«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2012-04-06 | #63, 2012-04-07 | #64, 2012-04-10


«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՔԻԱԹՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐԸ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ»

Փարիզում հայտարարել է Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Բահչելին

«Ազգի» նախորդ համարում նշել էինք, որ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւելթ Բահչելին մեկնում է Փարիզՙ ժխտելու Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 7-ին այնտեղ նա, մասնակցելով Ֆրանսիայում գործող Թուրքական միությունների ֆեդերացիայի 10-րդ համագումարին, ելույթ է ունեցել: «Գորշ գայլերի» խոսափող «Ենի չաղ» թերթի վկայությամբ, Բահչելին խիստ քննադատել է Հայոց ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագիծը, ապա ընդգծել է, որ օրինագծի մերժումը Ֆրանսիայի Սահմանադրական դատարանում խորը հիասթափություն պատճառեց հայկական սփյուռքին:

Այս համագումարին, ըստ թուրքական թերթի, մասնակցել են 10 հազար թուրքեր, որոնց դիմելիս Բահչելին օրինագիծը համարել է «բարի կամքի հետ անհամատեղելի, հիմքից զուրկ զառանցանք եւ զրպարտություն»: Այնուհետեւ նա ասել է. «Եթե օրինագիծը մերժված էլ չլիներ Սահմանադրական դատարանում, միեւնույն է, ես այս ճշմարտությունները ավելի մեծ եռանդով ու ոգեւորությամբ արտահայտելու էի այստեղ: Ովքեր տարված են այսպես կոչված ցեղասպանության հեքիաթով, որի շուրջը աշխարհով մեկ աղմուկ-աղաղակ են բարձրացնում, թյուրիմացության եւ մոլորության մեջ են: Անշուշտ, ամաչելու են նրանք, ովքեր ջանում են հայկական սփյուռքի առաջադրանքով դատապարտյալի աթոռին նստեցնել մեր ազգին»:

Փետրվարի 26-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում հարյուրհազար մարդ էր հավաքվել: Հավաքվածների ձեռքին «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» մակագրությամբ ցուցապաստառներ էին: Միաժամանակ նրանք հիանում էին Օգյուն Սամասթ կոչեցյալ ստոր մարդասպանով եւ իրենց հիացմունքն արտահայտելու համար վերջինի պես սպիտակ բերետ էին կրում: Տարածաշրջանում գերտերության դերին հավակնող եւ տարածաշրջանի երկրների համար որպես մոդել առաջադրվող Քեմալ Աթաթուրքի աշխարհիկ ժողովրդավար Թուրքիայի կառավարությունը չէր կարող դատապարտել հարյուրհազարանոց ոհմակի մեկ այլ ժողովրդին վիժվածք անվանելու եւ ստոր մարդասպանին փառաբանելու արարքը, քանզի ինքն էր կազմակերպել այդ հանրահավաքը: Ավելին, ներքին գործերի նախարարին էլ ուղարկել էր, որ ելույթ ունենա:

Ինչ վերաբերում է Դեւլեթ Բահչելիին, ապա հայերին վիժվածք անվանելն ու մարդասպանով հիանալը նրա համար շատ փառապանծ թուրք ազգի զգոնության դրսեւորումը պետք է լինի: Քանի որ նրա կուսակցությունը մարմնավորում է հենց այս կարգի զգոնությունը, ուստի նա առավել եւս չպետք է ամաչեր, չունենալով առանձնապես ամաչելու կարողություն: Համենայն դեպս, 90-ականների կեսերին, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Թանսու Չիլլերը, Թուրքիայի ազային մեծ ժողովի ամբիոնից ի դեմս «Մեծ միասնություն» կուսակցության պատգամավորների, «գորշ գայլերին» դիմելիսՙ ասաց. «Ես ամաչում եմ իմ մարդկությունից, որովհետեւ մարդ եք համարվում նաեւ դուք, լինելով մինչեւ կոկորդը արյան մեջ թաղված մարդասպաններ»:

Թեեւ Չիլլերն անձամբ Բահչելիին չէր դիմել, բայց նա նկատի էր ունեցել «գորշ գայլերին», իսկ Բահչելիի Ազգայնական շարժում կուսակցությունը «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությունն էր:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4