ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հետաքրքրական մի զուգադիպությամբ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակիցներին ԿԸՀ-ն գրանցեց ապրիլի մեկին, խաբելու օրը (դա էր վերջնաժակետ), իսկ քարոզարշավի դեֆակտո սկիզբը համընկավ մեռելոցի հետ` զանազան զուգահեռներ ծնելով: Տեսնես` մայիսի վեցին ո՞ւմ համար է ղողանջելու զանգը, եւ ում համար` պարտության ահազանգը: Արդյո՞ք ընտրողը մնացել է նույնը, ինչ հինգ տարի առաջ էր, եւ գերադասելու է խմբային շահը, նյութական շարժառիթը, կամ ասելու է` մեկ է, իմ ձայնը ոչինչ չի որոշելու: Արդյո՞ք կուսակցությունները կարողացան երկրի իսկական քաղաքացուն այս վերջին տարիներին վերջնականապես կոտրել ու վերածել կոորպորատիվ սուբյեկտի, որին առաջնորդողը միայն ու միայն հատվածական մտածողությունն է, կուսակցական նեղմտությանը տուրք տալը, եւ այն, ինչ տեսանելի է բոլոր կուսակցություններին մի վերին դիրքից միատեղ նայողին, մեր քաղաքացիներից շատերի համար անտեսանելի կմնա:
Այսպես թե այնպես` մտանք պաշտոնական քարոզարշավի փուլ, եւ երեկ, մեռելոցի օրը քարոզչական գործունեություն ծավալողներ եղան, ինչպես, ի դեպ, նաեւ Զատիկին, քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը: Հանրագումարի բերելու բան կա: Նախ` «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» քարոզարշավի շնորհանդես արեցին «Մարիոթ-Արմենիայում», արեւմտյան քաղաքական մշակույթի հանգույն. «Մայիսի յոթին զարթնելու ենք մի երկրում, որտեղ իշխանության տերը քաղաքացին է լինելու», հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` նկատի ունենալով իրենց հաղթանակը ե՛ւ մեծամասնականով, ե՛ւ համամասնականով: Իսկ ահա Անահիտ Բախշյանինՙ շնորհակալություն, կոնկրետ հավակնություն մատնանշեց` հասարակությանը կրկին ծառայելու համար առնվազն հիսուն տոկոս ձայն է պետք. գալի՞ս ենք, միասին սարերն ենք շարժելո՞ւ. հարցական նշաններով սահմանափակվենք` խուսափելով Ր. Հովհաննիսյանի «կեղծ հայրենասերներ, ստոր վերլուծաբաններ, չարախոսներ» որակումների ակամա հասցեատերը դառնալուց:
Այս անգամ փրկվեցինք, մանավանդ` «Ժառանգության» երեկվա քարոզչական տեսահոլովակը ակնահաճո կարելի է համարել, ով ասես կար` Էլ Ռուբեն Հախվերդյան, էլ Ձախ Հարութ, եւ Րաֆֆին էլ քոչարի էր պարում:
«Ոչ մի ձայն ռեժիմին», ասում էր ՀԱԿ նախընտրական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը երեկ, մի հարցազրույցում` ռեժիմի տակ հասկանալով ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին միայն. եթե ԲՀԿ-ն չի սահմանազատվում ռեժիմից, այլ հնազանդվում է, ուրեմն վերեւի կարգախոսը նշանակում է ոչ մի ձայն ԲՀԿ-ին` սա մեկ սիլլոգիզմ Լ. Զուրաբյանից մեզ նվեր: Ահա հաջորդը նույնպես. եթե որեւէ քաղաքական ուժ զբաղվում է ոչ թե ռեժիմի քննադատությամբ, այլ ընդդիմադիր ուժերին է քննադատում, նա դառնում է ռեժիմի կողմնակից: Մի խոսքով` համախմբվենք ռեժիմի դեմ, առաջարկում է ՀԱԿ նախընտրական շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը: Իսկ ահա ՀԱԿ-ի երեկվա տեսահոլովակը մի անգամ եւս երեւակեց` խորհրդարանական ընտրություններում հաղթանակը այս ուժը նախապայման է դիտում նախագահական ընտրությունների գնալու համար, այս միտքը վերահաստատող կտորներ էին վերցված Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի հանրահավաքային ելույթներից:
Ընդհանրապես առաջին հեռուստաքարոզչական տեսանյութերը դեռ անսովոր են ականջի ու աչքի համար, քանի որ նրանց պաթոսին առաջին երկու օրը դժվար է սովորել, ու այդ պատճառով անսովորությունները նկատում ենք. եւ «ժառանգության» ղեկավարի` «փիս» խոսքերի սպասումը, եւ նրա «ոչերը»` մուրաբային, թունաքիմիկատին, փողին եւ իշխող կուսակցություններին: Սովորում ենք, որ այլեւս հանրապետական Շուշան Պետրոսյանի երգը քարոզչանյութ է հավատքի մասին` ՀՀԿ տեսահոլովակում, իսկ ՀՀԿ-ական ընթերցմամբ` եկիրը երկիր է, ու ներսի լույսը վառ պահող Հայաստանի մասին պետք է խոսել. մի խոսքով`«Հավատա, որ փոխենք»` ՀՀԿ-ական ներկայով` վարչապետ ու նախարար, իսկ դե իսկ ՀՀԿ-ական անցյալն էլ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի պատկերով:
ԲՀԿ առաջին տեսահոլովակը հրավիրում էր` «Միացիր մեզ, միացիր «Բարգավաճ Հայաստանի» հզորացող բանակին»: Կադրերը` ԲՀԿ վերջին համաժողովից, ԲՀԿ առաջնորդի հանդիպումներից, արտագաղթի դեմն առնելու, տնտեսություն զարգացնելու ծրագրային դրույթները ներառող բովանդակությամբ: Իսկ երկրորդը` Աբովյանում ԲՀԿ նախընտրական ծրագիր ներկայացնող Գագիկ Ծառուկյանին է պատկերում, որը խոսում է հասարակ մարդուն հասկանալի լեզվով` խոսք եւ գործի համապատասխանության հայտնի դրույթ, իր տունը պահել կարողացող հայ մարդու սատարում:
Իսկ թե ի՞նչ էր ակնարկում Գագիկ Ծառուկյանը, երբ Աբովյանում, ապրիլի ութին, ԲՀԿ քարոզարշավի մեկնարկին հայտարարում էր, թե «ծանր ու դժվար է այսօր իր համար, սակայն պատրաստ է կորցնել ամեն ինչ, բայց ժողովրդի հավատքը սրբությամբ պահպանել», երեկ գլուխկոտրուկի տեղիք էր տվել մերձքաղաքական շրջանակներին: Այս իմաստով թերեւս հետաքրքրական է ԲՀԿ-ի հետ կապ չունեցող ուժի` «Ժառանգության» ղեկավարի այն միտքը, որն այդ ուժի քարոզարշավի առաջին տեսահոլովակում էր, թե պետք է շնորհակալություն հայտնել երեք նախագահներին եւ առաջ նայել: Ծառուկյանին, սակայն, այս կարգի ուղերձը հազիվ թե պետք գա, նա հավանաբար նկատի ունի այլ բան` այն հույսը, որ ամենատարբեր ուժեր կապում են նրա գլխավորած ուժի հովանավորությունը ստանալու եւ իրենց գործերը կարգի գցելու համար, նրան անշուշտ, անհարմարություն է պատճառում, ու գուցե նա հասկացնում է, որ իր ձեռքով ոչ ոք թող կրակից շագանակ հանելու հույս չունենա` նա իր ընտրողի քվեն է տեղ հասցնելու, այնպես որ միգուցե Լեւոն Զուրաբյանի «հաթաթաներն» էլ բոլորովին իզուր են:
Դեպի ազատ, արդար եւ բարեկեցիկ Հայաստան առաջնորդելու կամք ունեցող Դաշնակցությունը` տեսահոլովակում, երեկ էլ 147-քայլանոց իր նախընտրական ծրագրի շնորհանդեսին ոլորտային եւ ընդգրկուն լուծումներ է առաջարկում` ամեն ինչի վերաբերյալ, ազգային հարցերում արմատական է` մինչեւ Նախիջեւան ու Վուդրո Վիլսոնի քարտեզ, իսկ կոնկրետ այս ընտրությունների միջոցով` համակարգային իշխանափոխություն իրականացնելու: Երեկվա տեսահոլովակում էլ բավական մեծ ու սոցիալական ուղղվածության նախընտրական ծրագրից բավական շատ դրույթներ էին ընթերցվում, իսկ այսօր երեկոյան հանրահավաք է անցկացնելու «Ազատության» հրապարակում
ՕԵԿ-ի` նախընտրական մեկնարկի հանրահավաքի` հեռուստամոնտաժային բլոկից տպավորվեց «Վստահեք, որ կառուցենք Օրինաց Հայաստան»-ը, եւ նորաթուխ ՕԵԿ-ական Դավիթ Կարապետյանի`«Պատգամավորը ասֆալտ անելու համար չէ, դիզվառելիք բաժանելու համար չէ, ասֆալտը քանդվելու է, իսկ այդ պատգամավորի ձայնը եւ ծպուտը հետո չի լսվելու ԱԺ-ում» խոսքը մտապահվեց` գուցե «ծպուտի» պատճառով, եւ Ֆորշի երգը` «Սա մեր Արթուրն է, Բաղդասարյանը...»: Երեկ էլ ՕԵԿ առաջնորդը տեսահոլովակից ընտրողին խոստանում էր ավանդների լիարժեք վերադարձ, ազգի դեմոգրաֆիական անվտանգություն...
Դու մի ասա` երրորդ ուժ է մասնակցում ընտրություններին, ու դա ոչ «Ժառանգությունն» է, ոչ ՀՅԴ-ն, կամ ծայրահեղ դեպքում`«Ազատ դեմոկրատները», այլ` «Միավորված հայերը» եւ նրա ղեկավար Ռուբեն Ավագյանը, եւ դա պարզ է դառնում այս քաղաքական ուժի քարոզչական հոլովակից:
Կոմկուսը, իր տեսահոլովակը վկա, ընտրել է սոցիալական գովազդ անելու ուղին, որն ի դեպ արդեն իսկ օրենսդրությամբ էժան է քաղաքական գովազդից եւ համարյա ջրի գնով կարելի էր տեղադրել հեռուստաեթերում, եթե կոմկուսը դա չհամարեր իր քաղաքական գովազդը. Ռուբեն Թովմասյանը, իր տեասահոլովակի հակադրությունների ֆոնին` առաջարկում է բարեկեցիկ անցյալը հիշել ու նայել ապագա` Կոմկուսին ընտրելով:
Դեմկուսն այսօր է պաշտոնապես քարոզարշավ սկսելու` պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը: Չնայած` Դեմկուսի առաջնորդ եւ համամասնական ցուցակի առաջին համար Արամ Սարգսյանի երեկվա ասուլիսը ինչո՞վ քարոզարշավի մեկնարկ չէր, քանի որ նա նախընտրական ծրագրի որոշ ուղղությունների մասին խոսեց: Եվ երեկվա քարոզչական տեսահոլովակում էլ Դեմկուսի առաջնորդը ստվերային համակարգը կազմաքանդելուց եւ քաղաքացու հանդեպ պետության սոցիալական պարտավորություններից էր խոսում:
Հավարտ` մի անգամ եւս հիշեցնենք մեր քաղաքական ուժերի նախընտրական գլխավոր կարգախոսները.
ՀՀԿ. «Հավատանք, որ փոխենք»
ԲՀԿ. «Հավատա, վստահիր, պահանջիր»
ՕԵԿ. «Վստահեք, որ կառուցենք օրենքի երկիր»
ՀՅԴ. «Ազատություն, արդարություն, Դաշնակցություն»
«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ». «Գալիս ենք», «Միասին սարեր ենք շարժելու»
Դեմկուս` «Ես` մենք ենք, հաղթենք միասին»: