ Յամանակային, քանի որ նա չի վախենում մենամարտել ինձ հետ: Նա կարող էր ավելի հեշտ մրցակից գտնել: Երբ մենեջերս ինձ հայտնեց, որ Ճապոնիայում մենամարտելու հնարավորություն կա, չհավատացի, քանի որ ոչ ոք չէր փորձի իմ հետ մենամարտում պաշտպանել չեմպիոնական գոտին: Ճապոնացի բռնցքամարտիկների մասնակցությամբ մենամարտեր դիտել եմ: Նրանք միշտ պայքարում են մինչեւ վերջին վայրկյանն ինչպես իսկական մարտիկներ: Դրա համար էլ Ճապոնիայում բռնցքամարտի մենամարտերը մեծ հետաքրքրություն են առաջացնում:

Բռնցքամարտից ոչինչ չհասկացող մարդիկ բազմիցս հայտարարել են, որ Վիկը պարտությունից հետո պետք է հեռանար սպորտից: Դոների հետ մենամարտից հետո բոլորն ասում էին, որ Վիկն այն տարիքում չէ, որ հանդես գա թեթեւագույն քաշային կարգում: Սակայն ես անվիճելի չեմպիոն դարձա հենց այդ քաշային կարգում: Ագբեկոյի հետ մենամարտից հետո էլ բոլորն այդ էին ասում, որից հետո նոր տիտղոսներ նվաճեցի: Պատրաստվում եմ եւս մեկ անգամ բոլորին ապացուցել, որ նրանք սխալվում են:

Միշտ ձգտել եմ հաղթել նոկաուտով: Ինձ համար միեւնույն է, թե ռինգում ում հետ կմրցեմ: Եթե մենեջերս ասի, որ պետք է մենամարտեմ Մայք Թայսոնի հետ, չեմ հրաժարվի: Քանի դեռ հնարավորություն կա պայքարելու չեմպիոնական գոտու համար, կռվելու եմ մինչեւ վերջին վայրկյանը: Ինձ չի անհանգստացնում կողմնակալ մրցավարությունը, քանի որ միշտ ձգտում եմ հաղթել նոկաուտով: Կհեռանամ ռինգից, երբ զգամ, որ այլեւս չեմ կարող նոկաուտով հաղթել: Ես ամենաբարդ մրցակիցն եմ ցանկացած բռնցքամարտիկի համար: Յամանական չի կարող հաղթել ինձ: Ցավում եմ նրա համար, որ ստիպված կլինի զրկվել չեմպիոնական գոտուց: Պետք է ապացուցեմ, որ դեռեւս շատ բանի եմ ընդունակ ռինգում: Իմ հարվածների պես ուժեղ հարվածներ Յամանական դեռեւս չի ընդունել»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4