«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2012-04-04 | #61, 2012-04-05 | #62, 2012-04-06


ՄԱՐԶԱՇԽԱՐՀԻ 13 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

ԱԺ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներից 13-ը մարզաշխարհի ներկայացուցիչներ են: Անշուշտ, նրանցից ամենաճանաչվածներն են ԱԺ պատգամավորներ, ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ անդամ, ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի, ԲՀԿ անդամ Նազիկ Ավդալյանը:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն գլխավորում է կուսակցության համամասնական ցուցակը, այլեւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 28 ընտրատարածքում: Իսկ ահա Ռուբեն Հայրապետյանն ընտրություններին մասնակցելու է միայն մեծամասնական ընտրակարգով: Նա ՀՀԿ-ի կողմից պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 1 ընտրատարածքում: Նազիկ Ավդալյանը ԲՀԿ-ի համամասնական ցուցակում 76-րդն է:

Մեծամասնական ընտրակարգով թիվ 14 ընտրատարածքում առաջադրվել է ԲՀԿ անդամ, «Սեւան» գյուղական մարզական հանրապետական խորհրդի նախագահ, ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը, որը ԲՀԿ-ի համամասնական ցուցակում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը:

«Սովրանո» ՍՊԸ հիմնադիր նախագահ, Գյումրիի «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը ՀՀԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է թիվ 34 ընտրատարածքում: Նա գրանցված է նաեւ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում (183-րդ տեղ):

Մարզաշխարհի ներկայացուցիչներից շատերն այսօր ԲՀԿ անդամներ են, ուստի պատահական չէ, որ հենց այս կուսակցության համամասնական ցուցակում են նրանք մեծ թիվ կազմում: ԲՀԿ առաջնորդի հետ միասին նրանց թիվը 8-ն է:

Բացի վերոնշյալներից, ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված են Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը (57-րդ տեղ), սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Հակոբ Նազարյանը (69-րդ տեղ), սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Լեւոն Գրիգորյանը (112-րդ տեղ), ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը (153-րդ տեղ) եւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը (154-րդ տեղ):

ՀՀԿ-ի համամասնական ցուցակում բացի Արման Սահակյանից, ընդգրկված են նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալներ, ՀՀԿ խորհրդի անդամներ Արսեն Քարամյանը (84-րդ տեղ) եւ Խաչիկ Ասրյանը (85-րդ տեղ): «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում մարզաշխարհը ներկայացնում է Արմավիրի մենապայքարային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի տեղակալ Գագիկ Մարգարյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4